Անդրանիկ Թեւանեան. «Ֆրանսիայի դեսպանն իր այս յայտարարութեամբ նիկոլութիւն է անում»

«ԱԼԻՔ» – «Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիւիէ Դըկոտինեին ստում է՝ յայտարարելով, թէ, իբր, Հայաստանն ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ-ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր»։ Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանեանը՝ անդրադառնալով «Հայաստանի հանրային ռադիօ»-ի հետ հարզազրոյցում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Օլիւիէ Դըկոտինեին յայտարարութեանն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ–ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր»։
«Ֆրանսիայի դեսպանն իր այս յայտարարութեամբ նիկոլութիւն է անում՝ «Ղարաբաղը 30 տարի առաջ էին յանձնել, պարզապէս խեղճ հարիֆ Նիկոլի ջեբը գցեցին» «պողոսների» համար նախատեսւած ձեւակերպման շրջանակներում։
Դեսպանը կա՛մ Ալմա Աթային նախորդած ու յաջորդած իրադարձութիւնների մասին չգիտի, կա՛մ ձեւ է անում, թէ չգիտի։
Եթէ Ղարաբաղը Ալմա Աթայի հռչակագրով ճանաչւել էր Ադրբեջանի մաս, ապա ինչի՞ շուրջ էին մինչեւ 44-օրեայ պատերազմը բանակցում Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի միջնորդութեամբ։
Իրականութիւնն այն է, որ Նիկոլ Փաշինեանը 2022 թ. հոկտեմբերի 6-ին Արցախը դաւաճանաբար ճանաչեց Ադրբեջանի մաս՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ եւրաչինովնիկ Շառլ Միշէլի միջնորդութեամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանին տւած խոստման շրջանակներում ու ԱՄՆ նախագահ Բայդէնի քաւորութեամբ։ Դրսի ուժերին հետաքրքրում էր ռուսական խաղաղապահների հեռացումն Արցախից, ու թքած, թէ ինչ կը լինէր հայերի հետ։
Մակրոնը շատ լաւ գիտի, որ անձնական մասնակցութիւն ու մեղաւորութիւն ունի Արցախում հայերի էթնիկ զտման հարցում ու փորձում է մաքրւել՝ իր դեսպանի շուրթերով յայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը 34 տարի առաջ է ճանաչւել Ադրբեջանի մաս։ Դա այնքան լկտի սուտ է ու պատմութեան այնպիսի նենգափոխում, որ անգամ Ալիեւը նման բաներ չի յայտարարում։
Մակրոնն ու միւսները պէտք է իրենց մեղքն ընդունեն ու ամբողջ կեանքում ապրեն յանցագործի զգացողութեամբ։ Թրամփի ընտրութիւնից յետոյ նրանք քաղաքական դիակներ են։
Ինչ մնում է Նիկոլ Փաշինեանին, ապա մակրոնները նրան պէտք է բացատրեն, որ ժամանակը սպառւել է, որ Նիկոլն իր սեւ գործն արեց ու Զելենսկու հետ պէտք է մտածի սեփական կաշւի փրկութեան մասին»,-գրել է Անդրանիկ Թեւանեանը։ Հաղորդում է news.am-ը: