Ինչո՞ւ է Ֆրանսիայի դեսպանը կրկնում Փաշինեանին

«ԱԼԻՔ» – «Ռադիոլուրին» տւած հարցազրոյցում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Օլիւիէ Դըկոտինեին աղմկայարոյց յայտարարութիւններ է արել՝ կրկնելով փաշինեանական թէզը, թէ Հայաստանը ԼՂ-ն Ադրբեջանի մաս է ճանաչել Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից։ Այս մասին հաղորդում է 168.am-ը:
«Այս դեբատի մէջ ես չեմ ուզում մտնել։ 30 տարուց աւելի բանակցութիւններ են տեղի ունեցել, որոնք, իսկապէս, արդիւնք չեն տւել։ Դրա ապացոյցն այսօրւայ իրավիճակն է։ Կարծում եմ, որ այսօր կարեւոր հարցն այն է, որ խաղաղութեան բանակցութիւնները, ի վերջոյ, արդիւնք տան, որպէսզի մարդիկ կարողանան ապրել խաղաղ եւ անվտանգ պայմաններում։ Կարծում եմ, որ ժողովուրդների ցանկութիւնը հէնց սա է»,- ասել է դեսպանը։
Հարցին էլ, թէ կարելի՞ է ասել, որ ինքնորոշման իրաւունքը պարտւեց տարածքային ամբողջականութեան սկզբունքին, դեսպանը պատասխանել է՝ ասելով, որ եթէ խօսւում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպէս պետութիւն չի ճանաչւել ոչ միջազգային հանրութեան, ոչ էլ նոյնիսկ Հայաստանի կողմից։
«Ի դէպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ-ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետեւաբար, նրանք, ովքեր պնդում են, թէ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչւել 2022 թւականին Պրահայում, ստում են, որովհետեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչւել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դէպ, Պրահան ընդամէնը յղում է անում, յիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը։ Եւ այսօր հարցը հետեւեալն է՝ ինչպէ՞ս հասնել խաղաղութեան՝ արդար, կայուն, ամուր խաղաղութեան, որպէսզի վերացւեն Հայաստանի վրայ կախւած սպառնալիքները»,- ասել է դեսպանը:
Ռուս կովկասագէտ Ստանիսլաւ Տարասովն անդրադառնալով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի վերոնշեալ դիտարկումներին՝ 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ Ֆրանսիայի դեսպանի նման պնդումն ունի երկու մոտիւացիա։ Առաջինը, ըստ նրա, տեղաւորւում է Ֆրանսիայի հայաստանեան եւ ռեգիոնալ շահերի տիրոյթում։ Նա գտնում է, որ ՀՀ ներկայիս իշխանութիւնների քաղաքականութիւնը համընկնում է Ֆրանսիայի ռեգիոնալ շահերին, ինչն էլ թերեւս նշանակում է, որ Ֆրանսիան իր աջակցութիւնը պէտք է յայտնի ներկայիս իշխանութիւններին։
«Գլխաւորը, որը փորձել են անել ՀՀ իշխանութիւնները, դա ռուսական ազդեցութեան թուլացումն է Հայաստանում, հետեւաբար՝ նաեւ ռեգիոնում, ինչը, բնականաբար, բխում է Ֆրանսիայի շահերից։ Այս ճանապարհին ծագած ամենախնդրայարոյց հարցերում էլ Ֆրանսիան աջակցում է ՀՀ իշխանութիւններին։
Ֆրանսիայի համար կարեւոր է այն ամէնը, ինչ ռեգիոնում տեղի ունեցաւ եւ դեռ տեղի կունենայ Պրահայի քառակողմ հանդիպման արդիւնքներից յետոյ, սակայն այնուամենայնիւ պատասխանատւութիւն ստանձնել նման նուրբ հարցում Ֆրանսիան չի ցանկանում։ Իսկ Պրահայի հանդիպման երրորդ եւ չորրորդ կողմերը Եւրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշէլն ու Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնն են։
Միշէլին ներկայումս որեւէ մէկն արդէն չի յիշում, թէեւ նա էր բանակցութիւնների միջնորդն այդ փուլում, իսկ Ֆրանսիան, ամենայն հաւանականութեամբ, չի ցանկանում, որպէսզի Պրահայի հանդիպումը դիտարկւի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման առաջին հանգրւան, ուստի կրկնում է այն, ինչ ՀՀ իշխանութիւններն են պնդում, թէ ճանաչումը եղել է շատ աւելի վաղուց»,- նման կարծիք յայտնեց վերլուծաբանը։
Տարասովը չի բացառում նաեւ այն, որ դեսպանը պարզապէս լաւ ծանօթ չէ այն բանակցային պատմութիւնից, որը կայ ԼՂ-ի շուրջ, եւ պարզապէս կրկնում է իշխանութեան թէզերը։
«Թէեւ դա քիչ հաւանական սցենար է, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի դեսպանը նման բարդ փուլում այս առանցքային հարցերից պէտք է տեղեակ լինի»,- նկատեց նա։
Տարասովը գտնում է, սակայն, որ Ֆրանսիան ճիշտ կանի՝ կենտրոնանայ սեփական՝ եւրոպական խնդիրների եւ Եւրոպայում Ուկրաինայի հարցով կոնսենսուսի ձեւաւորման վրայ։
«Գերմանիայում տեղի ունեցած ընտրութիւններով եւ դրանց արդիւնքով ականատես ենք դառնում շատ լուրջ գործընթացի, որի մեկնարկը կարող ենք համարել Թրամփի նախագահութիւնը։ Մինչ ընտրութիւններն արդէն իսկ նման մտավախութիւններ կային ԵՄ երկրներում, որ իշխանութիւններ կը փոխւեն, եւ դա ընդհանուր առմամբ կը փոխի Արեւմուտքի մեզ յայտնի աշխարհաքաղաքական կոնսենսուսն աշխարհակարգի հարցով»,- ասաց նա։