Խաչվերացի տօնակատարութիւն եւ Ռեհանազարդ խաչով անդաստան Ատրպատականի հայոց թեմում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Կիրակի, սեպտեմբերի 13-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Ատրպատականի հայոց թեմում, Թաւրիզ եւ Ուրմիա քաղաքների մեր եկեղեցիներում սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց, իսկ աւարտին տեղի ունեցաւ աւանդական անդաստան ռեհանազարդ խաչով, հայ եկեղեցու հինգերորդ տաղաւար տօնի՝ Խաչվերացի առիթով:
Տարիների աւանդութեան համաձայն, հինգ տաղաւար տօներից վերջինը՝ Ս. Խաչի վերացման տօնը Թաւրիզում տօնախմբւում է Մարալան թաղամասում գտնւող Ս. Աստւածածին դարաւոր ուխտավայր մատուռում, որտեղ մատուցւում է հանդիսաւոր սուրբ պատարագ:
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը դարաւոր մատուռում մատոյց Սուրբ եւ Անմահ Պատարագը եւ թեմի ժողովրդին յղեց իր պատգամը: Ուրմիայի Ս. Ստեփանոս ծխական եկեղեցում պատարագեց եւ քարոզեց՝ Տ. Մարտիրոս քհնյ. Ղուկասեանը: Թաւրիզում սուրբ պատարագի երգեցողութիւնը կատարւեց «Կոմիտաս» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի. իսկ Ուրմիայում Ս. Պատարագը երգւեց «Նարեկացի» երգչախմբի կողմից, ղեկավարութեամբ Էլիզաբէթ Սարհադեանի: Թաւրիզում Առաքելական նամակի ընթերցումը կատարեց Քարմէն Աբրահամեանը, իսկ Ուրմիայում՝ Անահիտ Բաբախանեանը:
Մարալան թաղամասում 15-րդ դարում թաւրիզահայութեան միջոցով կառուցւած սոյն ուխտավայրը, տարւայ ընթացքում հինգ անգամ բացում է իր դռները հաւատացեալների առջեւ, որոնք իւրայատուկ հաւատքով են մտնում սոյն ուխտավայր մատռան դռնից ներս: Յայտնենք, որ ուխտաւորների ամենասիրած վայրը մատուռում, դրա խորանի յետեւի մասն է, որտեղ հաւատքով խիճեր են կպցնում աղիւսներին, որոնցից շատերը մնում են պատի վրայ ամրացած վիճակում…:
Թեմակալ առաջնորդը իր պատգամը յղեց ներկայ հաւատացեալներին, պատմական ակնարկ կատարելով ներկայացրեց խաչափայտի գերեվարումը Երուսաղէմից Խոսրով Փարւիզ արքայի կողմից 614 թւականին, եւ 14 տարիներ, մինչեւ 628, Թաւրիզի բերդում ի պահ դրւելը. «Միշտ շեշտում ենք մեր բախտաւոր լինելը, որ ապրում ենք պատմական մի շրջանում, որտեղ երկար տարիներ պահպանւել է Սուրբ Խաչը: Մենք՝ թաւրիզահայերս, ապրում ենք Յիսուսի Սբ. Խաչի գերեվարման քաղաքում, եւ ամէն օր օրհնւում նրա հեռակայ յիշատակով…: 628 թւին, Բիւզանդիոնի Հերակլ կայսեր գլխաւորած հսկայ բանակով, Պարսկաստանը պարտութեան է մատնւում եւ խաչափայտը վերադարձւում է Երուսաղէմ: Հայկական բանակից մի զօրագունդ՝ Մժեժ Գնունու գլխաւորութեամբ, մասնակցել է այս մեծ ճակատամարտին: Ճանապարհի վրայ նախ Կարինում եւ դէպի Երուսաղէմ բոլոր երկրների գլխաւոր քաղաքներում Քրիստոսի սուրբ Խաչը բարձրացւում է եւ ժողովուրդը երկրպագում դրան»:
Իր պատգամի ընթացքին, առաջնորդ Սրբազան հայրը շեշտեց Խաչի նւիրւած աղօթքների կարեւորութիւնը, դրա զօրութիւնը բերելու բոլոր կարիքաւորների օգնութեան՝ հիւանդութիւններից սկսած, մինչեւ աշխարհի խաղաղութեան ի խնդիր:
Սուրբ Պատարագից անմիջապէս յետոյ, ուխտավայր մատուռում կատարւեց անդաստանի արարողութիւնը, ռեհանազարդ խաչով: Խաչափայտի փոխարէն եկեղեցուն պատկանող արծաթեայ խաչով կատարւեց անդաստանը, եւ ապա ժողովուրդը դրա վրայ ռեհանները, որոնք Խնամակալ մարմինը գեղեցկօրէն դասաւորել էր, իր հետ տարաւ իր տունը:
Ուրմիայի մէջ եւս Սուրբ Պատարագից յետոյ տեղի ունեցաւ անդաստան, երբ Տէր հայրը եկեղեցու դասում անդաստան կատարեց, օրհնելով աշխարհի չորս ծագերը: Ուրմիայում, նոյնպէս, տեղի Խնամակալ մարմինը արծաթեայ քանդակազարդ խաչ էր յարդարել ռեհաններով, օրւայ խորհուրդը պատկերելու համար:
Նշենք, որ Թաւրիզի եկեղեցիների Կանանց Խնամակալ մարմինը յատուկ ճաշկերոյթով պատւեց առաջնորդ Սրբազան հօր եւ Ազգային Իշխանութեան ներկայ անդամներին, Մարալանի այգում գտնւող տաղաւարի ներքեւ: Այստեղ Պատգամաւորական ժողովի ատենապետուհի Արմինէ Վահրամեանը ողջունեց Սրբազան հօրը, եւ լաւագոյն մաղթանքը ներկայացրեց, շարունակելու համար իր ազգանւէր ծառայութիւնը:
Սրբազան հայրը իր հերթին, բարձր գնահատեց Ազգային իշխանութեան եւ յատկապէս Եկեղեցիների Խնամակալ կանանց առաքելութիւնը, եկեղեցին ու Թեմը միշտ կանգուն պահպանելու ի խնդիր: Մինչեւ երեկոյեան ժամերը, ժողովուրդը մնաց դարաւոր եկեղեցու այգում, վայելելով զով օդը:







