Պէտք է հետամուտ լինենք Արցախն ազատագրելու, այնտեղ վերադառնալու հարցում
Արցախն իր անկախութիւնը ձեռք է բերել ինքնորոշման իրաւունքի հիման վրայ եւ ՀՀ ստորագրած որեւէ փաստաթուղթ չի կարող արցախահայութեանը զրկել այդ իրաւունքից։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում այդ մասին ասել է Արցախի խորհրդարանի պատգամաւոր Վահրամ Բալայեանը։
«ՀՀ ստորագրած ոչ մի փաստաթուղթ իրաւական առումով չի կարող խանգարել, որ արցախահայութիւնն իրացնի ինքնորոշման իրաւունքը։ Իհարկէ, եթէ, այսպէս կոչւած, «խաղաղութեան պայմանագիր» ստորագրւի՝ առանց Արցախի հետ կապւած վերապահման, ապա հետագայում հնարաւոր է դա պատրւակ դառնայ ու բարդացնի մեր ճանապարհը։ Այսինքն, ինչպէս ՌԴ-ն է ասել, թէ ՀՀ իշխանութիւնը ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, ոչինչ չենք կարող անել, այնպէս էլ այդ պայմանագիրը կարող են պատրւակ դարձնել, եթէ չցանկանան, որ Արցախի հարցը լուծում ստանայ, բայց կրկնում եմ՝ դա իրաւական առումով չի կարող խանգարել, որ շարունակենք ինքնորոշման ճանապարհը։ Չմոռանանք, որ Արցախն ինքնորոշւել էր իր տարածքի վրայ եւ ոչ թէ Ադրբեջանի կամ այլ պետութեան»,- ասել է Բալայեանը եւ համոզմունք յայտնեց, որ որեւէ «խաղաղութեան պայմանագիր» չի ստորագրւելու, քանի որ Բաքւի ախորժակը բաւականին մեծ է եւ այն չի սահմանափակւել Արցախով, այլ ուզում է զաւթել ամբողջ Հայաստանը։
Դիտարկելով համաշխարհային պրակտիկան՝ պատգամաւորն ուշադրութիւն է հրաւիրում այն հանգամանքի վրայ, որ պատմութեան ընթացքում եղել են բազմաթիւ դէպքեր, որ փաստաթղթերն ու պայմանագրերը կնքւելուց որոշ ժամանակ անց խախտւել են․
«Իհարկէ, ցանկալի է ստորագրել այնպիսի պայմանագիր, որը քո ազգի շահերից կը բխի, բայց որեւէ փաստաթուղթ չի խանգարել, որ այս կամ այն հարցը նորից վերաբացւի կամ տարածքների փոփոխութիւն լինի։ Մոլոտով- Ռիբենտրոպ պայմանագիր է եղել, բայց դա չի խանգարել, որ Գերմանիան ռազմական գործողութիւն սկսի ԽՍՀՄ դէմ։ Այնպէս որ, եթէ անգամ նման պայմանագիր կնքւի ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ, ապա դա չի կարող փակել Արցախի հարցը։ Անընդհատ քաղաքական իրավիճակն աշխարհում փոփոխւում է, ու մենք պէտք է չդադարենք պաշտպանել, տէր կանգնել մեր իրաւունքներին, չպիտի դադարեցնենք հայրենիք վերադառնալու համար պայքարը։ Պէտք է հետամուտ լինենք Արցախն ազատագրելու, այնտեղ վերադառնալու հարցում»,- նշել է Բալայեանը։