Ատրպատականի առաջնորդը ընդունեց Հաֆթւանի գիւղխորհրդի նախագահին

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, սեպտեմբերի 18-ի կէսօրւայ ժամը 12:00-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ Գրիգոր Արք. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց Սալմաստի Հաֆթւան գիւղի գիւղխորհրդի նախագահ Ամիրզադէին, ընկերակցութեամբ նոյն կառոյցի իր օգնականին:
Հանդիպմանը ներկայ գտնւեց Թեմական խորհրդի փոխատենապետ Ալէն Սայեադեանը:
Սրբազան Հայրը ողջունեց սալմաստեցի հիւրերին, մեծապէս գնահատելով այն բծախնդիր մօտեցումը, որով նրանք հոգածու են գտնւում հայկական կառոյցների նկատմամբ: Նրանք փոխանցեցին գիւղի բոլոր եկեղեցիների այժմու իրավիճակը, եւ յատկապէս դրանց, որոնք մասնաւոր կարիք ունեն վերանորոգութեան:
Սրբազանը իր բարձր գնահատանքը յայտնեց գիւղխորհրդի նախագահին եւ բոլոր օգնականներին, որոնք յատուկ ուշադրութիւն են դարձնում յատկապէս մեր կառոյցներին:
Գիւղխորհրդի նախագահ Ամիրզադէն տեղեկացրեց Սրբազան Հօրը, որ Հաֆթւանի Ս. Աստւածածին («Նէնէ Մէրիէմ») եկեղեցին յատուկ խնամքի է կարօտում, յատկապէս տանիքի փայտերի վերանորոգման եւ դուռ ու պատուհանի առումով:
Առաջնորդ Սրբազանը եւ Թեմականի փոխատենապետը յայտնեցին, որ շուտով վերանորոգութեան է ենթարկւելու եկեղեցին, պահպանելու համար դրա պատմական կառոյցը:
Յայտնենք նաեւ, որ Թեմական խորհուրդը մօտկից հետեւում է գիւղում ազգային այն կալւածին, որտեղ խանութների եւ դրանց վրայ տների շինարարութիւն է իրականացնելու: