Գիտնականները պարզել են, թէ ինչպէս են երեխաները սկսում հասկանալ բառերի իմաստը
Իւրօրինակ ուսումնասիրութիւնը նոր լոյս է սփռել այն հարցի վրայ, թէ ինչպէս են փոքր երեխաները սկսում հասկանալ բառերի իմաստը:
Մանչեսթերի համալսարանի գիտնականների հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Child Development ամսագրում։
Երեխաները սկսում են բառեր արտաբերել մօտաւորապէս իրենց առաջին տարեդարձի օրը եւ որոշ ժամանակ միայն մէկ բառ են կրկնում, թէեւ կեանքի երկրորդ տարում նրանք արագ լրացնում են իրենց բառապաշարը:
Սակայն հետազօտողները պարզել են, որ նրանք դա անում են ոչ թէ իրենց անձնական բառապաշարում ամբողջական ձեւով նոր բառեր աւելացնելով, այլ իրենց բառապաշարին աւելացնում են նոր բառ, որն ունի իրենց համար որոշակի, բայց ոչ ամբողջական նշանակութիւն՝ լեզուն աւելի շատ լսելուն զուգընթաց աստիճանաբար ճշտելով այն:
Ցոյց տալու համար, թէ ինչպէս են երեխաները դա անում, գիտնականները հետազօտութիւն են անցկացրել Մանչեսթերի թանգարանում՝ աշխատելով երեքից ութ տարեկան երեխաների խմբի հետ: Փորձարարը սեղանի վրայ 4 խորանարդիկ էր շարել կամ իրար վրայ կամ իրար կողքի, այնուհետեւ երեխաներին խնդրել են տարբեր չափսեր նշանակող բառեր օգտագործել՝ աւելի մեծ, աւելի փոքր եւ աւելի բարձր տարբերակներ կառուցելու համար: Հետազօտողները համեմատել են, թէ որքանով է նրանց կառուցւածքը տարբերւում փորձարարի կառուցւածքից իւրաքանչիւր չափման դէպքում՝ օգտագործելով մաթեմատիկական մոդելաւորումը, որպէսզի նկարագրեն, թէ ինչ փոփոխութիւններ են տեղի ունենում երեխաների մօտ եւ ինչպէս են դրանք փոխւում տարիքի հետ:
Երեք եւ չորս տարեկան երեխաները, որպէս կանոն, «աւելի մեծ» եւ «աւելի բարձր» հասկացողութիւններին միատեսակ էին վերաբերւում․ նրանք խորանադիկները կառուցում էին այնպէս, որ դրանք աւելի մեծ էին լինում բոլոր ուղղութիւններով:
«Թերեւս, երբ երեխաներն առաջին անգամ բառեր են սովորում, նրանք ընդհանուր պատկերացում են կազմում դրանց իմաստի մասին. տւեալ դէպքում, որ բառերը նշանակում են չափի փոփոխութիւններ,- ասել է հետազօտութեան համահեղինակ, Մանչեսթերի համալսարանի դասախօս, դոկտոր Ալիսա Ֆերին:- Ըստ երեւոյթին, հէնց այդպէս է լինում, երբ երեխաները կովին շուն կամ կլոր խնձոր են անւանում, նոյնիսկ եթէ երբեք չեն լսել, որ մեծահասակն այդպէս ասի: Բայց փորձ ձեռք բերելով՝ նրանք ճշտում են բառերի իմաստը։ Մենք իսկապէս կարծում ենք, որ բոլոր երեխաներն անցնում են բառերի իմաստները ճշտելու այս գործընթացով, բայց թէ որ բառերն են ճշգրտւելու եւ երբ՝ կախւած է նրանից, թէ ինչ են նրանք լսում իրենց շուրջը»:
Գիտնականները նաեւ պարզել են, որ մօտաւորապէս 5 տարեկանում երեխաները, որպէս կանոն, սկսում են հասկանալ, որ աւելի փոքր չափը նշանակում է, որ պէտք է աւելի քիչ խորանարդիկներ օգտագործեն:
Բայց միայն 7 տարեկանում են նրանք վերջնականօրէն հասկանում, որ «աւելի բարձրը» իրականում նշանակում է «աւելի մեծ», բայց հէնց «դէպի վեր» ուղղութեամբ: