Հայաստան - Արցախ

Արցախի սկաուտները Շւեդիայում մասնակցել են միջցամաքային համաբանակումի

ՀՄԸՄ Արցախի մեկուսի մասնաճիւղի 10 սկաուտներից կազմւած խումբը յուլիսի 13-ից 19-ը մասնակցել է Շւեդիայում կազմակերպւած միջցամաքային համաբանակումի, որին ներկայ էին 10 երկրների պատւիրակութիւններ։ Բանակումն անց է կացւել Վասար-Օ սկաուտական կղզում։ Արցախցի սկաուտների համար դա երկրորդ ճանապարհորդութիւնն է այլ երկիր, եւ այս անգամ եւս նրանք հիանալի տպաւորութիւններով են վերադարձել Հայաստան. նոր բացայայտումներ, նոր ծանօթութիւնններ ու յագեցւած օրեր… ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամ Սանդրա Վարդանեանը Հայաստանի պատւիրակութեան հետ մեկնել էր Շւեդիա եւ ամէն մի հարցում երիտասարդների կողքին էր՝ պատրաստ օժանդակելու ընթացիկ աշխատանքներին։

Վիկտորիա Մկրտչեան

– Մեր խմբում 19 հոգի էինք, 10-ը՝ Արցախից, 9-ը՝ Հայաստանից եւ մէկ հոգի Հայաստանի վարչութիւնից։ Մեր օրերը շատ բովանդակալից էին, ու մօտ մէկ շաբաթ տեւած բանակումի ընթացքում շուրջ 170 մասնակից առաջնորդւել է սկաուտների ամենակարեւոր կարգախօսներից մէկով՝ մէկը բոլորի համար, բոլորը՝ մէկի: Կարգապահութիւնն ու մաքրութիւնը ճամբարում առաջանային կարեւորութիւն ունեն ու մեզանից իւրաքանչիւրը հաւատարիմ է մնացել այդ կանոններին։ Վառ տպաւորութիւններով, նոր գիտելիքներով ու հմտութիւններով ենք վերադարձել տուն:

Լիլիթ Բաղդասարեան

– Շատ մեծ սպասելիքներ ունէինք, ու կարելի է ասել, որ մեր բոլոր սպասելիքներն արդարացւել են, քանի որ ծրագիրն ու պատասխանատուների կազմը շատ լաւն էր։ Մեր երկրորդ ճանապարհորդութիւնն էր՝ Լիբանանից յետոյ։ Շրջափակման պատճառով չենք կարողացել մասնակցել մի շարք ծրագրերի։ Վերջին ՀՄԸՄ բանակումին, որ տեղի է ունեցել Բիւրականում, մենք միացանք օնլայն։

Շւեդիան մեզ համար բացայայտումների երկիր էր՝ իր մշակոյթով եւ բնութեամբ։ Թէկուզ բոլորս հայ էինք, բայց ներկայացնում էինք տարբեր երկրների մշակոյթ։ Ոչ մի նմանութիւն չունէինք իրար հետ եւ զարմանքով էինք հետեւում միմեանց, որը նոյնպէս հետաքրքիր էր։ Ծրագիրը յագեցած էր։ Բանակումը կազմակերպւել է հէնց սկաուտական կղզում, ու երբ իմացել ենք այդ կղզու պատմութիւնը, մեծ հպարտութիւն զգացինք, որ մասնակիցն ենք այդ ծրագրի։ Այդ օրերի ընթացքում կարողացանք լրիւութեամբ բացայայտել կղզին, եղանք նրա ամէն մի մասում։ Մթնոլորտը շատ անկաշկանդ էր ու մենք՝ որպէս արցախցի, միշտ ուշադրութեան կենտրոնում էինք։ Այդ օրերը մեզ համար տպաւորիչ ու անմոռանալի կը մնան։

Լիզա Գրիգորեան

– Ծրագրի ամենահետաքրքիր մասը անւանաքարտեր (բէյջ) ստանալն էր, որը տրամադրւում էր ըստ մեր ունեցած ունակութիւնների։ Սկաուտները ակտիւութիւն էին ցուցաբերում, որ յաղթող ճանաչւեն՝ ճաշ պատրաստելու, թիավարելու, մագլեցելու, լեռնագնացութեան, ձեռային աշխատանքների եւ այլ հմտութիւնների համար։ Կազմակերպւում էին տարբեր մրցոյթներ, խաղեր, արշաւներ։ Մեզ համար հետաքրքիր ու համով էին նաեւ շւեդական ճաշատեսակները։

Բանակումի փակումից յետոյ կազմակերպւել է տօնախմբութիւն, երեկոյեան խարոյկահանդէս։ Տպաւորիչ էին ազգային պարերը, որ ներկայացւել են այդ օրը։ Բոլորն էլ հայեր էին, սակայն բոլորի մօտ ամէն ինչ ուրիշ էր՝ անգամ հագուկապը, կեանքին նայելը։ Պարերն էլ մատուցւում էին իւրովի։ Միեւնոյն ժամանակ ուրախալի էր, որ երիտասարդներից իւրաքանչիւրը ծնւելով եւրոպական տարբեր երկրներում, միեւնոյն է, իրենց հայ են համարում, խօսում հայերէնով եւ հպարտանում իրենց ծագմամբ։ Այդ օրը Արցախի վերաբերեալ երգեր հնչեցին, եւ իւրաքանչիւրի դէմքին ցաւ էր նկատւում։ Ու մենք կրկին համոզւեցինք, որ Արցախի կորուստը համընդհանուր ցաւ է։ Տպաւորիչ էր վերջին օրւայ ընդհանուր աղօթքի ծիսակատարութիւնը։

Արցախցի սկաուտներն աւարտեցին հերթական բանակումը եւ, իհարկէ, սպասում են նոր բանակումների կազմակերպման, որոնք հոգէպէս ու ֆիզիկապէս կրթւելու, հայրենիքի համար պիտանի լինելու եւս մի հնարաւորութիւն է նրանց համար։

ԿԱՐԻՆԷ ԲԱԽՇԻԵԱՆ

Related Articles

Back to top button