Էդւարդ Շարմազանով. «Հայաստանը պէտք է կատարի 2 քայլ. դա է ճանապարհը»
ՀՀԿ ԳՄ անդամ Էդւարդ Շարմազանովն այն կարծիքին է, որ հայկական ազգային պետականութեան փշրանքները պահելու համար Հայաստանը պէտք է կատարի 2 քայլ: Մինչ այդ քայլերը ներկայացնելը 168.am-ի հետ զրոյցում նա առաջարկել է վերյիշել, թէ ինչ վիճակում էր Հայաստանն անգամ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից յետոյ, եւ յետոյ ինչ վիճակում յայտնւեց, եւ որոնք էին պատճառները:
«Ի՞նչ է եղել եւ հիմա ի՞նչ ունենք. ունեցել ենք ՄԽ համանախագահութիւն, որը հիմա սառեցւած է: Պատերազմից յետոյ ՄԽ երկու համանախագահների գոնէ լուռ համաձայնութեամբ ԼՂ հակամարտութեան գլխաւոր միջնորդ դարձաւ Ռուսաստանը, եւ դրա վառ վկայութիւնն է 2020 թ. նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը, ապա 2021 թւականի յունւարի 11-ի յայտարարութիւնը եւ 2021 թւականի նոյեմբերի 26-ի յայտարարութիւնը, որը ստորագրել են ՌԴ նախագահ Պուտինը, Ադրբեջանի նախագահ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը: Պատերազմից յետոյ խաղի կանոններ էին մշակւել, որն այդ ստորագրութիւններով կար:
Գիտէինք, որ գոնէ այդ յայտարարութիւններով Լեռնային Ղարաբաղը նշւում էր՝ որպէս սուբիեկտ, ոչ մի տեղ գրւած չէր, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է, ամենագլխաւորը՝ նշւած էր՝ ինչ պէտք է արւի: Առնւազն այդ ռուսական միջնորդութիւնը հնարաւորութիւն էր տալիս, որ հայերն ապրէին Արցախում, ռուս խաղաղապահներ էին տեղակայւում այնտեղ եւ գոնէ այդ փուլում կարգավիճակի հարց չէր քննարկւում: Ի՞նչ տեղի ունեցաւ ապագայում. 2022 թ. փետրւարին սկսւեց պատերազմ Ուկրաինայում, փաստացի, ՆԱՏՕ-ի եւ ՌԴ-ի միջեւ: Ապրիլի 9-ից յետոյ ռուսական բանակն անյաջողութիւններ սկսեց կրել ռազմաճակատում, եւ որոշակի նահանջներ գրանցեց, որոնք, ինչպէս յայտնի դասականը կասէր՝ տակտիկական էր թէ ստրատեգիական, ցոյց կը տայ ժամանակը:
Ռուսաստանի դիրքերը թուլացան, ինչը հնարաւորութիւն տւեց Արեւմուտքին աւելի ակտիւացնել իր գործունէութիւնը Հարաւային Կովկասում, որովհետեւ մէկ անգամ չէ, որ Արեւմուտքն ամենաբարձր պաշտօնեաների բերանով յայտարարել է, որ 44-օրեայ պատերազմի արդիւնքները գոհացուցիչ չեն, որովհետեւ ՌԴ ռազմական ներկայութիւնը տարածաշրջանում մեծացել է: Արեւմուտքը որոշեց սպասարկել իր շահերը եւ յիշեց, որ կայ Նիկոլ Փաշինեան. Նիկոլ Փաշինեանն էլ ռուսական հարթակը դրեց մի կողմ եւ ռուսական հարթակին զուգահեռ՝ սկսեց արեւմտեան հարթակներում բանակցութիւնները: Այդ ամէնն արւում էր Ալիեւի մասնակցութեամբ»,- նշել է Էդւարդ Շարմազանովը:
Նա յիշեցրել է 2022 թ. ամռանը Պուտինի հնչեցրած յայտարարութիւնը, որ սեղանին դրւած է կարգաւորման երկու պլան՝ մէկը՝ Մոսկւայի, միւսը՝ Արեւմուտքի:
Մոսկւայի տարբերակում պայմանագիրն ունէր «Խովայեւի պլան» անունը՝ ՌԴ ԱԳՆ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման աջակցման հարցերով յատուկ ներկայացուցչի անունով: Աւելի վաղ Խովայեւը ՌԴ-ի ներկայացուցիչն էր ԵԱՀԿ Մինսկի խմբում:
