Վարպետն ու կոտրւած հայելու մարգարիտները
Գեղանկարչուհի Ադենա Միրզախանեանը՝ կտաւից այս կողմ
ՀԱՏԻՍ – Վերջերս տեղի ունեցաւ իրանահայ գեղանկարչուհի Ադենա Միրզախանեանի «Կոտրւած հայելիներ» ցուցահանդէսը: «Կոտրւած հայելիներ»-ը նախագիծ է, որի մասին նկարչուհին պատմեց, որ տագնապների երանգով ապրումների մասին նկարագրող պատումներ են դրանք: Թւով 9 կտաւ, որոնցից 8-ը ցուցադրութեան էր հանել նկարիչը, իսկ միւս մէկի մասին արդէն պատմել է հարցազրոյցի ժամանակ:
Ադենա Միրզախանեանը արւեստի այն գործիչներից է, ով ակադեմիական կրթութեամբ է խորացել գործի մէջ, ինչը քեզ յուշում է այն մասին, որ լրագրողին իր տւած հարցերով են չափում:
Ադենան ԲՈՒՀ-ական համակարգում դասախօսելու փորձի կողքին տարբեր ուսումնարաններում վարել է գեղագիտութիւն եւ գեղանկարչութիւն դասերը: Դասախօսել է «Դանեշգահէ հոնար»-ում, որտեղ նաեւ ուսանողների ճաշասրահի որմնապատկերի հեղինակն է, ինչը արւեստի աշխարհիկ ապրումների առումով նախանձ առաջացնող առաւելութիւն եւ համարձակ քայլ է: Եղել է Էդնա Զէյնալեանի առաջին օգնականը թատերական ներկայացումների զգեստի ձեւաւորման աշխատանքներում: Դասաւանդել է նաեւ բարձրագոյն ուսման կոնկուրսի համար ուսանողներին պատրաստող ուսումնարաններում:
Ադենա Միրզախանեանը զրոյցից յետոյ պատմեց, որ մագիստրոսականի մուտքի կոնկուրսում զբաղեցրել է առաջին տեղը, ինչն իր գնահատմամբ քառասուն տեղով բարելաւել է բակալաւրի կոնկուրսին, քանի որ այն ժամանակ 40-րդ տեղով էր անցել: Մագիստրոսի որակաւորումով է շրջանաւարտ դարձել Թեհրանի «Դանեշգահէ հոնար»-ից՝ Գեղանկարչութեան ճիւղում, որտեղ նաեւ անց էր կացրել բակալաւրի ուսման շրջանը:
Անդամակցում է Իրանի Նկարիչների միութեանը, որպէս մնայուն անդամ, Իրանի Կերպարւեստի զարգացման կազմակերպութեան անդամ է նաեւ:
Արւեստի հետ Ադենա Միրզախանեանի կապը սկիզբ է առել դեռ մանկուց: Իսկ պատանի հասակում, երբ 14 տարեկան էր սկսում է մասնակցել նկարչութեան դասերի ու պարապմունքների: Վարպետից վարպետ, ուսումնարանից ուսումնարան շրջելով հասցնում է նկատել կերպարւեստում բազմազանութիւնն ու գաղափար կազմում ոճի ու ժանրի հասկացութիւնների ու երանգաւորումների մասին: Նա առաւել գրագէտ արւեստի աշխարհի հետ իր կապի համար շնորհակալ է իր հարազատ մօրաքրոջը, ով եւս «Դանեշգահէ հոնար»-ում աշխատում էր որպէս պաշտօնեայ եւ Ադենային ապահովում էր համապատասխան գրքերով:
Ո՛ր հարց տաս՝ փոքր ժամանակ երազում էիր ինչ դառնալ, գուցէ լսես՝ հէնց այդ երազանքներում էլ ապրում եմ, պատասխանը: Երկրորդ դասարանում գրած շարադրութիւնն է վկայակոչում, նկարիչ էր ուզում…
Չնայած՝ համալսարանի դասախօս լինելուն, պահպանել է ուսանողի աշխոյժ հայեացքն ու շունչը:
Նոյն ջերմութեամբ էլ ցուցասրահի պանդոկում քեզ ընդունում է ու սառչող սուրճի գաւաթի հետ միասին տեղաւորւում բազկաթոռին ու չգիտես երբ, գլխի ես ընկնում, որ տաքացած զրոյցը կարեւորածդ հարցերն է շօշափում ու չես հասցրել ձայնագրել…
Արւեստագէտի հետ զրոյցի ժամանակ է, որ կարելի է հասկանալ՝ նրան հարցեր ուղղելու համար նախապատրաստւելն անիմաստ գործ է: Նրանց մօտ ընթացքը կանխորոշւած չէ, պահի տակ կարող են երանգ հաղորդել ու ինքդ գլխի չընկնես, որ գուցէ արդէն քայլում ես մտապատկերի կտաւում:
– Տալիս ես՝ սխալ հարց ու դիմացը ստանում ճիշտ պատասխան: Այնպէս, որ մի իմաստուն մի անգամ ասել է, որ նկարչի համար իր ստեղծած կտաւներն իր երեխաների պէս են: Բա ինչու է նկարիչը վաճառում նրանց:
– Սկսնակ ժամանակ այո նման բաներ շատ են ասւում: Բայց երկար ժամանակ նման հարցերի մասին մոռացել էի: Ոչ էլ մտածում եմ այդպէս: Էլ ինչի համար նկարես, եթէ չպիտի վաճառես: Գեղանկարչութեան պատմութիւնը պէտք չէ այնքան էլ խորն ուսումնասիրած լինի մարդ, որ տեսնի նկարիչներն ինչպէս են ապրուստ վաստակել: Միւս բոլոր արւեստների պէս գեղանկարչութիւնն էլ ունի իր շուկան ու շուկայականը:
– Ցուցադրւած կտաւները նոր հասցէատէր գտե՞լ են:
– Այս պահին մէկից բացի միւս բոլոր գործերը վաճառւել են: Չնայած ոչ իրական գներով, բայց պէտք է հաշւի նստել իրանական արթ-շուկայի հնարաւորութիւնների ու տարողութեան հետ: Գոյացող գումարից ցուցահանդէսին հասանելիք բաժինը, որը կազմում է ընդհանուր գումարի շուրջ 40 տոկոսը, որ հանես, տակը կը մնայ իրադարձութիւնը խորհրդանշող բաժինը: Ցաւով պիտի ասեմ, որ ոչ մէկը չի գնալու հայի տուն: Հայերիս այնքան էլ չի հետաքրքրում կարծես գեղարւեստը:
– Դեռ կը վերադառնաք այս հարցին, մինչեւ այդ կուզենայի անցնել խնդրի լուրջ երեսին, որի մասին շատ քիչ գիտենք, կամ վարած զրոյցների մութ անկիւնում մոռացութեան է տրւել: Կոմերցիոն-արթի, կամ ստեղծագործութեան, հեղինակի եւ ցուցասրահի յարաբերութիւնների ու գործող պայմանագրերի մասին էի ուզում հարցնել: Կամ երբ ասւում է արտիստը այս կամ այն գալերիայի արտիստն է ինչ առաւելութիւններ է բերում նրան:
– Իհարկէ եթէ սահմանափակումն ու արտիստի թեւերը կտրելը առաւելութիւն համարես: Արդէն որոշ ժամանակ է, ինչ նոյն ցուցասրահի հետ նման գործարքի մէջ ենք: Համարւում եմ «Բաւան» գալերիայի արտիստներից մէկը: Սա շնչելու օրինակով անբացատրելի երեւոյթ է արւեստի ասպարէզում: Ո՛չ մի առաւելութիւն, ոչ էլ՝ բոնուսային կարգավիճակ չկայ:
– Կռահեցիք արդէն երեւի, թէ ինչ հարց եմ տալու հիմա…
– Եթէ շուկային յատուկ այդ ինչուների անհասկանալիների շարքից են, ապա ասեմ, որ յոյսը միջազգային շուկաներում յայտնւելու առիթն է նմանօրինակ գալերիաների հետ պայմանագրերի արդիւնքում: Որիշ ոչինչ:
– Գրականութեան դէպքում յիմարի տեսք կունենայ մարդ, եթէ լաւ գրւած վիպակի մասին հարց տայ՝ «էս ինչ լաւ գործ է, ի՞նչ գրիչով էք գրել»: Բայց սա հարց է, որը գեղանկարիչները յաճախ են հետաքրքրւում պատասխանով: Ինչ վրձին է, ներկի տեսակը, կամ օգտագործւած իւղամատիտը…
– Հեշտ հարցերից է, որը դժւար պատասխան ունի: Առաջին հայեացքից ասեմ, որ նպատակը նկարը դիտողի հետ հաղորդակից դարձնելն է: Այստեղ պատկերն է կարեւոր: Նման հարցեր տալիս են նոյնիսկ ոլորտի վարպետները: Հէնց իմ դասախօսներից մէկը տւեց նոյն հարցը: Ընդհանուր բան ասեմ միայն: Եթէ չճանաչես ներկն ու վրձնատեսակն ու կիրառած նիւթը, ասենք, պատմա-մշակութային հոգեւոր աժէք համարւող նախորդ դարերի մեծագոյն կտաւները չի յաջողւի վերանորոգել: Եթէ սրանով բաւարարւենք…
– Ցուցադրութեան հանւած նախագծի կտաւները չափսերով մեծ են: Հասարակութեան մօտ ոչ-մասնագիտական ձեւաւորւած կարծիք կայ: Այն, որ պրոֆեսիոնալ գործը պէտք է չափսերով մեծ լինի:
– Իրօ՞ք: Առաջին անգամ եմ լսում: Այնքան մեծ գլուխգործոցներ կան փոքր չափսերի: Հէնց դասականների շարքից: Կարող ես նոյն թանագարանում, որտեղ Դելակրոյի կամ Ժերիկոյի մեծ կտաւներն են ցուցադրութեան հանւած մի քանի մետր այն կողմ նոյն հաճոյքով դիտել Վեռնիէի փոքր չափսերով գործերը: Ես կապ չեմ տեսնում չափսի ու նկարչի արհեստավարժ լինել-չլինելու միջեւ, կամ սխալ կարծիք է, եթէ կայ: Իսկ ինչ վերաբերում է իմ նկարածներին ասեմ, որ չէին կարող փոքր չափսերով լինել: Ներկայացւած պատմութիւնն այնքան մանրուքներ է պարունակում, որ դրանց ցուցադրելը կարծես քեզ յուշում էր կտաւի չափսերի մասին: Իսկ փոքր չափսերով նկարներ, ես էլ, բոլորս էլ նկարած կը լինենք: Դա այսօր աւելի հեշտ է մտնում մարդկանց տները: Տեղափոխելը նոյնպէս աւելի հեշտ է ու քիչ վտանգաւոր: Օգտագործւելիք ներկը կարելի է տնտեսել ու աւելի քիչ ժամանակ ու նիւթ ծախսել: Ենթադրաբար աւելի հեշտ էլ է վաճառւում: Միաժամանակ քաղաքային կեանքն էլ իրենն է թելադրում: Տները փոքրացել են, պատին կախած փոքր գործով տունը գուցէ աւելի մեծ չափսերով տան տպաւորութիւն է գործում տնեցիների վրայ: Մի խօսքով: Չափսը էական չէ արհեստավարժ լինել-չլինելու վրայ: Բայց երբ արհեստավարժ ես, ապա գաղափար ես կազմել պահանջարկի մասին: Իվերջոյ դա էլ է արհեստավարժ լինելու յատկանիշ:
– Նկարը վաճառելու համար ինչ է պահանջւում նկարչից: Կայ պայմանագրի ձեւակերպում եւ այլն երեւի: Ո՞վ է պայմանների որոշողը:
– Իմ փորձի մասին կը խօսեմ: Միւսների դէպքում գուցէ այլ լինի, չգիտեմ: Վերջին հաշւով պիտի յարմարւել նաեւ ցուցասրահի պահանջների հետ: Դա քեզ ներկայացւում է որպէս գործող կանոնակարգ: Կտաւների գնացուցակի, վաճառքի հասոյթի փայաբաժինը, եւ գործերի ընտրութեան մասին վերջին խօսքը նրանցն է: Միայն մէկ դէպքում իմ կողմից մերժում կար: Կտաւներից մէկը հանեցի ցուցահանդէսից: Քանի որ ցենզուրայի օրինակով պահանջեցին կտաւից մի հատւած ծածկւի կամ նոյնիսկ փոփոխել այն: Իսկ արժեւորման մասին այնքան էլ պարզ հաշւարկներ չկան: Աննշան անունների գործերը երբեմն աւելի թանկ են գնահատւում քան… Միջազգայնօրէն ընդունւած կարգ կայ, հաստատ կայ, ուղղակի մեզ մօտ չեմ հանդիպել: Իսկ ինչքան գիտեմ գնորդը իրաւական սեփականատէրն է գործի, իսկ նկարիչը նոր օրինակներ ստեղծելու իրաւունք չունի: Չնայած չես էլ կարող նոյնը ստեղծել: Դա մի անգամ է լինում: Ապրած կեանքի պէս:
– Քիչ առաջ ասացիք, որ գնորդների մէջ հայերի չէք հանդիպել:
– Ցաւալի իրականութիւն է: Խօսքը միայն իմ գործերի մասին չէ: Միւս նկարիչներից էլ, որ հարցնէք երեւի նոյնը կասեն: Համայնքում արւեստին կարեւորութիւն տալու երանգն էլ է կորչում:
– Եթէ համեմատելու լինենք՝ «արւեստը պարապ ժամանակների զբաղմունք է» շունչը ամենուր նկատելի է:
– Դպրոցում գերազանցիկ էի: Ժամանակը որ եկաւ՝ իմացան, որ գնալու եմ արւեստի դպրոց, կամ ինչպէս սովորաբար գերազանցիկներից սպասելիք կար, չէի ցանկանում փոխադրւել մաթեմատիկայի կամ բնագիտութեան թեքումով միջնակարգ դպրոց: Կածրատիպ էր, թէ ինչ չգիտեմ, բայց կարծիք կար, որ ծոյլ ու դասից թռնող երեխաների, այսինքն վերջին ընտրութիւնն էր արւեստի եւ արհեստների ուսումնարանը: Չնայած ինչքան գիտեմ իմ դասընկերներից միայն ես եմ՝ դասախօսում համալսարանում:
– Արւեստի նկատմամբ այդ կարծրատիպն ու հասարակութեան վերաբերմունքը, որտեղից է ակունքաւորւել:
– Բարդ հարց է ու պատմական անցեալը պէտք է ուսումնասիրած լինես պատասխանելու համար: Ուղղակի այն մարդիկ, ում ներկայութեամբ արւեստն աւելի լուրջ տեղ էր զբաղեցնում համայնքիս զամբիւղում՝ գնացին, էլ չկան կամ դերակատարութիւն չունեն: Երբ չկաս, կեանքն ինքն է քեզ բացակայ դնելու ու հետքերդ էլ է մաքրւելու: Տան պատերն էժանով զբաղեցնելը լուրջ արւեստի հետ տարածութիւնն աւելին է խորացնում: Դեկորատիւ գործեր են: Գուցէ եւ գեղեցիկ, բայց չի կարող քեզ տալ այն, ինչն զգում ես կերպարւեստի թանգարան այցելելիս: Արւեստի հետ նոյնը կատարւեց երեւի ու լաւագոյն դէպքում դարձաւ հոբբի: Նոյնիսկ արւեստի գործիչների դէպքում արւեստը երկրորդ աշխատանքի տեղն է զբաղեցնում: Վերջապէս պէտք է կենցաղով էլ զբաղւել:
– Արդէն արհեստական բանականութեան երեւոյթի հետ էլ հաշւի նստելու պատճառներ ունի շուկան: Անթերի ու գերճշգրիտ սիմետրիկա… եթէ սա արւեստ չէ, ապա կարծում եմ ձեր զգացածը ժամանակն է բառերի լեզւով արտայայտէք, որ մեզ էլ հասկանալի թւայ:
– Ես ասացի չէ, որ էժանագին տեսակի գոյութեան փաստը կայ: Շատ տեղեկացւած չեմ արհեստական բանականութեան ստեղծածի հետ, կամ չգիտեմ դրանք կարելի է ստեղծագործութիւն անւանել թէ ոչ: Բայց գիտեմ, որ արւեստագէտի մօտ զգալի է կանխատեսումները, դեժաւիւն, մարդկայինը, կարեկցանքը, սէրը, էրոտիկան: Այս ցուցակը կարելի է շարունակել: Իսկ դրանք դժւար, թէ տեղ ունենան մեքենայի շարժիչում: Եթէ էլ զբաղւի, ապա արհեստական կը թւայ: Արւեստի ու արհեստի տարածութեան մասին է ասածս: Մէկը միւսի ներշնչանքն է, իսկ միւսը գործիքը:
– NFT-ներում չկա՞ք:
– Իրական ցուցասրահներում եմ: Կեանքի շօշափելի տեսակն եմ սիրում: Իսկ եթէ անկեղծ, ապա չեմ հասցրել գաղափար կազմել NFT-ների ու վիրտուալ արւեստի մասին:
– Թւայնացւած հարթակ, որտեղ ստեղծագործութիւնները նոյնպէս թւայնացւած են: Վաճառքը նոյնպէս թւայնացւած արժոյթով է՝ «քոյն»-երով: Գալերիաներում այլեւս նկարներն ու կտաւները տարբեր չափսերով չէ, որ երեւում են: Ամէն բան օգտատիրոջ բռում տեղաւորւող բջջայինի էկրանի չափսերի է: Մի խօսքով փոփոխւող աշխարհի տեսակներից…
– Լաւ է ասւած: Իսկ հարցի մասին գլխի չընկայ…
– Սա չի խանգարո՞ւմ ձեզ՝ անալոգ աշխարհի արւեստագէտներիդ:
– Ինչով պիտի խանգարի: Տեսածդ մարդու հետ շփւելը մինչեւ նրա լուսանկարը նայելն ու մասին գաղափար կազմելը նոյնը չեն: Գնում ես թանգարան ու մօտկից առնչւում մեծանուն արւեստագէտների գործերին: Այն քեզ կարող է այնպէս փոխել, այնպէս ցնցել, բարձրացնել կամ նոյնիսկ կոտրել ներսից, որ թանգարանը թողնելուց յետոյ այլեւս նոյն մարդը չլինես: Այստեղ է գոյանում էկրանից նայելու եւ մօտկից տեսնել-յարաբերւելու տարբերութիւնը:
– Ձեր ցուցադրութեան հանած գործերի փոխարէն անցանք միւս բոլոր խնդիրներին:
Եթէ վերադառնանք «Կոտրւած հայելիներ» ցուցահանդէսին ու փորձենք մէկ պատասխանի սահմաններում մեկնաբանել տեղի ունեցածը…
– «Կոտրւած հայելիներ»-ը աւելի քան 7 տարի տեւած ուսումնասիրութիւնների ու հետազօտութիւնների արդիւնք է: Իսկ այդ բոլորը կտաւին եմ յանձնել վերջին չորս տարիների ընթացքում: Թւով 9 կտաւ՝ ձեր նշած՝ մեծ չափսերի: Չափսի հարցում ունեցած որոշումն ու ընտրութիւնը եւս հէնց այնպէս չի եղել: Նկարներում այնքան շատ են մանրուքներն ու լուսանցքում երեւացող դրւագները, որոնց պէտք էր յատկացնել տարածք կտաւի վրայ: Իսկ կիրառած տեխնիկան պատկերների կոլաժային լուծումներով համադրումն էր, ինչն իրականացւել է մէկը միւսի վրայ նկարելու կամ նոր պատմութիւնը միւսով ծածկելու կամ սրտի միջից դուրս քաշելու հնարքով: Գոյների ընտրութեան, կոմպոզիցիայի բարդ համադրութիւնների, եւ, որ կարեւորն է հիմնական ներշնչանքի զարկերակը, որպէս գործի ողնաշար, նոյնպէս առանցքային խնդիրներից է եղել: Բոլորի դէպքում թեման ժամանակակից մարդու յուզումներն ու տագնապներով լի կենսակերպն է, մտազբաղութիւնն ու այդօրինակ կոնտրաստային վիճակը նոյնպէս: Իւրաքանչիւր կտաւի վրայ աշխատել եմ 7-ից 8 ամիս: Իրականացման օրերին տեղի ունեցաւ Արցախեան 44-օրեան: Այնքան խորն էր վէրքը, որ այդ օրերի յուզումները չէին կարող տեղ չունենալ իմ այս նախագծում: Կտաւում երեւում է Անուշ Բաբաջանեանի լուսանկարներից մէկի՝ արցախցու տան ջարդւած պատուհանի ներշնչանքից գոյացած նկարը: Իսկ մնացած հատւածներում համապատասխան յոյզերի մասին պատմող դրւագներն են խօսում… Ինչքան էլ փորձելու լինես միտքդ ազատել աշխարհիկ համարւող կապանքներից, դարձեալ ինքնութիւնդ մի անկիւնից դուրս է ծորալու…
– Պատճա՞ռը, թէ ինչի է կարեւոր իւղաներկով, թէ ջրաներկով նկարելը: Վերջին հաշւով պատկերը չէ՞, որ պիտի խօսի: Նոյնը կը լինէր եթէ գրողին հարց տաս՝ ստեղծագործելիս նախընտրում է ո՞ր գրիչով գրել:
– Նախագիծս ջրաներկով է արւած: Ինքնանպատակ չէ: Այդպէս եռաչափ տպաւորութիւնն ես բացառում: Պատմութիւնը երկչափ դրւագներ էր պահանջում: Անստւեր, տափակ լոյսի տպաւորութեամբ… Իսկ իւղաներկը կարող էր եռաչափ դարձնել այն: Չնայած հարցին աւելի հիմնական պատասխանելու համար պէտք կը լինի թերթի մի ամբողջ համար յատկացնել: Բայց նկարչի վրձնի ու ներկի ընտրութիւնը գալիս է հէնց նրա ընտրած տեխնիկայից ու ասելիքից նաեւ:
– Համալսարանում դասախօս էք աշխատում: Իսկ տանը նկարում էք: Դժւարանում եմ ասել ազատ ժամանակների բան է նկարելը թէ ինչ…
– Նկարչի համար նկարելն աշխատանքային ժամ է: Նախագծի իրականացման օրերին, չորս տարի ամէն օր, առաւօտեան ժամը 7:00-ից սկսել եմ կտաւների հետ աշխատելը մինչեւ օրւայ աւարտին վրձնից պոկւելը: Հիմա էլ նոյնն է: Արթանանում ու նկարում եմ: Ազատ ժամանակներին էլ խոհանոցում եմ լինում, ընթերցում եմ, կամ տան ու անձնական գործերով եմ զբաղւած:
– Որպէս նկարիչ եւ ոլորտի ԲՈՒՀ-ական հայեացքով դէմք, ինչպէս էք վերաբերւում՝ այն աշխատութիւններին, որոնք ժամանակակից կոչւելու համար իմաստն են թիրախաւորում:
– …Եթէ աւելի յստակ…
– … Իմաստը կորցրած փորձերի, ինչպէս 120 հազար դոլար արժողութեամբ շրջանակին կպչուն ժապաւէնով ամրացւած բանանի դէպքն էր, որն ի դէպ, ցուցադրութեան էր հանւել Մայեամիի միջազգային ցուցահանդէսում, կամ դանիացի նկարչի 84.000 դոլարանոց դատարկ շրջանակների ցուցադրութիւնն էր Դանիայի ժամանակակից արւեստի թանգարանում՝ «Վերցրու փողը եւ ծլկիր» անւանումով:
– Ես էլ գիտէի լուրջ հարցազրոյց է:
– Բայց ժամանակակից արւեստի ու շուկայի օրինակներից չե՞ն դրանք:
