ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միութիւնը Վանաձորում 11-րդ անգամ ճամբար է կազմակերպել երեխաների համար
ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միութիւնն արդէն 11-րդ անգամ Հայաստանի Լոռու մարզի մարզկենտրոն Վանաձորում ճամբար է կազմակերպում երեխաների ու պատանիների համար։ Այս տարի Կանադայից Հայաստան է ժամանել ճամբարի 10 վարիչ, մէկ տնօրէն, մէկ կազմակերպող։ Հայաստանի Երիտասարդական միութիւնից, Կանադայից ժամանած ընկերներին միացել է 7 ՀԵՄ-ական՝ (ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութիւն) որպէս վարիչ։ Ճամբարն ունի աւելի քան 200 մասնակից։ Նրանց մեծ մասը Վանաձորից են, կան նաեւ Արցախից բռնի տեղահանւած երեխաներ։
Վանաձորի ճամբարի մասնակից Մանէ Ղարաբէգեանն ասում է՝ երեխաները հաճելի օրեր են ունենում ճամբարում։ Նրանք արդէն նոր ընկերներ են գտել։ Վարիչները հոգատար են եւ ջանում են նոր գիտելիքներ փոխանցել երեխաներին։
Ճամբարի տնօրէնուհի Լիա Տէրտէրեանը 4-րդ անգամ է հայրենիքում։
«Այս տարի մեր ճամբարի թեման Արցախն է։ Խմբերն անւանակոչւել են Արցախի շրջանների անուններով։ Երեխաների հետ աշխատելը շատ հաճելի է։ Էներգիայով լեցուն են, միշտ պատրաստ նոր գիտելիքներ իւրացնելու», «Հորիզոն»-ի հետ զրոյցում պատմում է Լիա Տէրտէրեանը։
Ստեփանակերտից տեղահանւած Հայկուհի Գրիգորեանը քրոջ՝ Ադրինէի հետ է ճամբարին մասնակցում։ Ասում է՝ առօրեան յագեցած է․ արդէն նոր ընկերներ են գտել, նոր երգեր ու սպորտային խաղեր սովորել, հայոց պատմութիւնից հետաքրքիր դրւագներ լսել։ Հիմա Հայկուհու ընտանիքը Վանաձորում է ապրում, բայց նրա սիրտն Արցախում է։
«Կարօտում եմ Արցախը», յուզմունքը դժւարութեամբ զսպելով՝ ասում է 10-ամեայ Հայկուհին, մի քանի վայրկեան լռում, յետոյ արցախցուն յատուկ ձեւով ուժ է գտնում, շունչ քաշում ու աւելացնում. «Ես հաւատում եմ, որ վերադառնալու ենք Արցախ»։
11-ամեայ Ադրինէն քրոջ հարցազրոյցից յետոյ միանում է զրոյցին ու աւելացնում՝ ինքն էլ է վստահ, որ պիտի վերադառնան Արցախ։ «Առանց Արցախի կեանք չկայ»,- ասում է Ադրինէն։
10-ամեայ Էլէն Մկրտչեանն էլ է Ստեփանակերտից տեղահանւել։ Ասում է հիմա Վանաձորում է ապրում, ճամբարում էլ հետաքրքիր է անցնում առօրեան, բայց շատ է կարօտում Արցախի տունը, ընկերներին, ընտանի կենդանիներին․․․
Ճամբարի վաիչ Վայք Աճեմեանն առաջին անգամ է հայրենիքում։ Արդէն հասցրել է լինել Հայաստանի մարզերում։
«Մեր առաքելութիւնն է մարզել այս պատանիներին, որպէսզի նրանք իրենց առաքելութեանը հաւատարիմ ՀԵՄ-ականներ ու դաշնակցականներ դառնան։ Երեխաների հետ զրոյցները տպաւորիչ են։ Երէկ, օրինակ, արդարութեան մասին էինք խօսում եւ նրանց կարծիքներից ու տեսակէտներից տպաւորւեցի։ Այստեղ երեխաները միշտ ժպտերես են ու աշխոյժ։ Նոյնիսկ այս շոգ եղանակին աշխուժօրէն մարզւում են, վարժութիւններ կատարում»,- պատմում է Վայք Աճեմեանը։
Կանադայի Երիտասարդական միութեան անդամ Վանէ Տիմիթեանը Կանադայում նաեւ Պատանեկան միութեան վարիչ է, բայց Վանաձորում առաջին անգամ է որպէս վարիչ առաքելութիւն ստանձնել։
«Այստեղ օրերս շատ հետաքրքիր են անցնում։ Երեխաների մէջ այնքան հայրենասիրութիւն կայ, այնքան սիրով են նոր գիտելիքներ իւրացնում։ Նրանց հետ մեծ սիրով եմ աշխատում»,- պատմում է Վանէ Տիմիթեանը։
Ճամբարի մասնակիցները պարբերաբար հիւրեր են ունենում, զրուցում մեր հայրենիքին, հաւատին ու եկեղեցուն, ազգին, ազգային արժանապատւութեանն առնչւող տարբեր թեմաների մասին։ Նրանք արդէն հանդիպում են ունեցել հոգեւորականի հետ, այցելել եկեղեցի։ Օրերս ճամբարը հիւրընկալել էր «Որդիների կանչ» հասարակական կազմակերպութեան համահիմնադիրներ Արա Ռոստոմեանին՝ Արցախեան 44-օրեայ պատերազմում զոհւած Յակոբ Ռոստոմեանի հօրը եւ նոյն պատերազմում զոհւած Մխիթար Գալէեանի մօրը՝ Աստղիկ Գալէեանին։
Արա Ռոստոմեանը հպարտօրէն է նայում երեխաներին, որոնք այսօր հայրենասիրական ոգով են դաստիարակւում ու պիտի արժանի լինեն այն հերոսներին, որոնք զոհւեցին յանուն մեր սուրբ հայրենիքի։
«Սփիւռքահայ երիտասսարդներն իրենց գիտելիքներն են փոխանցում Հայաստանում ապրող երեխաներին։ Ուրախ եմ, որ մեր երեխաները դաստիարակւում են այս ոգով, ազգային արժէքներով են սնւում։ Յուսամ, որ նրանք աւելի խորութեամբ կ’ուսումնասիրեն մեր պատմութիւնը, կ’իմանան, կը կարդան նաեւ մեր տղաների հերոսական պայքարի մասին ու կը մեծանան որպէս նրանց արժանի սերունդ»,- ասում է Աստղիկ Գալէեանը։
ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ Մովսէս Արզումանեանն էլ յիշեցնում է՝ այս օրերին, ցաւօք, հայութեան շրջանում ապազգային գաղափարներ են արծարծւում, ուստի չափազանց կարեւոր է, որ երեխաների հետ վարիչները զրուցեն ազգային արժէքների, ազգային արժանապատւութեան ու հայրենիքի մասին։ Ճամբարի թեման Արցախն է, թեմաները յատուկ ընտրւած են։
«Մինչեւ օրս խօսել ենք արդարութեան, հաւասարութեան, միասնականութեան, քաջութեան, մարտունակութեան, պայքարելու, զինւորականութեան եւ բոլոր այն թեմաների մասին, որոնց մասին պէտք է իմանայ հայը։ «Հայ» ասւածն արժէքներ կրող հզօր մարդն է, որ պիտի իր արժէքներով, ֆիզիկական ու մտաւոր կարողութիւններով պաշտպանի իր երկիրը, շէնացնի հայրենիքը։ Հենց այս արժէքները երեխաներին փոխանցելն է մեր առաքելութիւնը։ Կարող եմ ասել, որ մեր վարիչները շատ լաւ գործ են անում, այս արժէքները, գիտելիքները փոխանցում են մեր պատանիներին»,- եզրափակում է Մովսէս Արզումանեանը։
Յասմիկ Բալէեան
Հորիզոն