Այլ

Աղտոտւած օդ շնչելը յղի է երակային թրոմբոզի ձեւաւորմամբ

Գիտնականները պարզել են, որ աղտոտւած օդը շնչելը կարող է մեծացնել վտանգաւոր թրոմբների՝ արենախիցքի գոյացման վտանգը։

Նոր հետազօտութեան ընթացքում օդի երկարատեւ աղտոտւածութեան ենթարկւած մարդկանց շրջանում երակային թրոմբոզ ախտորոշւելու հաւանականութիւնն աւելի մեծ է:

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են բժշկագիտական Blood հանդէսում։

Գոյութիւն ունի երակային թրոմբոզի երկու տեսակ՝ խոր երակային թրոմբոզ, երբ արեան թրոմբ է ձեւաւորւում ոտքի կամ ձեռքի խոր երակում եւ թոքային էմբոլիա, երբ արեան մակարդուկն առանձնանում  է եւ շարժւում դէպի թոքեր։ Երկուսն էլ անչափ վտանգաւոր են կեանքի համար:

Գիտնականները հետեւել են ԱՄՆ վեց քաղաքներից մէկում կամ այդ քաղաքների մօտակայքում բնակւող գրեթէ 670 մեծահասակների, դիտարկելով նրանց առողջական վիճակն եւ օդի որակը: Նրանցից մօտ 250-ը 17 տարւայ ընթացքում հոսպիտալացւել են երակային թրոմբոզ ախտանիշով։ Էլեկտրակայաններից եւ անտառային հրդեհներից առաջացած մանր կոշտ մասնիկների բարձր մակարդակի ազդեցութեան ենթարկւած հետազօտութեան մասնակիցների շրջանում արեան թրոմբի առաջացման վտանգի հաւանականութիւնը 39%-ով մեծ է:

Ազոտի օքսիդի եւ ազոտի երկօքսիդի (առաւել յաճախ՝ մեքենաների արտանետւող գազերի) ազդեցութեանը մշտապէս ենթարկւածերի շրջանում արեան թրոմբի առաջացման վտանգը 121%-174%-ով աւելի հաւանական է եղել:

Հետազօտութեան հեղինակներն նշել են, որ վերոնշեալ արդիւնքները լրացնում են օդի աղտոտւածութեան՝ առողջութեան վրայ բացասական ազդեցութիւնների կուտակւած տւեալները:

News.am

Related Articles

Back to top button