Եւա Ասրիբաբայեան. «Բազմազանութիւնը չի հակասում միասնականութեանը»

Եւա Ասրիբաբայեանը Կլինիկական հոգեբան է ՀՀ ԵՊՀ դասախօս:
Ծնւել է 1989 թւականին, սովորել է Երեւանի պետական համալսարանում՝ ստանալով հոգեբանութեան բակալաւրի եւ կլինիկական հոգեբանութեան ու հոգեթերապիայի մագիստրոսի աստիճաններ։ Ներկայում նա դասախօսում է ԵՊՀ Սոցիալական եւ կլինիկական հոգեբանութեան ամբիոնում եւ շարունակում է աշխատել հետազօտական աշխատանքները բժշկական հոգեբանութեան ուղղութեամբ։
Նրա մասնագիտական գործունէութէան առանցքում են հոգէսոցիալական աջակցութիւնը քաղցկեղով հիւանդներին, հաղորդակցութեան բարելաւումը եւ տրաւմայի հոգեբանական հետեւանքների վերամշակումը։
Ասրիբաբայեանը նաեւ 4 համահիմնադիրների հետ ստեղծել է Aystegh Psychology Lab հարթակը՝ միաւորելով մասնագէտների թիմ՝ հոգեբանական ծառայութիւնների էթիկական եւ մասնագիտական բարձր մակարդակ ապահովելու նպատակով։
Նրա գիտական եւ հանրային աշխատանքները կենտրոնացած են հոգեկան առողջութեան, գրագիտութեան բարձրացման, հոգեկրթման, ուսումնասիրութեան վրայ։
Եւա Ասրիբաբայեանի հետ կապի միջոցը՝ Yeva.asribabayan@gmail.com:
– Ինչ է հոգեկան հիգենիան եւ ինչո՞ւ է այն նոյնքան կարեւոր որքան ֆիզիկական առողջութիւնը:
– Հոգեկան հիգիենան հոգեբուժութեան եւ հոգեբանութեան այն ճիւղն է, որը զբաղւում է մարդու հոգեկան առողջութեան պահպանմամբ եւ բարելաւմամբ, նախքան հիւանդութիւնների առաջացումը։ Այն նպատակ ունի զարգացնել նորմալ հոգեկան գործունէութիւնը, կանխել խանգարումները եւ ստեղծել հոգեբանական հաւասարակշռութեան համար առողջ միջավայր։
Բայց, նախքան զրոյցին անցնելը ցանկանում եմ շեշտել, որ պարսկահայութիւնը իմ ուսումնասիրութեան առանձին սուբիեկտը չի եղել, հնարաւոր է, որ կոնկրետ տեղեկութիւններ չլինեն, իրականում չեմ ցանկանում որեւէ մէկին յուսախաբ դարձնել եւ կը փորձեմ կիսել իմ մասնագիտական գիտելիքները ամբողջ զրոյցի ընթացքում:
– Շնորհակալութիւն, զգուշացման համար: Ի՞նչ էք կարծում, ինչպէ՞ս է հնարաւոր ունենալ առողջ համայնքներ:
– Հոգեկան հիգիենիան, իրականում սկսել է պրեւենդիւ հոգեբուժութիւնից: Պրեւենտիւ հոգեբուժութիւնը հոգեկան առողջութիւնը պահելու նախազգուշացնող բժշկութեան մասն է։ Այն համատեղում է հոգեբանութիւն, սոցիալական աշխատանք, կրթութիւն եւ հանրային առողջութիւն, ստեղծելու համար առողջ հոգեւոր միջավայր, բայց հիմա, բնականաբար, ընդլայնւել է հոգեկան առողջութեան թեման բոլոր ոլորտների վրայ:
Երբ առաջ է գալիս հոգեկան առողջութեան թեման, մենք հիմնականում խօսում ենք այդ միջոցառումների մասին, որոնք նպաստում են հոգեկան առողջութեան, ինքնագիտակցութեան բարձրացման, մայնդֆուլնես, սթերասակայունութեան զարգացում, ինքնաճանաչողականութիւն եւ հոգեկերտում: Մասնաւորապէս, ադեկւատ սոցիալական աջակցութեան ձեւաւորում, որովհետեւ սոցիալական ակտերը մեր անբաժան մասն են, այսինքն մտերմութիւն եւ մարդկանց միջեւ կապերը եւս պէտք է նկատի առնել:
– Եւա գիտէք, մեզ մօտ հայ հոգեբաններ կան, բայց թւով քիչ են, կարեւոր է համայնքի հոգեկան առողջութեան բարձրացման համար համապատասխան քայլեր ձեռնարկել, որովհետեւ հոգեկան առողջութիւնը կարեւոր է, եւ աւանդական միջավայրերում յաճախ չի բարձրաձայնւում այդ մասին: Մասնաւորապէս պարսիկ հոգեբաններին դիմելուց էլ են մարդիկ կաշկանդւում, որովհետեւ ի թիւս այլ պատճառների նրանց մօտ փորձառութիւնն ու մշակոյթը եւս տարբեր են, եւ ուղղորդումը նրանց կողմից հնարաւոր է ոչ լիարժէք լինի:
– Իհարկէ պէտք է ուշադրութիւն դարձնել ինքնութեան հարցին նաեւ: Կախւած դրան թէ մենք որտեղ ենք գտնւում, ինչ պատմութիւն ունենք: Սփիւռքահայերի դէպքում ստացւում է, որ երկու զուգահեռ իրականութիւն ենք ունենում եւ հնարաւոր է հայաստանցի հոգեբաններն եւս լիարժէք չընկալեն, եթէ՝ իհարկէ չփորձեն կրթւել սփիւռքահայ այցելուներից:
Հաշւի առնելով այն սոցիալական կապերը, որի մէջ սփիւռքահայ մարդ անհատը մեծացել է: Սփիւռքահայ մարդ անհատը երկու երկրի մասին է հոգ տանում, երկու երկրի մասին է անհանգստանում: Նաեւ երկու մշակութային ռեսուրսն է նրան պատկանում ու սնուցում: Ինձ թւում է պէտք է սկսել ճանաչելուց, բայց չպէտք է մոռանալ, որ մենք յակւած ենք ունենալ սահմանափակ թւով մտերմութիւններ:
Եւ երեւի միշտ սկսում է յայտնաբերումից, թէ ինչն է մեզ պէտք, ինչն է մեզ համար ներշնչող:
– Ընդհանրապէս մարդիկ ինչպէ՞ս են արձագանքում, երբ համայնքների մէջ են եւ բազմութեան:
– Եթէ համայնքը ընդունող եւ ներառական է, մարդիկ դառնում են աւելի բաց, ջերմ եւ համագործակցող։ Եթէ համայնքը փակ կամ դատապարտող է, մարդը սկսում է պաշտպանւել, թաքցնել ինքնութիւնը կամ ձեւացնել։ Օրինակ համայնքին նոր միացած, նոր եկած անձը, որը զգում է իրեն լսում են եւ գնահատում, շատ արագ ինտեգրւում է եւ սկսում է ներդրում ունենալ այնտեղ: Տարբերակներից միւսն այն է, որ այդ բազմութիւնը այնքան ուժեղ տագնապ առաջացնի մարդու մօտ, որ անհատը փորձի հեռու մնալ: Առաջին հերթին պէտք է սկսել կարիքների յստակեցումից եւ հարցականացնելուց:
Բազմութեան մէջ լինելը կարող է ունենալ երկու հակադիր ազդեցութիւն, կախւած միջավայրի որակից եւ անհատի հոգեվիճակից: Սոցիալական ինտեգրում, մարդը զգում է, որ իր շուրջը կեանք կայ։ Խանդավառութիւն եւ էներգիա, հաւաքական տրամադրութիւնը կարող է ոգեշնչել, ինքնազգացողութեան բարելաււում բազմութեան մէջ յաճախ նւազում է միայնութեան զգացումը:
Բացասական կողմերից մէկն այն է, որ եթէ մարդը չունի իրական, մտերմիկ կապեր բազմութեան մէջ նա կարող է զգալ աւելի ուժեղ միայնութիւն։ Բարձր աղմուկ, մրցակցութիւն, մակերեսային շփումներ կարող են առաջացնել յոգնածութեան կամ անօգնականութեան զգացում։ Յատկապէս սոցիալական համեմատութիւնը երբեմն առաջացնում է ինքնագնահատականի անկում։
Ինձ թւում է համայնքում հոգեկան առողջութեան մասին հոգ տանելը, նաեւ սփիւռքահայութեան ընկալման հետ է կապւած, այդ ապրումակցման զգացումի զարգացնելն առանցքային կարեւորութիւն ունի եւ քիչ թէ շատ առողջ հասարակութեան ձեւաւորման համար կարեւոր է:
Պարզ է, որ երբ մենք դժւար կէտում ենք փակւում, սկսում ենք կենտրոնանալ մեր վախերի վրայ:
Պատրաստակամութիւնը կարեւոր մասն է հասարակութեան հոգեհիգենիայի պահպանման տեսանկիւնից: Այն նշանակում է՝ մարդու կամ խմբի ներքին պատրաստ վիճակը՝ գործողութեան, համագործակցութեան կամ փոփոխութեան նկատմամբ։
Սա հոգեհիգիենայի հիմքում է, որովհետեւ այն արտայայտում է հոգեկան առողջ միջավայրի կենսունակութիւնը։
Պատրաստակամութիւնն ընդհանրապէս կարող է մեծ դեր ունենալ հասարակութեան զարգացման ուղղութեամբ: Այսինքն երբ մարդիկ պատրաստ են փոփոխութիւնների, նոր իրավիճակների կամ գաղափարների եւ նրանք չեն մտնում հոգեկան ճնշման կամ դիմադրութեան իրավիճակում։ Պատրաստակամութիւնը նւազեցնում է անհանգստութիւնը, անօգնականութեան զգացումը եւ «հոգեկան ճնշման» կուտակումը։ Օրինակ համայնք, որը պատրաստ է ընդունել նոր անդամների կամ գաղափարներ, աւելի քիչ է յակւած ներքին կոնֆլիկտների:
– Անտարբերութեան մասին եթէ յիշենք, ապա անհատի եւ համայնքի մակարդակում, ինչպէս է հնարաւոր յաղթահարել:
– Կարեւոր է հասկանալ, որ ինչի համար է այդ անտարբերութիւնը: Շատ յաճախ այդ չզգալու ցանկութիւնն է, որ տանում է անտարբերութեան եւ յետոյ անցնում դէպի ատելութիւն: Երբեմն նաեւ ցանկութիւնն է հաւատալու, որ մեզ հետ այդպէս չէր կարող լինել:
Անտարբերութիւնը պատահում է նաեւ երբ, որ մարդը շատ ուժեղ ցաւ կամ հիասթափութիւն է զգում եւ այն կարող է թաքնւել անտարբերութեան դիմակի տակ:
Կարեւոր է հասարակական կամ անձնական մակարդակով իրար հետ խօսել ու ոչ թէ միմեանց մեղադրել: Անտարբերութիւնը յաղթահարւում է ոչ թէ ճնշմամբ, այլ՝ մարդկայնութեան եւ պատասխանատւութեան զգացումով։
– Ինչպէս են կարող համայնքային կառոյցները ազդել հոգեկան առողջութեան պահպանմանն ու զարգացմանը:
– Նրանց գործիքակազը աւելի մեծ է, գրքերի գողին գիտէ՞ք, ամբողջ պատմութիւնը նրա մասին է որ մի մարդուկ է պուճուր ով տիրապետում է խօսքին եւ կարողացել է ամբողջ աշխարհը շուռ տալ: «Գրքերի գողը» (The Book Thief) Մարկուս Զուսակի վէպի պատմութիւնը տեղի է ունենում նացիստական Գերմանիայում՝ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Գլխաւոր հերոսուհին՝ Լիզէլ Մեմինգերը, անգրագէտ փոքրիկ աղջիկ է, որը սկսում է գողանալ գրքեր եւ դրանց միջոցով բացայայտում է բառերի ու պատմութիւնների ուժը՝ մխիթարութիւն գտնելով պատերազմի, մահւան ու ահաբեկչութեան մէջ։ Պատմութիւնը հետեւում է Լիզէլի կեանքին եւ մարդկանց ճակատագրերին եւ Հիտլերի գաղափարախօսութիւնն ու գերմանական գրաքննութիւնը խորապէս ազդում են վէպի միջավայրի վրայ՝ ցոյց տալով, թէ ինչպէս բառերը կարող են լինել թէ՛ զէնք, թէ՛ փրկութիւն։
Կառոյցները՝ համայնքային, Սփիւռքի համար շատ աւելի մեծ դեր են կարող կատարել: Այնտեղ նաեւ տարածք կայ շփւելու, եւ օգնող է ինչ-որ օգտակար բան անելը: Կարեւոր է, թէկուզ փոքր, բայց ինչ-որ ներդրում պէտք է ունենալ, ուղղակի գլուխդ կախ գործդ անելը, միայն դա բաւարար չէ:
Տրաւմատիզացիայի հետ աշխատելուց յաճախ կարեւոր է լինում մարդուն օգնել ճանաչել ու իմանալ ինքը կարո՞ղ է հակազդել, թէ՞ ոչ: Հակազդումը հոգեբանութեան մէջ մարդու արձագանքն է՝ ներքին կամ արտաքին ազդակների նկատմամբ, որը կարող է արտայայտւել մտքում, յոյզերում կամ վարքում։
– Որոնք են հոգեկան առողջութեան ժամանակակից մեթոդները:
– Սովորական քաղաքացին պահպանելու համար իր հոգեկան եւ մտքի առողջութիւնը պէտք է ձգտի մարմնի եւ հոգեկան առողջութեան ամբողջականութեանն ու միասնականութեան, որոնք մէկը միւսին նպաստող եւ պարտադրող գործընթացներ են:
Օրինակ, երբ այցելուն գալիս է ինձ մօտ, այսպէս ասած, ինձ մօտ սուրբ եռեակ կայ հասկանալու՝ ինչպէս է ինքը սնւում, քնում եւ շարժւում: Իհարկէ, եթէ չունի ֆիզիկական սահմանափակումներ, բայց թէկուզ այդ մասին հոգ տանելն արդէն կայունութիւն է նշանակում: Պէտք է հասկանալ մարդիկ մէկը միւսին ինչպէ՞ս են հակազդում, ինչքանո՞վ են ադապտանում փոփոխւող իրավիճակներում: Կարողանում են ճկունութիւն ցուցաբերել, ֆունկցիոնա՞լ են արդեօք, որովհետեւ երջանկութիւնն ոնց, որ աւելի արգասիք է:
Մարմին եւ ուղեղ կապը վերջին տասնամեակների ամենակարեւոր շեշտադրումներից է, ուղեղը ամբողջ կեանքի ընթացքում կարող է նոր կապեր ստեղծել եւ, նաեւ, դա նշանակում է մենք կարողանում ենք տրամւաների հետ աշխատել:
– Ինչպէս են կարող համայնքային կապերը նպաստել հոգեկան առողջութեանը:
– Ինձ թւում է այստեղ նաեւ շատ սոցիալական պրոցեսներ կան եւ երեւի էլի մեր տարբեր վախերից դրդւած ունենք ազգային անջատումներ, օրինակ Հայաստանում կայ դա: Եւ, ինչքան բուժող կը լինէր, եթէ մենք իմանայինք որ այդ ամէն ինչի մասն ենք, ոչ թէ առանձին-առանձին: Այդքան տարբեր պատմութիւններ, կենցաղով եւ մշակութային յետագծով, պէտք է հասկանալ, որ միասին ենք, անհրաժեշտ է շեշտադրել եւ ընդունել, որ բազմազանութիւնը չի հակասում միասնականութեանը:
– Շնորհակալութիւն:
– Ես նոյնպէս շնորհակալ եմ:
Հարցազրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ
 


