Այլ

Գիտնականները 250-ամեայ դեղամիջոցը փորձարկել են որպէս քաղցկեղի ագրեսիւ ձեւի հնարաւոր բուժման միջոց

Սրտաբանական դեղամիջոցը, որը յայտնաբերւել է 250 տարի առաջ, երկար տարիներ անց առաջին անգամ կլինիկական փորձարկումների է ենթարկւել որպէս ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հնարաւոր բուժում։

Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են International Journal of Translational Medicine բժշկագիտական հանդէսում։

Խօսքը դիգիտոքսինի մասին է, որն ի սկզբանէ դիգիտալիս պուրպուրեա (Digitalis purpurea) բոյսից ստացւած սրտաբանական դեղամիջոց էր։ Սկեովդէի համալսարանի գիտնականները, Սկարաբորգի կլինիկայի հետ համատեղ, սկսել են ուսումնասիրութիւն՝ ստուգելու համար՝ արդեօք դիգիտոքսինը կարող է խաթարել քաղցկեղի բջիջների նիւթափոխանակութիւնը, ազդել կալցիումի հաւասարակշռութեան վրայ, կանգնեցնել ուռուցքի աճը կամ նոյնիսկ բջիջների մահ առաջացնել։

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը քաղցկեղի ամենաագրեսիւ ձեւերից մէկն է, որի գոյատեւման մակարդակը ախտորոշումից հինգ տարի անց կազմում է 5%-ից պակաս։ Լաբորատոր փորձարկումներում դիգիտոքսինն արդէն ցոյց է տւել բջիջների բազմացումը ճնշելու ունակութիւնը, սակայն արձագանքը մեծապէս տարբերւում է՝ կախւած ուռուցքի տեսակից։

Փորձարկման ներկայիս փուլում հետազօտողները ձգտում են սահմանել օպտիմալ դեղաչափը, ապահովել բուժառուների անվտանգութիւնը եւ հաստատել, որ լաբորատորիայում յայտնաբերւած բիոմարկերները գործում են նաեւ կլինիկական պայմաններում: Նրանք օգտագործում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հինգ տարբեր բջջային գծեր՝ աւելի լաւ հասկանալու համար, թէ որ ուռուցքներն են արձագանքելու բուժմանը, եւ որ բուառուներն են ապագայում առաւել խոստումնալից լինելու։

Եթէ ամէն ինչ լաւ ընթանայ, դիգիտոքսինը կարող է դառնալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դէմ բուժման զինանոցի մի մասը. հիւանդութեան, որի համար ներկայում շատ քիչ արդիւնաւէտ թերապիաներ կան:

News.am

Related Articles

Back to top button