Կարօ Վարդանեան. «Նիկոլիզմն էլ մի պատմութեան դասագիրք կը լինի. Սրանք գիրք գրելիս էլ, ասֆալտ անելիս էլ նոյն սկզբունքով են առաջնորդւում»
Այն, ինչը նախաձեռնել են օրւայ իշխանութիւնները եւ իրականացնում են, հաւասարազօր է երկրի ու հայ ժողովրդի պատմութեան կործանմանը։ 168.am-ի հետ զրոյցում այսպէս բնորոշեց մեր իրականութիւնը Եղիշէ Չարենցի անւան գրականութեան եւ արւեստի թանգարանի նախկին տնօրէն, գրող, գրականագէտ Կարօ Վարդանեանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարութեան հեղինակած եւ շրջանառութեան մէջ դրւած որոշման նախագծին՝ «Հայոց պատմութիւն» դասագիրքը «Հայաստանի պատմութիւն» վերանւանելու վերաբերեալ։
Գրող, գրականագէտ Կարօ Վարդանեանը երկար տարիներ ուսումնասիրում է հայ պատմական կարեւոր դէպքերն ու դէմքերը, դրանք վերլուծում ու հրատարակում՝ ստեղծելով հսկայական տեղեկութիւններ հայոց պատմութեան մասին։
«Ես զբաղւում եմ կոնկրետ դարաշրջանով՝ 20-րդ դարասկզբով, որը եղել է մեր ամենաճակատագրական, բախտորոշ ժամանակաշրջանը։ Մինչեւ այս սեւ ուժերի իշխանութեան գալը, ես այդ ամենով զբաղւում էի, դեռ տարիներ առաջ կասկած ընկաւ մէջս, որ ինչ-որ բան այն չէ, որքան շատ ուսումնասիրեցի ու չհրապարակւած աղբիւրներ ձեռքս ընկան՝ հասկացայ, որ մենք մեր պատմութեան հետ անխիղճ ձեւով ենք վարւել։
Տեսէք, այսօր հրապարակւել է «Հայոց պատմութիւն-7» դասագիրք, այնտեղ խնդիրներ կան՝ կապւած ուրարտական ժամանակաշրջանի հետ, որը գոնէ լաւ է, որ արժանացաւ այսքան ընդդիմախօսութեան։ Այսօրւայ իշխանութիւնը ժողովրդին աստիճանաբար ընտելացնում է նրան, որ «կարեւորը պետութիւնն է, հայրենիքը վերացական բան է, պէտք է հայրենիքը տեղաւորել սեփական սահմանների մէջ», նոյն տրամաբանութեամբ էլ ուզում են ընտելացնել մտքին, որ շուտով չի լինելու հայոց պատմութիւնը, փոխարէնը՝ կը լինի միայն Հայաստանի պատմութիւն»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Նրա մեկնաբանութեամբ՝ հայոց պատմութիւն՝ նշանակում է հայկական լեռնաշխարհի պատմութիւն, որտեղ ծագել է հայ ժողովուրդը, եւ որը զբաղեցրել է մօտ 400 հազար քկմ. եւ աւելի տարածք։ Իսկ Հայաստանի պատմութիւնը կը ներառի այն սահմանը, որը կայ, այսինքն՝ կը պատմի միայն Նիկոլ Փաշինեանի ասած՝ 29.800 քկմ. տարածքի մասին։
«Այսինքն՝ որքան սահմանը սեղմւի, այդքան էլ կը սեղմւի Հայաստանի պատմութիւնը։ Պատմութեան գիրք են հրատարակել, որտեղ չկայ Վասպուրականի քարտէզը, իբր անուշադրութեան հետեւանք է, վրիպակ։ Մէկ հանգամանքի վրայ եմ ուզում բոլորիդ ուշադրութիւնը հրաւիրել։ 2018 թւականի յունիս ամիսն էր կարծեմ, փողոցում իշխանութեան բերած «ցնծութիւնն» էր, այդ օրը բացւում էր Արամ Մանուկեանի արձանը։ Երկու ամիս էր, ինչ աղէտը եկել էր, իսկ աղէտի պարագլուխը Քրիստոսի համարում ունէր մթագնած ուղեղ ունեցող հանրութեան շրջանում։ Արձանի բացմանը Նիկոլ Փաշինեանի խօսքերը մօտաւորապէս յիշում եմ, որ քմծիծաղով ասաց, թէ կիսատ չեն թողնելու Արամ Մանուկեանի առաքելութիւնը։ Ժամանակին Դաշնակցութիւնն ասում էր, որ մենք չենք կարող Վասպուրական, Տարօն պահել, Էրզրում, Կարս պահել, կարեւորը պետութիւնն է։ Յետոյ էլ յանկարծ պարզւեց, որ 1918 թւականին էլ չենք կարող Նախիջեւան ու Արցախ պահել։ Հիմա այս ամէնը սա է օգտագործում, քանի որ մշտապէս ամէն ինչ տւել ենք, որ պետականութիւն պահենք, բայց արդիւնքում ունեցել ենք 9 հազար քկմ. տարածք»,- շեշտեց Կարօ Վարդանեանը։
Նրա խօսքով՝ ներկայիս ազգակործան ռեժիմը՝ բոլոր արժէքներն է կործանում, որ փոքր տարածք ունենայ, հետեւաբար, գուցէ 5 գիւղերի վրայ մնայ Հայաստանը։
«Նիկոլիզմն էլ մի պատմութեան դասագիրք կը լինի՝ կը գրւի մեր պատմաբանների ձեռքով։ Սրանք, կապ չունի՝ ինչ են անում, սկզբունքով են առաջնորդւում, այսինքն՝ գիրք գրելիս էլ, ասֆալտ անելիս էլ նոյնն են։ Սրանք որեւէ բանից յետ չեն կանգնում, այսինքն՝ եթէ ասֆալտ են անում, ու քանդւում է, նրանք մրցոյթը չեն չեղարկում, նոյնն էլ դասագրքում տեղ գտած սխալների առումով է՝ գումարները տւել են, գիրքը գրւել է սխալներով, ու վերջ։
Մեզ համար հայոց լեզուն, գրականութիւնը եւ հայոց պատմութիւնն ազգապահպան, երկրապահպան առաքելութիւն ունեն, որոնք ամէն կերպ գուրգուրանքով պէտք է պահւէին»,- եզրափակեց Կարօ Վարդանեանը։