Արցախահայերի իրաւունքների պաշտպանութեան ՔՀԿ ցանցը կը դատապարտի Բաքւում COP29-ի անցկացումը
«ԱԼԻՔ» – «Արցախից բռնի տեղահանւած անձանց իրաւունքների պաշտպանութիւն» քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների (ՔՀԿ) ցանցը պատրաստում է յայտարարութեան նախագիծ՝ դատապարտելով Ադրբեջանում կլիմայական գագաթնաժողովի անցկացումը։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրոյցում ասաց Իրաւաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ՔՀԿ-ների ոչ պաշտօնական ցանցի գլխաւոր քարտուղար Կարէն Զադոյեանը։
Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ Ադրբեջանը Հայաստանին հրաւիրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան մասին շրջանակային կոնւենցիայի COP29 գագաթնաժողովին, որը կանցկացւի նոյեմբերին։
«Կլիմայի միջազգային գագաթնաժողովի անցկացումը հակացուցւած է այնպիսի աւտորիտար, կոռումպացւած երկրում, ինչպիսին Ադրբեջանն է»,- ասել է Զադոյեանը։
Բացի այդ, ըստ Զադոյեանի՝ Ադրբեջանը մի երկիր է, որը ոչ միայն չի յարգում մարդկանց իրաւունքները, աւելին, Բաքուն Արցախում օգտագործել է ֆոսֆորային զէնք։ Բաքուն ցոյց է տալիս, որ ինքը յայտնի դէմք է միջազգային ասպարեզում եւ իւրօրինակ ակնարկ է անում արցախահայութեանը` ցոյց տալով, որ կարող է մարսել նրանց իրաւունքների ոտնահարումը։
Զադոյեանը վստահ է, որ Ադրբեջանում նման մասշտաբի միջոցառման անցկացումը մարտահրաւէր է մարդու իրաւունքների հարցերով զբաղւող միջազգային կազմակերպութիւնների համար։ Զադոյեանի խօսքով` դա ընդունելի չի կարող լինել ո՛չ միջազգային հանրութեան, ո՛չ էլ Հայաստանի համար։
Այդ է պատճառը, որ «Արցախից բռնի տեղահանւած անձանց իրաւունքների պաշտպանութիւն» քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների ցանցը պատրաստում է նման յայտարարութիւն ընդունել։ Այն կուղարկւի միջազգային կառոյցներին, այդ թւում՝ գագաթնաժողովի կազմակերպիչներին։
Զադոյեանն ընդգծեց, որ գագաթնաժողովով Բաքուն իրեն դիրքաւորում է որպէս շրջակայ միջավայրը յարգող մաքուր երկիր։ Նա կարծում է, որ դա խնդիրներ կառաջացնի ինչպէս արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան, այնպէս էլ հէնց Հայաստանի համար։
Հարցին, թէ ինչպէս կը վերաբերի Բաքուն Հայաստանի ներկայացուցիչների մասնակցութիւնը գագաթնաժողովին, Զադոյեանը պատասխանեց, որ դա Ադրբեջանը կարող է դիտարկել որպէս շրջակայ միջավայրի հետ կապւած իր յաւակնութիւնների ճանաչում։
«Ցանկացած փաստարկ կօգտագործւի Բաքւի շահերը առաջ տանելու համար»,- ասել է Զադոյեանը։
Նշենք, որ ադրբեջանական լրատւամիջոցների փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարին հրաւէր-նամակ է ուղարկել Ադրբեջանի բնապահպանութեան նախարար, COP29-ի նախագահ Մուխթար Բաբայեւը։
Յիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից 24-ը Ադրբեջանում կանցկացւի Կլիմայի փոփոխութեան մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնւենցիայի մասնակիցների COP 29 գագաթնաժողովը։
2023 թւականի դեկտեմբերին որպէս բարի կամքի քայլ Հայաստանը իր աջակցութիւնն էր յայտնել այն հիւրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած յայտին եւ հանել իր թեկնածութիւնը, իսկ Ադրբեջանն իր աջակցութիւնն էր յայտնել Արեւելյան Եւրոպայի խմբի «COP»-ի բիւրոյին անդամակցելու համար առաջադրւած Հայաստանի թեկնածութեանը:
Յունիսին ՀՀ վարչապետի մամուլի խօսնակը, անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի Բաքու մեկնելու եւ COP29 ֆորումին մասնակցելու վերաբերեալ խօսակցութիւններին, ասել էր, որ վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանաւորւում: