Հայաստան - Արցախ

Մենք պէտք է սովորենք պետութիւն ունենալ

2018 թւականից այս կողմ հազւադէպ է լինում, որ համաձայնեմ այն անձի հետ, որի ընտանեկան թերթ ընթերցելով էր սկսւում շաբաթական 5 օր: Եւ որին մի ժամանակ ընկեր էի համարում: Որովհետեւ, ինչպէս ցոյց տւեց կեանքը, համարեա իրարամերժ են մեր պատկերացումները բազմաթիւ երեւոյթների զարգացման վերաբերեալ: Եւ առանց բացառութեան՝ բացարձակ հակոտնեայ են մեր սկզբունքներն ու արժեհամակարգը: Օրինակ՝ ինքը յենւում է հայրենիքի զգացողութիւնից զուրկ ու կիսագրագէտ զանգւածների վրայ՝ նրանց քւէներով պահելով իր իշխանութիւնը: Իսկ այդ յատկանիշերի առումով ես ինձ համարում եմ ճիշտ հակառակը: Այնինչ, երկու տասնամեակ առաջ ինձ թւում էր, թէ Նիկոլի հետ մենք համախոհ ենք բազմաթիւ հարցերում: Եւ այսօր էլ, այնուամենայնիւ, առկայ է մի գաղափար, որի առումով առկայ չէ հակասութիւն: Դա այն է, ինչ ներկայացւել է յօդւածի վերնագրում, ինչն, ի դէպ, նրա կողմից բարձրաձայնւել է կառավարութեան հերթական նիստում:

Իսկապէս, 100 տարի առաջ մենք ունեցել ենք դառը ճակատագրով անկախ հանրապետութիւն, այնուհետեւ միութենական կարգավիճակով եւ այսօր կրկին ունենք անկախ հանրապետութիւն: Բայց, դժբախտաբար, մենք այնպէս էլ չենք իւրացրել պետութիւն ունենալու կարողութիւնը: Ու արդիւնքում ունեցանք «ժողվարչապետով ժողովրդավարութեան բաստիոն» եւ Արցախի կորուստ: Ինչպէս նաեւ բուն Հայաստանի ինքնիշխանութեան համարեա զրոյական մակարդակ, ինչպէս նաեւ տարածքային կորուստներ: Իսկ հրեաներն, օրինակ, շուրջ երկու հազարամեայ պետականազուրկ վիճակից ստեղծեցին ամուր պետութիւն: Ու որեւէ նշանակութիւն չունի այն հանգամանքը, որ այդ պետութեան կազմաւորման առումով ՄԱԿ-ում մեծ աջակցութիւն ցուցաբերեց ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը, իսկ այնուհետեւ՝ նախորդ դարի 50-ականների սկզբից, Միացեալ Նահանգները: Եթէ հրէական մտածողութիւնը լինէր ճիշտ այնպիսին, ինչպիսին մերն է, ապա հրեաների ստեղծած պետութիւնն այսօր կունենար նոյն ճակատագիրը, ինչպիսին մերն է:

Բայց պետութիւն ունենալու կարողութիւնը չպէտք է առաջնահերթօրէն դրսեւորւի որակեալ շինարարութեան ասպարէզում՝ լինի դա ճանապարհ, դպրոց թէ մանկապարտէզ: Այդպէս է կարծում հէնց Նիկոլը: Այն պէտք է դրսեւորւի ամուր եւ պաշտպանւած պետականութեան ստեղծման հարցում, ինչն ուղղակի պարտադրանք է մեր տարածաշրջանում: Այնտեղ, որտեղ արեւելեան թուրքախօս երկիրը ձգտում է քեզ վերացնել աշխարհի երեսից՝ թիկունքին ունենալով արեւմտեան իր եղբայրակցին: Իսկ քո կառուցած ճանապարհն ու շէնքերը, բնականաբար, բաժին կը հասնեն ագրեսորին՝ ինչպէս դա տեղի ունեցաւ Արցախում, կը ներէք, Լեռնային Ղարաբաղում: Նոյնիսկ մի այնպիսի հարցում, որում համամիտ ենք, մենք կրկին զարգացման տարբեր ուղիներ ենք դիտարկում: Եթէ, իհարկէ, ՀՀ վարչապետի աթոռին կառչած անձի ղեկավարութեամբ մենք ոչ թէ անդունդ գլորւելու, այլ, ինչպէս ինքն է կարծում, զարգացման ճանապարհին ենք այսօր:

Պետութիւն ունենալու կարողութիւնը, դժբախտաբար, չձեւաւորւեց ո՛չ նախկինների՝ երկրորդ ու երրորդ նախագահների, եւ ո՛չ էլ Փաշինեան Նիկոլի հոգեհայր առաջին նախագահի օրօք: Որի համար առաջնահերթութիւն դարձաւ ոչ թէ պետութեան կառուցումն ամուր եւ հաստատուն հիմքերի վրայ դնելը, այլ «սերգոջաների» լաւ ապրելը: Ինչի արդիւնքում, էն գլխից պետական մտածողութիւնից զուրկ հայաստանցու ուղեղում ձեւաւորւեց յանուն լաւ ապրելու պետութեան կայացման վրայ թքած ունենալու մտածողութիւնը: Ինչն էլ, ի վերջոյ, յանգեցրեց «նիկոլիզմը» մարմնաւորող անձին վարչապետ կարգելուն: Իսկ այնուհետեւ Արցախի կորստին ու այսօրւայ դառը վիճակին: Եւ այդ ամենից ազատւելու մի ճանապարհ կայ միայն. դա վարչապետի աթոռից Նիկոլին պոկելն է ու «նիկոլիզմը» պատմութեան աղբարկղ նետելը:

ՎԱԽԹԱՆԳ ՍԻՐԱԴԵՂԵԱՆ

Related Articles

Back to top button