
«ԱԼԻՔ» – Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում Չինաստանի CGTN հեռուստաալիքին տւած հարցազրոյցում արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին, յայտարարել է, որ Իրանի միջուկային կետնրոնների վրայ սիոնիստական ռեժիմի եւ ԱՄՆ-ի յարձակումների արդիւնքում երեւաց, որ Իրանի միջուկային ծրագրի համար ռազմական լուծում չկայ եւ միայն դիւանագիտական լուծումն է, որ կարող է արդիւնաւէտ լինել, իսկ դա կարող է իրականացւել միայն այն դէպքում, երբ նրանք հրաժարւեն իրենց ռազմական նկրտումներից եւ հատուցեն մեզ հասցւած վնասը։ «Այդ դէպքում մենք պատրաստ կը լինենք բանակցութիւններ սկսել»,- նշել է ԱԳ նախարարը։ Այս մասին է տեղեկացրել ԻՌՆԱ-ն՝ վերահրապարակելով հարցազրոյցի պարսկերէն տարբերակը, ընտրելով՝ «Իրանի եւ սիոնիստական ռեժիմի միջեւ հրադադարը փխրուն է» վերնագիր:
Պատասխանելով հարցին, թէ «Իրանը 2023 թւականին Շանհայի համագործակցութեան կազմակերպութեանն է միացել, ի՞նչ դեր է խաղում այս կազմակերպութիւնը տարածաշրջանում եւ միջազգային հանրութեան համար, եւ ի՞նչ ծրագրեր ունի Իրանը ՇՀԿ-ի շրջանակներում միւս անդամների հետ համագործակցելու համար», Արաղչին նշել է. «Ինչպէս նշեցիք, Իրանը ՇՀԿ-ին է միացել որպէս լիիրաւ անդամ։ Մենք մեծ նշանակութիւն ենք տալիս այս կազմակերպութեանը եւ արժէքաւոր ենք համարում նրա դերը՝ Հարաւի երկրների համար միջազգային ասպարէզում արժանի տեղ գտնելու հարցում։ Միեւնոյն ժամանակ, մենք տեսնում ենք, որ շատ այլ երկրներ նոյնպէս ցանկանում են միանալ այս կազմակերպութեանը, ինչը ինքնին դրական բան է։ Մենք իսկապէս մտադիր ենք շարժւել այս ուղղութեամբ եւ անդամ երկրների անվտանգութեան, տնտեսական եւ նոյնիսկ մշակութային հարցերը լուծել այլ կերպ, քան սովորաբար ընդունւած է Արեւմուտքում»:
Մէկ այլ հարցի պատասխանելով, Արաղչին ընդգծել է ՇՀԿ-ի ցուցաբերած կեցւածղքի եւ Իրանի ունեցած ակնկալիքների մասին՝ նշելով. «Պէտք է ասեմ, որ մենք շատ շնորհակալ ենք ՇՀԿ-ի նախագահութեանը եւ բոլոր անդամ պետութիւններին, սիոնիստական ռեժիմի եւ Միացեալ Նահանգների ագրեսիան դատապարտելու համար, մասնաւորապէս՝ Իրանի միջուկային օբիեկտների դէմ յարձակումները։ Այն միջազգային իրաւունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրութեան ակնյայտ խախտում էր։ Սակայն միջուկային օբիեկտների վրայ յարձակումը միջազգային իրաւունքի աւելի մեծ ու աններելի խախտում է եւ արգելւած, քանի որ այն կարող է աղետալի բնապահպանական հետեւանքներ ունենալ մարդկութեան համար։ Մենք գնահատում ենք ՇՀԿ անդամ պետութիւններին, մասնաւորապէս՝ Չինաստանին, որոնք աջակցող դիրքորոշումներով համերաշխութիւն յայտնեցին Իրանի Իսլ. Հանրապետութեանը եւ ցաւակից եղան այդ յարձակումների ժամանակ կեանքը կորցրած իրանցի ժողովրդին, այդ թւում՝ զոհւած կանանց ու երեխաների։
Հետեւաբար, ՇՀԿ-ի առաջիկայ գագաթնաժողովից ունեցած մեր ակնկալիքը Իրանի Իսլ. Հանրապետութեանը լիակատար քաղաքական աջակցութիւնն է»։
Լիովին պատրաստ ենք արձագանքել հրադադարի հնարաւոր խախտմանը
Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դէմ ագրեսիայի վերաբերեալ՝ Արաղչին նշել է. «Սա հակամարտութիւն չէ, սա ագրեսիայի դասական օրինակ է՝ Իսրայէլի կողմից չարդարացւող ագրեսիա՝ Իրանի դէմ: Մենք ստիպեցինք նրանց դադարեցնել յարձակումները, եւ անվերապահ հրադադար խնդրեցին, ինչին մենք դրական արձագանքեցինք: Իհարկէ, այս հրադադարը փխրուն է, եւ դրա պատճառը պարզ է. սիոնիստական ռեժիմի կողմից որեւէ հրադադարի չի կարելի վստահել, քանի որ այդ ռեժիմը շատ վատ համբաւ ունի այս առումով: Հետեւաբար, մենք լիովին զգօն ենք ու պատրաստ: Չենք ցանկանայ պատերազմը շարունակւի, բայց ընդգծեմ, որ լիովին պատրաստ ենք դրան»:
Միւս կողմը պէտք է վերջապէս հասկանայ բանակցութիւններում «փոխշահաւէտ լուծման» կարեւորութիւնն ու իմաստը
«Դուք վերջերս յայտարարել էք, որ Իրանին աւելի շատ ժամանակ է պէտք՝ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցութիւնները վերսկսելու հնարաւորութեան վերաբերեալ որոշում կայացնելու համար: Ի՞նչ բան է ուսումնասիրում Իրանը» հարցին ի պատասխան՝ արտաքին գործերի նախարարը պատասխանել է. «Մենք պէտք է տեսնենք միւս կողմի իրական կամքը՝ փոխշահաւէտ լուծման հասնելու համար: Մեր միջուկային ծրագիրը բացառապէս խաղաղ նպատակներ ունի: Մենք խնդիր չենք տեսնում այս համոզիչ փաստերն ուրիշների հետ կիսելու հարցում, բայց դա հնարաւոր կը լինի միայն բանակցութիւնների միջոցով: Մենք դա արեցինք 2015 թւականին: Մենք բանակցութիւններ վարեցինք այսպէս կոչւած «5+1 ձեւաչափով»: Եկանք համաձայնութեան: Եթէ յիշում էք, այն ժամանակ աշխարհում այդ համաձայնագիրը որպէս դիւանագիտական մեծ նւաճում ընդունւեց, եւ մենք հաւատարիմ մնացինք դրան: Բայց յանկարծ ԱՄՆ-ը որոշեց դուրս գալ համաձայնագրից: Ցաւալի որոշում, որով այն իրավիճակն, ինչի ականատեսն ենք այսօր, այդ քայլի արդիւնքն է»: