Այլ

Բջջանիւթով կեֆիրն օմեգա-3-ից աւելի արդիւնաւէտ է նւազեցնում օրգանիզմի բորբոքումը

Ֆերմենտացւած կեֆիրի եւ սննդային մանրաթելերի համադրութիւնը զգալիօրէն աւելի արդիւնաւէտ է նւազեցնում օրգանիզմում բորբոքումները, քան օմեգա-3 ճարպաթթուները կամ պրեբիոտիկներն առանձին-առանձին։ Այս եզրակացութեանն են յանգել Նոթինգհեմի համալսարանի գիտնականները։ Ուսումնասիրութեան արդիւնքները հրապարակւել են Journal of Translational Medicine ամսագրում։

Պրեբիոտիկները սննդային բաղադրիչներ են, որոնք չեն մարսւում կամ ներծծւում աղեստամոքսային տրակտի վերին հատւածներում։ Դրանք ֆերմենտացւում են մարդու հաստ աղիի միկրոֆլորայի կողմից՝ խթանելով դրա աճը եւ կենսագործունէութիւնը։

Փորձի ընթացքում կամաւորները վեց շաբաթ շարունակ ընդունել են յաւելումներից մէկը՝ օմեգա-3 ճարպաթթուներ, պրեբիոտիկային բջջանիւթ կամ երկուսի համադրութիւնը (կեֆիր պրեբիոտիկներով): Միայն երրորդ խմբի մասնակիցներն են ունեցել արեան մէջ բորբոքային մարկերների կայուն նւազում եւ ընդհանուր ինքնազգացողութեան բարելաւում։

Ինչպէս նշել են հեղինակները, բաղադրիչների սիներգիան կարեւոր դեր է խաղում այս ազդեցութեան մէջ: Բջջանիւթը հանդէս է գալիս որպէս սննդարար միջավայր կեֆիրում պարունակւող օգտակար միկրոօրգանիզմների համար՝ ուժեղացնելով դրանց ակտիւութիւնը: Արդիւնքում՝ մեծանում է կարճ շղթայով ճարպաթթուների, ինչպիսին է բուտիրատը, արտադրութիւնը, որն օգնում է կարգաւորել իմունային պատասխանը եւ նւազեցնել քրոնիկական բորբոքումը։

Գիտնականներն ընդգծել են, որ խօսքը հէնց բաղադրիչների համադրութեան մասին է՝ կեֆիրը եւ սննդային մանրաթելերն առանձին վերցրած չեն ցուցաբերել էական ազդեցութիւն: Հետազօտողների կարծիքով՝ այս «սինբիոտիկ» մօտեցումը կարող է խոստումնալից մօտեցում լինել քրոնիկական բորբոքային հիւանդութիւնների, այդ թւում՝ սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման եւ բուժման գործում:

News.am

Related Articles

Back to top button