Ըստ այդ պլանի՝ պէտք է տեղի ունենար հետեւեալը՝
2020 թ. Նոյեմբերի 10-ի եռակողմ յայտարարութեան 9-րդ կէտով նախատեսւած տրանսպորտային միջանցքի բացումը, այն է՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային կապի վերահսկողութիւնն իրականացնում է ՌԴ-ի Անվտանգութեան ֆեդերալ ծառայութեան սահմանապահ ծառայութիւնը: ՀՀ սահմանապահներն այստեղ անելիք չունեն: Տարանցիկ մաքսատուրքերի հարցը կը քննարկւի:
Երեւանի եւ Բաքւի միջեւ սահմանների սահմանագծում եւ սահմանազատում, սահմանների ճանաչում՝ ՌԴ Գլխաւոր շտաբում եղած ինչ-որ քարտէզների համաձայն:
Արցախի հարցն առանձին կէտով է կարգաւորւում: Ենթադրւում է դրա լուծումը թողնել ապագային՝ պահպանելով 2020 թ. նոյեմբերի 10-ին ձեռք բերւած ստատուս-քւոյի կարգավիճակը, եւ այն լուծել «ամուր խաղաղութեան» հաստատումից յետոյ:
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ այլ կոմունիկացիաների բացումը՝ արդէն առանց տւեալ տրանսպորտային կոմունիկացիաների երկայնքով եռակողմ ներկայութեան:
Էդւարդ Շարմազանովը նկատել է՝ ռուսական պլանն առնւազն բաց էր պահում Ղարաբաղի՝ հայկական լինելու տեսական հնարաւորութիւնը, եթէ ոչ՝ գործնական: «Արեւմուտքի պլանով Նիկոլի ուղեղը մտցրեցին, որ գլխաւորը խաղաղութիւնն է, եւ Նիկոլը սկսեց առաջ շարժւել Մաքիաւելիի յայտնի սկզբունքով՝ նպատակն արդարացնում է միջոցները, այսինքն՝ խաղաղութեան հասնելու համար ցանկացած նպատակ արդարացւած է: Փաշինեանը սկսեց յանձնել հայրենիքի մասեր, առաջինն Արցախն էր: Նիկոլին ասացին՝ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի կազմում, մենք քեզ բերում ենք խաղաղութիւն: Նիկոլն իր կարճ խելքով, թէ դաւաճանութեամբ կամ թշնամութեամբ, հրաժարւեց Արցախից, որ Արեւմուտքը խաղաղութիւն բերի: Արեւմուտքը Պրահայում Նիկոլին, կոպիտ ասած, ստորագրել տւեց, որ Արցախն Ադրբեջան է, իսկ յետոյ Բորելը յայտարարեց, որ Փաշինեանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ուղղակիօրէն ճանաչեց Ղարաբաղն Ադրբեջանի մաս: Դրանից յետոյ տեղի ունեցաւ «միջանցքի» օպերացիան. Արեւմտեան քարոզչամեքենան նոր չէ, նրանք ինչ իրենց պէտք է, ի սկզբանէ դնում են ուրիշի վրայ: Սկսեցին տարածել, որ Ռուսաստանը միջանցք է ուզում: Եթէ Ռուսաստանին միջանցք պէտք լինէր, 2020 թւականի նոյեմբերի 9-ին ո՞վ էր այն տղան, որ Պուտինին պէտք է ասէր՝ ոչ, միջանցք չի լինելու, Նիկո՞լը»:
Շարմազանովը պատմել է, թէ ինչպէս 2020 թւականի հոկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինեանը 20 հոգու ներկայութեամբ կառավարութեան փակ քննարկման ժամանակ, իր իսկ հարցին ի պատասխան, ասել է, որ այս պատերազմը կը կարողանայ կանգնեցնել միայն Ռուսաստանը, որովհետեւ Մակրոնն ուզում է, բայց իր ազդեցութիւնը չի հերիքում, ԱՄՆ-ը ընտրութիւնների մէջ է, միայն Պուտինը կարող է այն կանգնեցնել.
«Աւելին, ասել է՝ միայն ՌԴ շնորհիւ մեզ յաջողւել է ռուսական դրօշներ դնել Սիւնիքում, որպէսզի թուրքերը չմտնեն եւ գրաւեն: Բա, եթէ ՌԴ-ին Սիւնիքը պէտք էր, միջանցքը պէտք էր, էլ ինչո՞ւ էին պահում, որ թուրքերը չգան: Փաստացի, 2020 թւականի հոկտեմբերի 19-ին Փաշինեանն ասել է՝ այսօր, որ Սիւնիքը հայկական է, դա բացառապէս ռուսական շնորհքն է: Ակնյայտ է, չէ՞, որ պայքար է գնում Արմուտքի եւ ռեգիոնալ պետութիւնների միջեւ՝ Հարաւային Կովկասի տրանսպորտային ուղիները վերահսկելու համար:
Նոյեմբերի 9-ի յայտարարութեամբ այդ վերահսկողութիւնը պէտք է անցնէր Ռուսաստանին: Դրա դէմ խօսում էր միայն Արեւմուտքը: Իրանը մէկ անգամ դրա մասին խօսե՞լ է: Իրանը սկսեց խօսել, երբ Արեւմուտքն ակտիւացաւ: Հիմա ուզում են, որ նոյեմբերի 9-ի յայտարարութիւնը չեղեալ յայտարարւի, կոմունիկացիաների բացման ժամանակ վերահսկի ոչ թէ Ռուսաստանը, այլ Արեւմուտքը, եթէ ոչ ուղիղ, ապա, այսպէս կոչւած, մասնաւոր ընկերութեան ձեւաչափով: Իսկ Ռուսաստանը հարիւր անգամ ասել է, որ էքստերիտորիալ միջանցքին իրենք դէմ են: Նիկոլ Փաշինեանը Հայաստանը գործօնից սարքել է գործիք, այլեւս ոչ ոք Հայաստանի կարծիքը հաշւի չի առնում եւ ոչ ոքի հետաքրքիր էլ չի»:
Նա շեշտել է. «Հայաստանը յայտնւել է այս իրավիճակում Նիկոլ Փաշինեանի տգէտ, անհեթեթ քայլերի արդիւնքում, որ ռուսական հարթակը փոխարինել է արեւմտեան հարթակով: Եթէ Նիկոլ Փաշինեանը մնար ռուսական հարթակում, Արցախը հայաթափւած չէր լինի, Ստեփանակերտում ադրբեջանական դրօշ չէր լինի, միջանցքի մասին խօսակցութիւններն էլ չէին լինի: Ես ասել եմ, որ եթէ Փաշինեանը նոյեմբերի 9-րդ կէտը կատարէր, Արցախը հայկական կը լինէր, ասում են՝ Շարմազանովը միջանցք է ուզում: Շարմազանո՞վն է ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, Նիկոլը չի՞ ստորագրել, այնտեղ միջանցք բառ կա՞յ: Պատերազմի ժամանակ Փաշինեանը յայտարարում է, որ խնդրել է Պուտինին՝ Մեղրիից մինչեւ Տեղ ռուսական դրօշ դնի, որ թուրքերը չմտնեն, հակառակ դէպքում՝ մտնում էին: Ռուսաստանը չի թողնում, որ թուրքերը մտնեն Սիւնիք, յետոյ գալիս՝ Հայաստանի հետ բազար է անո՞ւմ, ասում է՝ միջանցք տւէ՞ք: Ռուսաստանին որ պէտք լիներ՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթում կը գրէր՝ միջանցք, ո՞վ պէտք է ասէր՝ ոչ, Նիկո՞լը: Նիկոլը եթէ ոչ ասող էր, թող այդ նոյն նոյեմբերի 9-ի փաստաթղթում չստորագրէր մի կէտ, որը Հայաստանը բառացի ագրեսոր է համարում, ասւում է՝ Հայաստանն իր ուժերը պէտք է դուրս բերի Քարվաճառից: Դա յետոյ Ալիեւը մեր դէմ օգտագործելու է»:
Շարմազանովը նկատել է՝ վնասներն արդէն իսկ շատ-շատ են, մեր խնդիրը աւելին չկորցնելն է.
