Այլ

Քնի խիստ ռեժիմը երկու շաբաթւայ ընթացքում իջեցնում է արեան ճնշումը առանց դեղորայքի

Օրեգոնի աշխատանքային հիգենիայի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ամէն գիշեր նոյն ժամին քնելու սովորութիւնը երկու շաբաթւայ ընթացքում նւազեցնում է արեան ճնշումը եւ ազդեցութիւնը նկատւում է անկախ հիպերտոնիայի համար դեղորայքի ընդունումից: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են SLEEP Advances (SAdv) բժշկագիտական հանդէսում:

Փորձին մասնակցել են հիպերտոնիայից տառապող 11 միջին տարիքի չափահասներ: Առաջին փուլում հետազօտողները մէկ շաբաթ շարունակ հետեւել են մասնակիցների քնի սովորութիւններին: Այնուհետեւ կամաւորներին խնդրել են ընտրել որոշակի քնելու ժամ եւ երկու շաբաթ շարունակ հաւատրիմ լինել այդ ժամանակացոյցին՝ խուսափելով ցերեկային քնից: Ընդ որում, քնի համար անցկացւած ժամերի քանակը չի գրանցւել:

Մասնակիցների քնելու ժամերը, որոնք սկզբում գիշերից գիշեր տարբերւում էին միջինը 30 րոպէով, կրճատւել են շուրջ եօթ րոպէով: Այս կայունութիւնը դրական ազդեցութիւն է ունեցել սրտանօթային առողջութեան վրայ. օրական արեան ճնշումը նւազել է 4 մմ սնդիկի սիւնով, սիստոլիկ արեան ճնշումը՝ 3 մմ սնդիկի սիւնով, իսկ դիաստոլիկ արեան ճնշումը՝ 3 մմ սնդիկի սիւնով:

Ըստ գիտնականների՝ այդ ազդեցութիւնը համեմատելի էր կանոնաւոր վարժութիւնների կամ սննդակարգում աղի նւազեցման արդիւնքների հետ: Միեւնոյն ժամանակ, դրական ազդեցութիւնը նկատւել է անկախ հիպերտոնիայի համար դեղամիջոցների օգտագործումից։ Հետազօտողները նշել են, որ առողջութեան բարելաւումը կարող է պայմանաւորւած լինել ցիրկադային ռիթմերի՝ օրգանիզմի ակտիւութեան բնական օրական տատանումների կանոնաւորմամբ։

«Այդ թւերը կարող են աննշան թւալ, բայց գիշերը արեան ճնշման 5 մմ սնդիկի սիւնով նւազումը կարող է աւելի քան 10%-ով նւազեցնել սրտանօթային հիւանդութիւնների զարգացման վտանգը»,- նշել է հետազօտութեան հեղինակ Սաուրաբհ Թոսարը։

News.am

Related Articles

Back to top button