Բանակցութիւնների առանցքում պիտի լինէր գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան վերադարձի հարցը, անգամ բանակցութիւնները սառեցնելու նախապայմանով
Aravot.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը
– Մարդու իրաւունքների պաշտպանութեան օրը, Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ 30 տարի ժամանակ եւ ռեսուրս ենք ծախսել մի խնդրի վրայ, որն ի սկզբանէ անլուծելի էր, քանի որ Լիսաբոնի գագաթնաժողովում՝ 1996 թւականին, մեզ, ըստ էութեան ասել են, որ Արցախի հարցի ամենաբարձր նշաձողը Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ լինելն է. հետաքրքիր են ձեր դիտարկումներն այս առիթով եւ ուշագրաւ է, որ արցախահայութեան իրաւունքների, այդ թւում իր հողի վրայ ապրելու, ինքնորոշւելու մասին, ինչը նաեւ 30 տարիների բանակցային գործընթացի թեմա է եղել, Նիկոլ Փաշինեանը չի խօսել, չի խօսում։
– Հայաստան եւ մարդու իրաւունքներ. մի տեսակ կոգնիտիւ դիսոնանս (աններդաշնակութիւն,-ԽՄԲ.) առաջացնող համադրութիւն է: Իսկ Նիկոլ Փաշինեանը շարունակում է անգերազանցելի մնալ ստի, մանիպուլիացիաների եւ ազգային- պետական շահերն ու մեր հաւաքական հեռանկարը հարցականի տակ դնելու իր վարքագծում: Իր ողջ խօսոյթը կառուցւած է սեփական պարտութիւնը արդարացնելու ցածր մղումներով: Արդէն հինգ տարի ձգւող հերթական հակապետական հռետորաբանութիւնն է նշաձող իջեցնող, միջազգային վարկանիշ ու բանակցային կարողութիւն չունեցող մի մարդու, որը փորձում է հասարակութեանը պարտադրել սեփական պարտւողականութիւնն ու ամլութիւնը: «Միայնակ ամբողջ աշխարհի դէմ պիտի կռիւ չտանք, որովհետեւ չենք կարող տալ», սա էլ է իր յայտարարութիւնը: Իսկ Հայաստանի նախորդ իշխանութիւնները ներկայացնող ոչ մի նախագահ եւ երբեք իր ստորագրութիւնը չի դրել Արցախի ինքնորոշման իրաւունքը մերժող որեւէ փաստաթղթի տակ, ոչ էլ հայրենազրկողի յայտարարութեամբ է հանդէս եկել: Արցախի կարգավիճակը մշտապէս եղել է բանակցային գործընթացի առանցքում, իսկ ՀՀ իշխանութիւնները ճանաչել են ԼՂ ժողովրդի քաղաքական ինքնութիւնը, սեփական տարածքի ամբողջականութիւնը, ինքնորոշման իրաւունքը, նաեւ սեփական ուժերով անվտանգութիւնն ապահովելու իրաւունքը: Ասեմ նաեւ, որ Մինսկի խմբի համանախագահող եռեակի կողմից ընդունւել են հինգից աւելի յայտարարութիւններ՝ ստորագրւած ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների մակարդակով, ուր ամրագրւած է ինքնորոշման իրաւունքը: Աւելացնեմ նաեւ ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ մի քանի տասնեակ յայտարարութիւններ: Խաղաղութիւն մուրալը՝ առանց թուրք-ադրբեջանական ագրեսիային գնահատական տալու, առանց նրանց միջազգային պատասխանատւութեան, առանց քաղաքական եւ միջազգային գնահատականի, առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման, յանգեցրեց թուրք-ադրբեջանական ցեղասպանական վարքագծի լեգիտիմացմանը:
– Ժողովրդավարութեան բաստիոն Հայաստանում մարդու իրաւունքների պաշտպանութեան օրը նշւում է մի իրավիճակում, երբ մարդիկ կալանաւորւած են քաղաքական այլախոհութեան պատճառով՝ Արմէն Աշոտեան, Նարեկ Մալեան եւ այլն, ցուցակը 50-ի է հասնում։ Արմէն Գրիգորեանը մահացաւ դատարանում՝ դարձեալ քաղաքական այլախոհութեան պատճառով էր յայտնւել մեղադրեալի աթոռին։ Քրէական հետապնդման են ենթարկւում մարդիկ՝ անգամ սոցցանցային գրառումների համար։
– Հայաստանը շարունակում է մնալ մասնակի ազատ երկիր, սա «Ֆրիդոմ հաուսի» գնահատականն է: Կորսւած սուվերենութեան, պետական ինստիտուտների տոտալ կազմաքանդման, քաղբանտարկեալների, ոստիկանական բռնութիւնների ու ամենաթողութեան, դատական համակարգը ռեժիմի լծորդ դարձնելու, հակաօրինական ճանապարհով ՏԻՄ մակարդակներում իշխանութիւնը լկտիաբար զաւթելու, բարոյական արժէքների ու կարմիր գծերի ոչնչացման, ներազգային աներեւակայելի պառակտման, արժէքային դեգրադացման, հազարաւոր հայրենազուրկ հայրենակիցների, վախի ու տոտալ ապատիայի մեր ժամանակներում մարդու իրաւունքներից խօսելը իրատեսական չէ: Յիշենք հակակոռուպցիոն յանձնաժողովի անդամի օրերս տեղի ունեցած ընտրութիւնը ԱԺ-ում: Ես հին քաղաքաբնակ եմ. այսպիսի ամենաթողութիւն, զոռբայութիւն եւ ցինիզմ չեմ յիշում: Երկրում հակակշռման եւ զսպման մեխանիզմները չեն աշխատում: Պետականութեան գիտակցումը փոխարինւել է սեփական իշխանութիւնը պահելու գերնպատակով: Ու չդադարող մեղադրանք-ռեւիզիա՝ անցեալն է մեղաւոր… Ու տօնածառ, ու էլի խոշտանգւող Հրապարակ… Ես մեզ չեմ ճանաչում…
– Անգամ մարդու իրաւունքների պաշտպանութեան օրը ՀՀ իշխանաւորները չեն խօսում մարդասիրութեան, պայմանաւորւածութիւնների եւ միջազգային իրաւունքի նորմերի խախտումներով Բաքւի բանտերում յայտնւած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին, գերեվարւած մեր միւս հայրենակիցների մասին։ 32-ի մասով յայտարարւեց, բայց 23 հաստատւած գերիների եւ 80 չհաստատւածների ճակատագիրը դեռ անյստակ է։
– Որ գերիներ պիտի վերադառնան՝ հրաշալի է: Բայց նոյնիսկ նոյեմբերի 9-ի յայտարարութեան յանձնառութիւններ չեն կատարւում, եւ Հայաստանն իբրեւ բանակցող կողմ անընդունելի պասիւ է, թուրք- ադրբեջանական նարատիւներին համահունչ: Իմ խորին համոզումով, բոլոր բանակցութիւնների առանցքում պիտի լինէր գերիների վերադարձի, Արցախի հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան վերադարձի հարցը, անգամ բանակցութիւնները սառեցնելու նախապայմանով: