Հիլի սերմերը ամրապնդում են օրգանիզմի բնական իմունային պաշտպանութիւնը

Ճապոնացի հետազօտողները պարզել են, որ հիլի սերմերի մզւածքը կարող է ակտիւացնել օրգանիզմի բնական հակաւիրուսային պաշտպանական մեխանիզմները։
Համաձայն Foods ամսագրում հրապարակւած յօդւածի, հիլի էքստրակտը եւ դրա հիմնական կենսաակտիւ բաղադրիչը՝ 1,8-ցինէոլը, ուժեղացնում են I տիպի ինտերֆերոնների՝ բնածին իմունիտետի առանցքային մոլեկուլների արտադրութիւնը, որոնք արգելափակում են վիրուսների բազմացումը։
Սինսիւ համալսարանի (Ճապոնիա) Բժշկութեան, գիտութեան եւ տեխնոլոգիայի բարձրագոյն դպրոցի Աբդուլլա Ալ Սուֆիան Շուվոյի գլխաւորած թիմը, S&B Foods Inc. ընկերութեան Մասահիրօ Կասսաիի եւ դոկտոր Թաքեշի Կավահարայի մասնակցութեամբ, ուսումնասիրել է, թէ ինչպէս են բուսական միացութիւնները փոխազդում նուկլէինաթթուների բջջային «սենսորների» հետ։ Դրանք կառոյցներ են, որոնք բջջի ներսում ճանաչում են վիրուսային ԴՆԹ-ն եւ ՌՆԹ-ն։
A549 թոքային բջիջների վրայ կատարւած փորձերի ընթացքում գիտնականները պարզել են, որ հիլի սերմերի տաք ջրային թուրմը ակտիւացնում է այդ սենսորները՝ բարձրացնելով ցիտոկինների մակարդակը, ներառեալ I տիպի ինտերֆերոնները։ Այս սպիտակուցները կարեւոր դեր են խաղում հակավիրուսային վաղ արձագանքման համար՝ օգնելով բջիջներին արգելափակել վարակը եւ վիրուսների տարածումը։
Հետազօտողները նշում են, որ ստացւած տւեալները հաստատում են հիլի ներուժը՝ որպէս բնական հակաւիրուսային միջոց։ Դոկտոր Կաւահարայի խօսքով, «հիլը վաղուց յայտնի է որպէս բուժիչ յատկութիւններով համեմունք, բայց այժմ մենք տեսնում ենք դրա ներուժը՝ որպէս վիրուսների լայն շրջանակի դէմ կանխարգելիչ միջոցների բաղադրիչ»։
Գիտնականները ընդգծում են, որ իրենց աշխատանքը սկսւել է դեռեւս մինչեւ COVID-19 համաճարակը, սակայն սննդամթերքի հակաւիրուսային յատկութիւնների նկատմամբ համաշխարհային հետաքրքրութիւնը ուժեղացրել է այս ուղղութեան արդիականութիւնը։ Աւելի վաղ նոյն խումբն արդէն ցոյց էր տւել, որ քարդամոնի թուրմը ունակ է կանխարգելել գրիպի վիրուսով վարակումը։
News.am



