Սփիւռք

Զօրի Դաւոյեան երիտասարդ ֆիզիկոս՝ փայլուն կարիէրայի նախաշեմին

Քէյմբրիջի համալսարանի ֆիզիկայի ամբիոնում, որտեղ ժամանակին աշխատել են Ժոզէֆ Ջան Թոմսոնը, Էռնեստ Ռազերֆորդը, Ջէյմզ Քլարք Մաքսուելը, Ստիւեն Հոքինգը եւ բազմաթիւ այլ աշխարհահռչակ ֆիզիկոսներ, այսօր դռներից մէկի վրայ կարելի է կարդալ «Զօրի Դաւոյեան» հայկական անուն ազգանունը։

Զօրի Դաւոյեանը ծնւել է 1997 թ. Թեհրանում։ Սովորել է Երեւանի Ա. Պուշկինի անւան հանրակրթական դպրոցում, իսկ միջնակարգ  կրթութիւնը ստացել է Միացեալ Թագաւորութեան Բեդֆորդ Սքուլ պատմական դպրոցում։ Դպրոցն աւարտելուց յետոյ, ընդունւել է Լոնդոնի «Իմպերիալ» համալսարանի ֆիզիկայի ամբիոնի տեսական ֆիզիկայի բաժին, սակայն վերադարձել է Հայաստան՝ կատարելու իր պարտադիր զինւորական ծառայութիւնը հայոց բանակում։ Ծառայութիւնն աւարտելուց յետոյ, սկսել է իր համալսարանական կրթութիւնը Լոնդոնի UCL համալսարանում։

Բակալաւրիական կրթութիւնը աւարտել է յատուկ կարգավիճակով. զբաղեցնելով բազմազգ կուրսի աւարտական վարկանիշային սանդղակի առաջին հորիզոնականը,  ընդգրկւել է համալսարանի Dean’s List (Դեկանի) ցանկում: Այս կապակցութեամբ, ֆակուլտետի դեկանի նրան ուղւած նամակում կարդում ենք՝

«Սիրելի Զօրի,

Ուրախ եմ Ձեզ տեղեկացնել, որ Դուք ընդգրկւել էք 2022 թ. Մաթեմատիկական եւ Ֆիզիկական գիտութիւնների ֆակուլտետի աւարտական կուրսի Դեկանի ցանկում (Dean’s List)։ Սա պատիւ է, որն ամէն տարի շնորhւում է միայն փոքրաթիւ ուսանողների՝ գնահատելու նրանց գերազանցութիւնը, իրենց ուսումնասիրած ասպարէզում։

Շնորհաւորում եմ Ձեզ այս ձեռքբերման համար։

Լաւագոյն մաղթանքներով՝

Պրոֆեսոր Այւըն Փարքին

Դեկան Մաթեմատիկական եւ ֆիզիկական գիտութիւնների ֆակուլտետ»

Այնույետեւ ընդունւել է Քէյմբրիջի համալսարանի ֆիզիկայի բաժին եւ իր MPhil (հետազօտական մագիստրատուրա) գիտական աստիճանը ստացել է 2024-ին։ Այժմ, նոյն համալսարանի կողմից հրաւիրւել է աշխատելու  դոկտորական թէզի վրայ, որի համար նրան տրամադրւել է համապատասխան ֆինանսաւորում։

Առաջին գիտական յօդւածը հրատարակութեան է յանձնել 2023-ին, երբ դեռ չէր էլ աւարտել մագիստրատուրան։ Յատկանշական է, որ լինելով  չորս հեղինակներից կրտսերագոյնը, Զօրին համարւում է յօդւածի գլխաւոր հեղինակը։ Յօդւածը լոյս է տեսել 2024-ի ապրիլին, ԱՄՆ-ում հրատարակւող Physical Review հեղինակաւոր ամսագրում։ Այս կապակցութեամբ, իր MPhil թեզի պաշտպանութեան քննական յանձնաժողովի նախագահ Ր.  Բարնետը գրել է՝ « …[Թէզի] երրորդ գլուխը ներկայացնում է սեփական հետազօտութիւնների արդիւնքները։ Հարկ է նշել, որ այն հիմք է հանդիսացել մի ծանրակշիռ հրատարակութեան համար, որը կարծում եմ, արտասովոր  ձեռքբերում է MPhil աստիճանի թէզի համար…»։ Զօրիի  համահեղինակած երկրորդ գիտական յօդւածը նոյնպէս անցել է գրախօսութեան եւ խմբագրման փուլերը եւ շուտով լոյս կտեսնի Physical Review ամսագրում (ԱՄՆ)։

Զօրի Դաւոյեանը որդին է հայ մեծանուն բանաստեղծ՝ Ռազմիկ Դաւոյեանի եւ թոռը՝ իրանահայ ճանաչւած մտաւորական՝ Հարփիկ Թամրազեանի։

Related Articles

Back to top button