Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լեւոն Զուրաբեան. «Ամենայն յարգանքով Ֆրանսիայի եւ նրա ներկայացուցիչների նկատմամբ՝ ես պէտք է ասեմ՝ տւեալ դէպքում դեսպանը սխալւել է»

«ԱԼԻՔ» – Ամենայն յարգանքով եւ համակրանքով Ֆրանսիայի եւ նրա ներկայացուցիչների նկատմամբ՝ ես պէտք է ասեմ, որ տւեալ դէպքում դեսպանը սխալւել է: Այս մասին «Ազատութեանն» ասաց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետորսեանի պաշտօնավարման ժամանակ խօսնակի պաշտօնը զբաղեցրած Լեւոն Զուրաբեանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի դեսպանի աղմկայարոյց յայտարարութեանը:

«Ըստ երեւոյթին, ինքը չգիտի, եւ այդ դէպքում ես իրեն խորհուրդ կը տայի, որ ինքը վեր հանի այն ժամանակւայ փաստաթղթերը»,- ասաց Զուրաբեանը: Այս մասին տեղեկացնում է news.am-ը:

Նա Ֆրանսիայի դեսպանին յորդորում է նախ ծանօթանալ Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ արւած վերապահմանը, որով եւ Հայաստանի Գերագոյն խորհուրդը վաւերացրել է Ալմա-Աթայի հռչակագիրը: Ըստ այդմ՝ Անկախ պետութիւնների համագործակցութիւնը բաց է նաեւ ԽՍՀՄ նախկին ինքնավար կազմաւորումների համար, որոնք անցկացրել են անկախութիւն հռչակելու վերաբերեալ համաժողովրդական հանրաքւէ: Իսկ Արցախը մինչ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրումը՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին արդէն Անկախութեան հանրաքւէ էր անցկացրել եւ հռչակել իր անկախութիւնը: Ի դէպ, Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ ընդհանրապէս այս փաստաթղթի կողմ չի եղել եւ դրան միացել է միայն 1993-ին:

«Ես չեմ ցանկանում մտնել մոտիւացիաների մէջ, այստեղ ամենակարեւոր բանը, որ դեսպանը չի տեսել, հետեւեալն է, որ այնուամենայնիւ, կար հակամարտութիւն, եւ այդ հակամարտութեան լուծման համար ստեղծւել էր Մինսկի խումբ, որի համանախագահներից մէկը Ֆրանսիան էր, եւ այդ հակամարտութեան հիմքը հէնց այն էր, որ Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը տարբերւող տեսակէտներ ունէին նրա մասին, թէ ինչը պիտի լինի Լեռնային Ղարաբաղի մասին վերջնական կարգավիճակը: Այն պահից, երբ Պրահայում Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, դա նշանակում էր Մինսկի խմբի համանախագահութեան ներքոյ անցնող բանակցութիւնների աւարտ, որովհետեւ հակամարտութեան գլխաւոր առարկան սպառւեց», – ասաց ՀԱԿ փոխնախագահը:

«Այ սա է խնդիրը, սա էր, որ բերեց ի վերջոյ նրան, որ իրականացւեց էթնիկ մաքրումը, որովհետեւ այլեւս Ադրբեջանը այդ պահանջը դրեց ե՛ւ Ռուսաստանի առաջ, ե՛ւ Հայաստանի առաջ, ե՛ւ ամբողջ միջազգային հանրութեան առաջ՝ ասելով, որ այստեղ էլ հակամարտութիւն չկայ»,- յաւելեց նա:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը յայտնւել է քննադատութեան թիրախում: Օրերս «Ռադիոլուրին» տւած հարցազրոյցում Օլիւիէ Դըկոտինեին ստախօս էր անւանել բոլոր նրանց, ովքեր պնդում են, թէ Հայաստանի վարչապետն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Հէնց Պրահայում՝ 2022-ի հոկտեմբերին տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը, վարչապետ Փաշինեանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրայ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը՝ Արցախը ներառեալ: Փաշինեանից եւ Ալիեւից բացի, այդ հանդիպմանը մասնակցում էին նաեւ Եւրամիութեան խորհրդի նախագահ Շառլ Միշէլն ու Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը:

«Եթէ խօսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպէս պետութիւն չի ճանաչւել ոչ միջազգային հանրութեան, ոչ էլ նոյնիսկ Հայաստանի կողմից։ Ի դէպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ Լեռնային Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետեւաբար, նրանք, ովքեր պնդում են, թէ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչւել 2022 թւականին Պրահայում, ստում են, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչւել Ալմա-Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դէպ, Պրահան ընդամէնը յղում է անում, յիշեցնում է Ալմա-Աթայի հռչակագիրը»,- ասել է Օլիւիէ Դըկոտինյին:

Related Articles

Back to top button