«Մենք նոյնիսկ այսօր նոյեմբերի 9-ի յայտարարութեանը երանի ենք տալիս, որով Շուշիից այն կողմ մնացածը հայկական վերահսկողութեան տակ էր: Իսկ եթէ Փաշինեանը լսէր Պուտինին եւ հոկտեմբերի 19-ին կանգնեցներ պատերազմը, Շուշին էլ մերը կը լինէր, Քարվաճառն էլ, Աղդամն էլ, Լաչինն էլ: Հիմա մեր խնդիրն է, որպէսզի նոր էսկալացիա չլինի, նոր կորուստներ չլինեն: Այս իրավիճակում արդիւնաւէտ լուծումը կը լինի ռուսական միջնորդութիւնը:
Իրանի գործօնն էլ է շատ կարեւոր: Քանի դեռ ռուսներն էին այստեղ գլխաւոր շահառուն, Իրանը 3+3 ֆորմատից էր խօսում, իսկ հիմա Իրանի բարձրաստիճան պաշտօնեաները յայտարարում են, որ արտատարածաշրջանային ուժերն այստեղ գործ չունեն: Արտատարածաշրջանային ուժերը Հաւաքական Արեւմուտքն է: Իրանի եւ արտաքին աշխարհի կապերից մէկը հէնց Սիւնիքն է: Նիկոլ Փաշինեանն այնպէս չէ, որ 3+3-ին դէմ է, ինքն ուղղակի 2+1-ին է կողմ՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա: Նիկոլի երազանքն է, որ բանակցութիւնները եռակողմ լինեն, բայց ռուսական միջնորդութիւնը փոխւի թուրքական միջնորդութեամբ: Բայց սա չի հասկանում, որ մեծ տէրութիւններն այստեղ ունեն շահեր»:
Նա շեշտել է՝ Ռուսաստանի դերը անչափ կարեւոր է. «Տարածաշրջանի կառավարման վահանակը յամենայնդէպս գտնւում է ռեգիոնալ տէրութիւնների ձեռքում, որոնցից երկուսը մեզ բնական դաշնակից են՝ Ռուսաստանը եւ Իրանը: Նիկոլ Փաշինեանը այդ բնական վահանակների տէրերին արհամարհելով՝ գնում է ԵՄ: Ես ԵՄ դէմ ոչինչ չունեմ, բայց Թուրքիան թողնելու է, որ ԵՄ-ն այստեղ գա՞յ: Մեր բոլոր դիւանագիտական անյաջողութիւնները եւ բացթողումներն արդիւնք են հայ-ռուսական դաշնակցային յարաբերութիւնների վատթարացման, եւ դրան զուգահեռ՝ ռուս-ադրբեջանական յարաբերութիւնների ջերմացման»:
Դիտարկմանը՝ արեւմտամէտներն ասում են, որ հէնց ռուս-ադրբեջանական ջերմ յարաբերութիւնների ֆոնին էլ չի կարելի արեւմտեան հարթակից տեղափոխւել ռուսական, նա այսպէս է արձագանգել.
«Թուրք-ադրբեջանական յարաբերութիւններն ամենաջերմն են, բա ինչո՞ւ են Փաշինեանը կամ Արարատ Միրզոյեանը Թուրքիա գնում: Լսե՞լ էք՝ հակաթուրքական յայտարարութիւն անեն: Եթէ դու ռուսական միջնորդութիւնը չես ընդունում, ասում ես՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը հիմա մտերմացել են, բա Թուրքիա ինչո՞ւ ես գնում, ինչո՞ւ ես թուրքերի հետ խաղեր տալիս, ինչո՞ւ Ապրիլի 24-ի ուղերձում չես դատապարտում Թուրքիայի ցեղասպան գործունէութիւնը, ինչո՞ւ չես դատապարտում 44-օրեայ պատերազմում Թուրքիայի աջակցութիւնն Ադրբեջանին կամ թուրք ռազմական գործիչների եւ դիւանագէտների յայտարարութիւնները: Ռուսաստանը Փաշինեանին ասե՞լ է՝ Ալիեւն ինչ ասի՝ դա էլ արա, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանն առնւազն 3-4 անգամ յայտարարել է, որ՝ եթէ ուզում էք խաղաղութիւն, կատարէք Ալիեւի առաջարկները: Ադրբեջանն ինչ ասում է՝ արէք: ՌԴ-ից նման բան լսե՞լ էք: Իսկ Արեւմուտքի նպատակը մէկն է՝ Հայաստանից ստանալ երկրորդ Ուկրաինա եւ հակայ Ռուսաստան: Նիկոլ Փաշինեանով այս իրավիճակից դուրս գալու տարբերակ չկայ: Նա ռուսական հարթակում էր, միանգամից թռաւ արեւմտեան հարթակ: Գուցէ էլի պոպուլիար բան չասեմ, որ տարածաշրջանում կամ Թուրքիայի դաշնակիցն ես, կամ Ռուսաստանի:
Եթէ մենք ուզում ենք ամէն ինչը յստակ հասկանալ, պէտք է ֆիքսենք մի բան՝ որ պետութիւններն են մեր սպառնալիքը. իմ կարծիքով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը: Եւ ընդամէնը 4 տարի առաջւայ 44-օրեայ պատերազմը դա ապացուցեց: Այսօր էլ Ադրբեջանի հակահայ քաղաքականութիւնն ու Թուրքիայի աջակցութիւնը խօսում են դրա մասին: Ռուսաստանն աջակցե՞լ է ադրբեջանական որեւէ յայտարարութեան կամ գործողութեան, օրինակ՝ «Արեւմտեան Ադրբեջանի» հետ կապւած, «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապւած: Մեր սպառնալիքը Թուրքիան եւ Ադրբեջանն են»:
Էդւարդ Շարմազանովը շեշտել է՝ Հայաստանին այս իրավիճակում դաշնակից է պէտք, որը կարող է օգնել. «Ո՞վ է այդ դաշնակիցը՝ Արեւմո՞ւտքը, Արեւմուտքը ո՞նց է օգնելու, Թուրքիան թողնելու է, որ ԵՄ-ն գայ այստեղ բազա դնի՞: Արեւմուտքը կարողանում է օգնել, թող գնայ՝ Կիպրոսի Հանրապետութեան 38 տոկոսն ազատի թուրքական օկուպացիայից: Իսկ Ռուսաստանն օգնելու է այնպէս, ինչպէս օգնել է 30 տարի, երբ հայ-ռուսական յարաբերութիւնները եղել են նորմալ վիճակում, Արաքսի հովտից՝ արցախա-պարսկական սահմանից մինչեւ Քարվաճառ՝ Օմարի լեռնանցք, կանգնած էր հայ զինւորը: Հնարաւորութիւն կար նոյնիսկ 2020 թւականին այդ ամէնն անել, բայց չլսեց միջնորդութիւնը: Մեր շահերից չի բխում՝ Ռուսաստանին փորձել դուրս հանել տարածաշրջանից. Չենք էլ կարողանալու:
Հայ-թուրքական սահմանը ռուս զինւորներն են պահում, ատոմակայանին վառելիքը ռուսն է տալիս, Լարսը մէկ շաբաթ փակւի՝ Հայաստանում ապրանքների դեֆիցիտ կարող է սկսւել, գազը ռուսն է տալիս, բա այդ ամէնը հաշւի չէ՞ք առնում: Ասում են՝ Ադրբեջանից գազ կը ստանանք, ես գիտէի՝ թուրքական վիլայէթ էք դարձնում, բայց փաստօրէն դարձնում էք Ադրբեջանի նահանգ, էլի:
Բա, եթէ լոյսը Ադրբեջանից է, գազը Ադրբեջանից է, նաւթը Ադրբեջանից է, խաղաղութիւնն Ադրբեջանից է, դառնում ենք Ալիեւի նոքեարները, էլի: Բա «Եռաբլուրը» դրա համա՞ր է, որ դառնանք Ալիեւի նոքեա՞րը: Հայկական ազգային պետականութեան փշրանքները պահելու համար Հայաստանը պէտք է կատարի 2 քայլ. Առաջին ՝ սրան հեռացնի, չգիտեմ՝ ոնց, եւ երկրորդ՝ աշխարհաքաղաքական առումով ամենակարեւորը՝ դառնայ ՌԴ երկարաժամկէտ ստրատեգիական դաշնակիցը՝ Հարաւային Կովկասում, եւ Իրանի բարեկամը, դա է ճանապարհը»: