Հինգշաբթի՝ մայիսի 30-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան շրջափակում, ժողովրդական տօնախմբութեամբ նշւեց Մայիսեան գոյամարտի արդիւնքում հիմնադրւած Հայաստանի առաջին Հանրապետութեան 106-ամեակը:
Սկզբում «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի անդամների միջոցով շրջափակ բերւեց Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշը, որից յետոյ տեղի ունեցաւ դրօշի արարողութիւն եւ Հանրապետական մաղթանք՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանի նախագահութեամբ եւ թեմի Եկեղեցական դասի մասնակցութեամբ. այս բաժինն աւարտւեց ՀՀ հիմնի ունկնդրութեամբ: Արարողութեան ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արբի Բաբումեանի:
Ծրագիրն շարունակւց երեկոյի հաղորդավար Շաղիկ Մատթէոսեանի խօսքով, ով կարեւորութեամբ ընդգծեց. «Մայիսեան հերոսամարտը հաւաքական ուժի եւ ազգային միասնութեան յաղթանակն էր, ցաւօք սակայն այսօր մեր ազգային ամենամեծ ու ամենաիմաստալից տօներից մէկը նշում ենք ճգնաժամային պայմաններում: Պետականութեան կորստի վտանգը չափազանց լուրջ է: Ստորացած ու ծնկի եկած իշխանութեան ղեկին գտնւող վարչախումբը անտեսելով մեր հայրենիքի շահերը կատարում է թշնամու բոլոր պահանջները… Ուրախալի փաստն այն է սակայն, որ ժողովրդի յուսահատութիւնն իր տեղը զիջել է ըմբոստութեան ու զարթօնքի։ Մեր գիտակից ժողովուրդը սփիւռքում եւ հայրենիքում բարձրաձայնում է՝ թոյլ չե՛նք տալու մեր հայրենիքը դարձնել ձեր առեւտրի նիւթը, որովհետեւ մենք գիտենք մեր հայրենիքի արժէքը»:
Այնուհետեւ թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը, Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանը, թեմի Պատգամաւորական ժողովի եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ՝ Նոէլ Մինասեանն ու Զաւէն Սիմոնեանը, Թեմական խորհրդի ատենադպիր Ռայեա Խուդավերդեանը, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանը եւ օրւայ բանախօս, պատմական գիտութիւնների դոկտոր-պրոֆեսոր Խաչատուր Ստեփանեանն ընդունեցին թեմի ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի, հայոց ազգային դպրոցների աշակերտութեան եւ պատասխանատուների, միութիւնների եւ յանձնախմբերի շքերթ տողանցքը:
Օրւայ բանախօս Խաչատուր Ստեփանեանն իր ելոյթում անդրադառնալով Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ Ապարանի հերոսամարտերի յաղթանակների արդիւնքում կերտւած հայոց պատմութեան պանծալի իրադարձութեանը՝ Հայաստանի առաջին Հանրապետութեան հիմնադրմանը աւելացրեց, որ 1918-ին հայ ժողովուրդը կարողացաւ համախմբւել «Յանուն պետականութեան» գաղափարի շուրջ եւ յաջողեց ծանր զոհողութիւնների գնով ոչ միայն վերականգնել անկախ պետականութիւնը, այլ նաեւ հիմք ստեղծել յետագայ հայկական պետականութիւնների համար:
Նա իր խօսքի շարունակութեան մէջ աւելացրեց. «Թէեւ շատ չանցած Հայաստանը խորհրդայնացւեց, սակայն առաջին հանրապետութեան խորհուրդը շատ մեծ էր, քանի որ եթէ չլինէր այն, չէինք ունենայ Խորհրդային Հայաստանը եւ Հայաստանի երրորդ Հանրապետութիւնը: Առաջին հանրապետութեան խորհուրդը կարեւոր է նաեւ սփիւռքի համար: Ցաւօք սրտի այսօր թուրքական եւ ադրբեջանական պետութիւնների ազդեցութեան տակ գտնւող, նրանց բոլոր քմահաճոյքները իրականացնող Հայաստանի իշխանութիւնները վտանգում են Հայաստանի սահմաններն ու ազգային նկարագիրը եւ լրջօրէն սպառնում են ազգային եկեղեցին, որը հանդիսանում է մեր ազգային ինքնութեան կարեւոր բաղադրիչը»: Նա յոյս յայտնեց, որ ժողովրդի վճռական կամքի, քաղաքական ուժերի եւ եկեղեցու առաջնորդութեամբ հայ ազգը կը յաղթահարի արհաւիրքը, կը փրկի պետականութիւնը, կը վերականգնի Արցախը եւ ի վերջոյ կը կերտի ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանը:
Տօնախմբութեան գեղարւեստական բաժնում ազգային-յեղափոխական երգերով ներկաներին ոգեշնչեց ժողովրդական երգիչ Մաւր Մկրտչեանը:
Երեկոյի եզրափակիչ ելոյթն ունեցաւ Տ. Սիփան արք. Քէչէճեանը: Նա շեշտելով, որ թէեւ մարմնապէս այստեղ ներկայ ենք, սակայն օրհասական պայմանների պատճառով հոգեպէս գտնւում ենք հայրենիքում, թւարկեց վերջին ժամանակներում կեղծ խաղաղութեան խոստումի ներքոյ իրականացւած զիջողականութիւնները եւ շեշտեց, որ ոչ թէ պէտք է թշնամուն ցոյց տանք իւրայատուկ վերաբերմունք, այլ պէտք է ցոյց տանք փոխադարձ վերաբերմունք՝ պաշտպանելով մեր իրաւունքները, սահմանները, հայրենիքն ու սրբութիւնները:
Սրբազան Հայրն իր խօսքի աւարտին իր, թեմի հոգեւորականաց դասի, ժողովականութեան եւ ժողովրդի անունից ցաւակցական խօսք ուղղեց Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ Էբրահիմ Ռէյիսիի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան դառնաղէտ մահւան համար եւ կոչ արեց թեմիս ժողովրդին խուռներամ շարքերով մասնակցել Իրանի առաջիկայ նախագահական ընտրութիւններին:
Ծրագիրն աւարտւեց աւանդոյթ դարձած հրավառութեամբ:
Թղթակից (Նոր Ջուղա)