Գիտնականները հերքել են երկարակեցութեան առանցքային գաղտնիքի առասպելը

Երիտասարդութեան շրջանում ֆիզիկական դիմացկունութիւնը երկարակեցութեան միակ որոշիչը չէ, ինչպէս շատերը նախկինում ենթադրում էին։ Journal of Preventive Cardiology-ում (Եւրոպական կանխարգելիչ սրտաբանութեան հանդէս) հրապարակւած հետազօտութիւնն անսպասելի նրբերանգներ է յայտնաբերել դեռահասների ֆիզիկական պատրաստւածութեան՝ կեանքի տեւողութեան վրայ ազդեցութեան վերաբերեալ համընդհանուր պատկերացումներում։
Շւեդ գիտնականների մի խումբ լայնածաւալ վերլուծութիւն է անցկացրել 18 տարեկանում պարտադիր բժշկական զննում անցած մէկ միլիոնից աւելի տղամարդկանց տւեալների վերաբերեալ, գրում է Planet Today-ը։ Սկզբնական արդիւնքներն իսկապէս հաստատել են տարածւած կարծիքը. ֆիզիկապէս աւելի առողջ երիտասարդներին աւելի քիչ է մահ սպառնում ինչպէս հիւանդութիւններից, այնպէս էլ դժբախտ պատահարներից՝ մասնաւորապէս աւտովթարներից։
Սակայն, հէնց բարձր ֆիզիկական պատրաստւածութեան եւ պատահական պատճառներով մահացութեան նւազման միջեւ կապն էլ հետազօտողներին ստիպեց կասկածի տակ առնել ուղղակի պատճառահետեւանքային կապը։ Տրամաբանական է ենթադրելը, որ մարմնի ֆիզիկական պատրաստւածութիւնը չի կարող ուղղակիօրէն պաշտպանել մարդուն այնպիսի պատահարներից, ինչպիսիք են խեղդւելը կամ աւտովթարը։
Գենետիկական եւ սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցութիւնը բացառելու համար գիտնականները հետազօտութեան մէջ նորարարական մօտեցում են կիրառել. նրանք համեմատել են կեսնունակութեան մակարդակները ոչ միայն տարբեր մասնակիցների, այլեւ քոյր-եղբայրների միջեւ։ Այս եղանակը հնարաւորութիւն տւեց պարզելու, որ կեանքի տեւողութեան վրայ զգալիօրէն ազդում են նաեւ այլ գործօններ՝ կրթութեան մակարդակը, ընտանեկան սովորոյթները, ֆինանսական վիճակը եւ սոցիալական կարգավիճակը։
Հետազօտողներն ընդգծում են, որ իրենց աշխատանքը ոչ մի կերպ կասկածի տակ չի դնում ֆիզիկական ակտիւութեան՝ առողջութեան համար օգտակար յատկութիւնները։ Ընդսմին, գիտնականները ենթադրում են, որ ֆիզիկական պատրաստւածութեան՝ երկարակեցութեանը նպաստելու նախկին գնահատականները կարող են զգալիօրէն գերագնահատւած լինել՝ շփոթեցնող գործօնները բաւարար չափով հաշւի չառնելու պատճառով։ Նոր տւեալների լոյսի ներքոյ գիտնականները կոչ են անում վերանայելու բացառապէս դեռահասների ֆիզիկական պատրաստւածութեան բարելաւմանն ուղղւած պետական ծրագրերի մշակման մօտեցումները։
Ուշագրաւ է, որ վերջերս կատարւած այլ հետազօտութիւններ երկարակեցութեան լրացուցիչ անսպասելի գործօններ են բացայայտել։ Օրինակ, հաստատւել է յարաբերակցութիւնը մարդու խօսքի ազատութեան եւ օրգանիզմի ծերացման դանդաղ տեմպի միջեւ։ Անսպասելիօրէն լեզւական կարողութիւնները կեանքի տեւողութիւնը կանխատեսող ցուցանիշ դուրս եկան։
news.am