Այն տարիքը, երբ երեխաները անում են իրենց առաջին քայլերը, կախւած է գենետիկայից

Ըստ Սուրէյի համալսարանի անցկացրած նոր հետազօտութեան՝ այն տարիքը, երբ երեխաները անում են իրենց առաջին քայլերը, մեծապէս կախւած է գենետիկայից։
Իր տեսակի մէջ առաջին հետազօտութեան ընթացքում գիտնականները վերլուծել են աւելի քան 70 հազար նորածինների գենետիկական տեղեկութիւնները։ Նրանք նոյնականացրել են ժամանակի վրայ ազդող 11 գենետիկական մարկերներ, երբ երեխաները սկսում են քայլել, ինչը բազմաթիւ հնարաւորութիւններ է բացում ապագայ խոր կենսաբանական հետազօտութիւնների համար։
Nature Human Behavior բժշկագիտական հանդէսում հրապարակւած յօդւածում պարզւել է, որ երեխաների առաջին քայլերը կատարելու ժամանակի տարբերութիւնների մօտ մէկ քառորդի համար հէնց գենետիկան է պատասխանատու։ Գիտնականները տարիներ շարունակ գիտէին, որ շրջակայ միջավայրի գործօնները կարող են ազդել նրա վրայ, թէ երբ են երեխաները քայլելու, սակայն այս նոր յայտնագործութիւնը ցոյց է տալիս, որ գենետիկան նոյնպէս զգալի ազդեցութիւն ունի։
Սա վկայում է նրա մասին, որ ինչպէս այլ յատկանիշների դէպքում, ինչպիսին է հասակը, որոշ երեխաներ կարող են բնականաբար սկսել քայլել աւելի վաղ կամ ուշ՝ իրենց գենետիկ նախատրամադրւածութեան պատճառով։
Երեխաների մեծ մասն իրենց առաջին քայլն անում է 8-24 ամսական հասակում, ուստի մօտաւորապէս սա այն ժամանակն է, երբ տեղի է ունենում այս յուզիչ իրադարձութիւնը։ Դա կարեւորագոյն պահ է ինչպէս ծնողների, այնպէս էլ՝ երեխայի համար։ Առաջին քայլերը խորհրդանշում են երեխայի կեանքի նոր փուլը։
Քայլելը ոչ միայն երեխայի զարգացման կարեւորագոյն փուլ է, այլեւ գենետիկօրէն կապւած է մարդու զարգացման շատ այլ կարեւոր ասպեկտների հետ։ Հետազօտրութիւնը միաժամանակ պարզել է, որ երեխաների առաջին քայլի վրայ ազդող գենետիկական գործօնները մասամբ համընկնում են ուղեղի զարգացման վրայ ազդող գենետիկական գործօնների հետ, ներառեալ ուղեղի արտաքին մակերեսին («գլխուղեղի կեղեւի») ծալքերի եւ ելուստների քանակը:
Աւելին, նորմայի սահմաններում ուշ քայլելը գենետիկօրէն կապւած էր ուշադրութեան դեֆիցիտի եւ հիպերակտիւութեան համախտանիշի (ՈՒԴՀՀ) զարգացման աւելի ցածր ռիսկի հետ։ Ի վերջոյ, հետազօտութիւնը պարզել է, որ քայլելու համեմատաբար ուշ սկիզբը պայմանաւորւած էր կրթութեան աւելի բարձր մակարդակին առնչւող նոյն գէներով։
news.am