ԱտրպատականՀամայնք

Թաւրիզում բացումը կատարւեց Հ.Մ.Ա.Կ.-ի 38-րդ Միջմասնաճիւղային խաղերին

 Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի՝ յուլիսի 25-ին, նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի, հովանաւորութեամբ Թեմական խորհրդի եւ նախաձեռնութեամբ Հ.Մ.­Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի, սոյն կազմակերպութեան Թաւրիզի Կենտրոնատեղի­ում տեղի ունեցաւ պաշտօնական բացումը 38-րդ մարզախաղերի, որին մասնակցում էին մեծաթիւ մարզիկներ եւ մարզիկուհիներ՝ Թեհրանից, Շիրազից, Սպահանից, Ուրմիա­յից, Գեարդաբադից եւ Թաւրիզից:

Բացման հանդիսութեանը ներկայ էին Թաւրիզի քաղաքապետը՝ դոկտ. Հուշեարը, Քաղաքապետական խորհրդի փոխնախագահ՝ Բերգին, Փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատու՝ Մուսաւին, Ատրպատականի Արեւելեան նահանգի բասկետբոլի եւ ճատրակի ընդհանուր պատասխանատուները, Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգա­մա­ւոր դոկտ. Արա Շահվերդեանը, Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամները, Թաւրիզի հոգեւոր հովիւ Տ. Մար­տիրոս քհնյ. Ղուկասեանը, Հ.Մ.Ա.­Կ.-ի Կենտ­րոնական վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը, ընկերակցութ­եամբ վարչութ­եան անդամների, Ուրմիայի եւ Գեարդաբադի վարչութեան անդամներ, միութենական կառոյցների ներկայացուցիչներ, ինչպէս նա­եւ թաւրիզահայ հոծ բազմութիւն:

Սկաւուտների միջոցով դրօշակների հանդիսաւոր զետեղման արարողութիւնից յետոյ տեղի ունեցաւ ջահի վառման պահը, ձեռամբ Հ.Մ.Ա.Կ.-ի վաստակաւոր բազմամեայ անդամ եւ բռնցքամարտի անւանի ախոյեան՝ Էդիկ Վիլքիի: Բացման խօսքը հայերէն եւ պարսկերէն լեզուներով կատարեցին Կարէն Սարգսեանն ու Արսինէ Բաբայեանը: Բարի գալստեան խօսքով հանդէս եկաւ Նժդիկ Աբրահամեանը, ինչպէս նաեւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նա­խագահ Սոֆի Ջաղարբէգեանը: Երկուսն էլ շեշ­տեցին Հ.Մ.Ա.Կ.-ի 80 տարիների ներդրումը իրանահայութեան կեանքում, որը շա­րունակւում է նոյն խանդավառութեամբ, հա­կա­ռակ աշխարհում տիրող բազմաթիւ դժւարութիւնների: Պաշտօնական իր խօսքը փոխանցեց նաեւ պատգամաւոր Արա Շահվերդեանը, գնահատական արտայայտելով ե՛ւ պետական, ե՛ւ ազգային կառոյց­նե­րին, իրենց զօրակցութեան համար «Արարատ» կազմակերպութեան բոլոր մասնա­ճիւղերին:

Յայտնենք, որ նոյն օրը յետմիջօրէին, դոկտ. Շահվերդեանը հանդիպում ունեցաւ առաջնորդ Սրբազան Հօր հետ, նրա գրասենեակում, ողջունելով Սրբազան Հօր վերադարձը Թաւրիզ:

Երեկոյեան հանդիսութեան գեղարւեստական բաժնում ելոյթ ունեցան դոկտ. Յովիկ Գասլտեանը, Միրօ Աբրահամեանը, որոնց երգեհոնով նւագակցում էր Կարէն Սարգսեանը:

Խօսքերի եզրափակման բաժնում բեմ հրաւիրւեց առաջնորդ Սրբազան Հայրը: Նա առաջին հերթին շեշտեց երիտասարդութեան զօրեղ ներկայութիւնը ազգային կեանքում, որի համար փառք ու գոհութիւն տւեց Աստծուն: Ապա ողջունեց պետական եւ ազգային ներկայացուցիչները, որոնք այնքան մեծ սիրով ու հոգածութեամբ իրենց գուրգուրանքը արտայայտել էին կազմակերպութեան բոլոր աշխատանքներին:

Առաջնորդ Սրբազան Հայրը այս առիթով բարձր գնահատեց մասնաճիւղի ատենա­պետ Նժդիկ Աբրահամեանին, որը իր մանուկ տարիքից անդամագրւելով «Արարատ»-ին, երկար տարիներից ի վեր բծախնդրութեամբ հովանաւորում է դրա բոլոր աշխա­տանքները: Այս առիթով, նա Թեմական խորհրդի անունից եւ անձնապէս յատուկ յուշանւէրով պատւեց Նժդիկ Աբրահամեանին, երկարատեւ գործունէութիւն մաղթե­լով նրան: Սրբազան Հայրը ողջունեց նաեւ Կենտրոնական վարչութեան անդամնե­րին, որոնք հեռւից թէ մօտկից հետեւում են մասնաճիւղերի կատարած աշխատանք­ներին, տարբեր միջոցներով հովանաւորելով դրանց գործունէութիւնը:

Սրբազան Հօր պատգամից յետոյ Մասնաճիւղի ատենապետ Նժդիկ Աբրահամ­եանը վարչութեան պատրաստած յուշանւէրները մատուցեց պետական ու ազգային պատասխանատուներին, իսկ Կենտրոնական վարչութեան ատենապետուհի Սո­ֆի Ջաղարբէգեանը, Կազմակերպութեան յատուկ յուշամեդալով պատւեց Ատրպատա­կանի առաջնորդին, երախտագիտութիւն յայտնելով նրան, Հ.Մ.Ա.Կ.-ի մասնաճիւղերի նկատմամբ հայրական հոգածութեան համար:

Պաշտօնական խօսքերից յետոյ սկսւեց բասկետբոլի առաջին խաղը, որի գն­դակը առաջին անգամ օդում բարձրացրեց Սրբազան Հայրը, բարեյաջող խաղեր մաղթելով բոլոր խմբերին:

Նոյն օրը երեկոյեան ժամը 9-ին, ազգային առաջնորդարանի շրջափակում «Հա­մազասպ Ոսկանեան» սրահի խոհանոցի տնօրինութեան կազմակերպած ճաշկերոյթին ներկայ գտնւեցին ազգային բոլոր պատասխանատուները, Սրբազան Հօր գլխա­ւորութեամբ: Սոյն առիթով լաւագոյն բարեմաղթանքներ ներկայացւեցին «Արարատ»-ին, եւ բոլորի միջոցով հատւեց Կազմակերպութեան 80-ամեակի տորթը:

* * *

Կիրակի, յուլիսի 28-ի առաւօտեան ժամը 11:00-ին, Թաւրիզի Լիլաւա թաղամասի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւեց Ս. եւ Անմահ Պատարագ, որին ներկայ գտնւեցին բոլոր մարզիկ-մարզուհիները իրենց պատասխանատուներով, հաղորդւեցին Քրիս­տոսի մարմնով եւ արեամբ:

Ներկաները յիշատակի խմբանկար նկարւեցին Սրբազան Հօր եւ պա­տասխա­նատուների հետ միասին, Լիլաւայի եկեղեցու շրջափակում գտնւող նահատակաց յու­շարձանի առջեւ:

Related Articles

Back to top button