– Այդ բանանը այցելուներից մէկը պատից պոկում ու տեղում ուտում է: Յետոյ պարզում են, որ անյայտ նկարիչ է եղել: Ուտելիս էլ բարձրաձայն ասել է, որ սա պերֆորմանս է «սովամահ նկարիչը» անունով: Ամէն դէպքում պատմութեան ընթացքում անեկդոտային սահմաններում երեւոյթները երբեւէ չեն պակասել: Չմոռանանք, որ, այսօր էլ մարդիկ պատրաստ են երկար տարածութիւն կտրել՝ մօտկից դիտելու արւեստի այն գլուխգործոցները, որոնք կարող են գլխից ներս բան փոխել:
– «Դիջիթալ-արթ» տեսակի մասին ինչ կարծիքի էք: Փոփոխութիւնները ակներեւ են: Եթէ ժամանակին նկարիչն ինքն էր արտադրում կտաւին պէտք եղած ներկը, ապա այսօր դուք այն գնում էք խանութներից: Դիջիթալ արտիստն էլ գոյնի ընտրութեան է գնում համակարգչային համապատասխան հարթակում եղած յաւելւածներում:
– Խնդիր չեմ տեսնում: Վերջին հաշւով գեղանկարչութիւնը տեխնոլոգիաների օգնութեամբ առաւել մատչելի դառնալու ընթացքի մէջ է եղել միշտ: Դա դրական է ազդում նաեւ արւեստի տարածման գործին նոյնիսկ: Տեխնոլոգիայի զարգացումից վախենալն անիմաստ է… ժամանակին ասւում էր, որ գեղանկարչութիւնը մի կողմ է քշւելու, եթէ լուսանկարչութիւնը տարածում գտնի: Յետոյ նոյնը ասւեց լուսանկարչութեան մասին, երբ ի յայտ եկաւ կինեմատոգրաֆիան: Բայց այսօր ե՛ւ գեղանկարչութիւնը կայ, ե՛ւ լուսանկարչութիւնը… կինօն էլ մրցակցութեան մէջ է հեռուստատեսութեան հետ: Իսկ այս բոլորը միասին՝ սոցիալական ցանցերի…
– Իրանահայ ժամանակակից ո՞ր արտիստին էք աւելի շատ հաւանում:
– Եկէք այս հարցին պատասխանենք, որ քանի արտիստ ունենք: Քանի՞սն են միթէ: Եղածներն էլ կամ չեն ստեղծագործում, կամ արտագաղթել են: Այսքան տարի դասաւանդելուց յետոյ միայն երկու հայ աշակերտ եմ ունեցել…
– Գուցէ կան, բայց ձեզ մօտ չեն եղել:
– Խօսքը քանակի մասին է: Որակը մնայ երկրորդ քննարկումների համար: Հները թւով աւելի շատ էին: Թողած ազդեցութիւնը նոյնպէս: Անունների մեծութեան մասին էլ չասենք, Մարկօ Գրիգորեան, Էդման Այւազեան, Սերժ Աւագեան, Սոնիա Բալասանեան, Սեդրակ Նազարեան, ի դէպ միակն է, որ դասախօսել է «Ալամէ» համալսարանում…
– Նախորդ սերնդի մասին յուշեցիք: Յիշեցի մի պատմութիւն, որտեղ փաստացի կերպով մէկի աշխատութիւնը սրբագրւել է միւսի ձեռամբ: Ինչ կասէք այս մասին:
– Եթէ իմանայի ում մասին է խօսքը աւելի յստակ պատասխան կունենայի:
– Էդման Այւազեանի ձեռքի գործն է Սուրբ Սարգիս եկեղեցու որմնապատկերները: Յեղափոխութիւնից յետոյ ստիպւած եղան զգեստաւորել որմնապատկերներում եղած մարմինները: Հեղինակի բացակայութեան բերումով գործը վստահւել է Սեդրակ Նազարեանին:
