Կարճ ֆիզիկական ակտիւութիւնը նւազեցնում է սրտի հիւանդութիւնների վտանգը

Օրական ընդամէնը երեք րոպէ չափաւոր ֆիզիկական ակտիւութիւնը նւազեցնում է սիրտ-անօթային հիւանդութիւնների եւ դրանցից մահացութեան վտանգը տարեցների մօտ: Այս եզրակացութեանն են հանգել Սիդնէյի համալսարանի գիտնականները։ Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Circulation ամսագրում։
Նախորդ հետազօտութիւնները ցոյց են տւել, որ նոյնիսկ առանց վարժութիւնների կատարման մարդիկ կարող են բարելաւել իրենց առողջութիւնը՝ կանոնաւոր կերպով կատարելով «դժւար» ամենօրեայ գործողութիւններ: Դրանք ներառում են մաքրութիւնը, գնումները կամ այգեգործութիւնը: Գիտնականները դրանք անւանում են «պատահական» ֆիզիկական ակտիւութիւն:
Նոր հետազօտութեան ընթացքում գիտնականները վերլուծել են մօտ 62 տարեկան աւելի քան 24000 մարդկանց տւեալները: Կամաւորների մասին տեղեկատւութիւնը տրամադրել է Մեծ Բրիտանիայի Բիոբանկը, որը մարդու կենսաբանական նմուշների մեծ պահեստարան է:
Հետազօտութեան բոլոր մասնակիցները իրենց ակտիւութեան մակարդակը ցածր են նկարագրել: Շարժունակութեան իրական մակարդակը հաստատելու համար կամաւորները եօթ օր իրենց դաստակներին կրել են շարժմանը հետեւող սարքեր):
Պարզւել է, որ նրանց մօտ, ովքեր օրական առնւազն երեք րոպէ անցկացրել են չափաւոր ակտիւութեամբ, զգալիօրէն նւազել է սրտի կաթւածի, ինսուլտի եւ սրտանօթային այլ հիւանդութիւնների ռիսկը։ Աւելին, առողջութիւնը բարելաււել է ամենօրեայ գործունէութեան ինչպէս տեւողութեան, այնպէս էլ ինտենսիւութեան աճով: Այն նաեւ պարզել է, որ կանայք տղամարդկանցից աւելի յաճախ են զբաղւում պատահական ֆիզիկական ակտիւութեամբ:
Գիտնականները կոչ են անում չթերագնահատել կենցաղային ակտիւութեան նշանակութիւնը. ճաշ եփելը, տան մաքրութիւնը, աշխատանքն այգում եւ առօրեական այլ գործողութիւնները կարող են կարեւոր դեր խաղալ տարիքի հետ սրտի հիւանդութիւնների կանխարգելման գործում։
news.am