– Նախ ասեմ, որ երկուսն էլ մեծ անուններ են: Իսկ նման դէպքում հաստատ կայ իրաւական ու իրաւունքների եւ տեղեակ պահելու, կամ համադրելու հարցը: Իհարկէ ինձ ծանօթ պատմութիւն չէր սա: Ու գիտեմ, որ Էդման Այւազեանը նոյնիսկ եթէ նման բան է կատարւել իր ստեղծագործութեան հետ, դարձեալ իր կատարած աշխատութիւնների ցուցակում նշւած գործերից մէկն է ներկայացրել նոյն այդ որմնանկարը: Կարեւոր է նաեւ այն փաստը, որ երկրորդ անձի կատարած աշխատանքի արդիւնքում գործն ինչպէս է ընկալւել: Այստեղ եւս կայ իւրայատուկ արւեստի ու վարպետութեան փաստը: Երեւի դուք այլ առիթով արժէ հէնց վարպետից (Սեդրակ Նազարեանից) պարզէք գործի հանգամանքները:
– Գեղանկարչութիւնը վաճառւելուց յետոյ դրա հնարաւոր վնասւելու կամ նոյնիսկ սրբագրելու դէպքում ի՞նչ է ենթադրում հեղինակի իրաւունքներ հասկացութիւնը:
– Պէտք է ծանօթ լինել մինչ այդ եղած նախադէպերի պատմութեանը:
– Գրականութեան կամ լուսանկարչութեան, կամ երաժշտութեան դէպքում կայ յստակ մօտեցում՝ չի թոյլատրւում փոխել կամ ինչ որ բանով համեմել ստեղծագործութիւնը: Իսկ գեղանկարչութեան դէպքում ինչպէ՞ս է:
– …Կարծում եմ դրա համար պատասխան չկայ, այլապէս միլիոն հատ «Մոնալիզա» կամ «Վերջին ընթրիք» չէին նկարելու կամ…
– Գեղեցկութի՞ւն են տարածում թէ ինչ…
– Թէ ինչ: Գեղանկարը անպայման չէ, որ պէտք է գեղեցկութիւն ստեղծի, կայ «տգեղ» նկարող նկարիչների շարժում: Նկարչութիւնը ստեղծում է պատկեր, մնացածը գնահատականներ են, որոնք ժամանակի ընթացքում կարող են փոփոխական լինել, բայց գործը մնայ ժամանակից դուրս: Կոտրելով ժամանակավրէպ լինելու սահմանները:
– Գեղեցիկ է հնչում: Բայց ածականներով խօսքի տեսակին է մօտ: Տողերում կարելի է առանց ածականների ստեղծել այդ մուդը: Բայց գեղանկարչութեան մէջ ածականներից ազատում չկայ:
– Կայ: Հէնց այդ ածականներն են դառնում բայեր, եթէ արւեստագէտը տիրապետում է ասելիքին: Հէնց դրա համար է, որ հէնց այնպէս աննպատակ ցուցահանդէս դնելու մասին չեմ մտածել: Վախ կայ մօտս: Վախ ասելիք չունենալու, վախ՝ ցուցահանդէս անել՝ ցուցահանդէս արած լինելու նպատակով… իվերջոյ եթէ ասելիքի պակասը կայ, այն լրացնելու ես անիմաստ խօսքերով, կամ խօսքերով, որոնք ասելու համար չեն: Դա դաջւելու է անհատի անցեալի անյաջող էջերից մէկում: Այնպէս, որ այսօրւայ արւեստի շուկան աւելի շատ աղմկում է, խօսելու փոխարէն…
Յ.Գ.- Ընթացքում զրուցեցինք նաեւ արւեստի իմաստի, շուկայի թելադրած շունչի, ժամանակակից հասկացութեան իմաստի, հասկանալու համար ստեղծւած գեղեցկութեան եւ գեղեցկութիւն կերտելու միջոցով իմաստաւորելու, իմաստը շրջանցող գեղեցկութեան, տգեղութիւն ստեղծող նկարիչների խմբի …, որոնք ստիպւած դուրս են թողնւել մեր այս էջի տարածութիւնից:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