Բագրատ Սրբազան. «Ժողովուրդը ոչ թէ անտարբեր է, այլ ահաբեկչութեան տակ է»
«ԱԼԻՔ» – Մարզային հանդիպումների շրջանակում, երէկ՝ օգոստոսի 11-ին Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը հանդիպել է Արարատի մարզի Տիգրանաշէն, Փոքր Վեդի եւ Վարդաշէն գիւղերի, ինչպէս նաեւ Արտաշատ քաղաքի բնակիչների հետ:
Ստորեւ ներկայացնում ենք հանդիպումների ընթացքում Բագրատ Սրբազանի ունեցած ելոյթների կարեւոր բաժինները.
-Մեզ համար այլընտրանք գոյութիւն չունի, քան չարիքի ու նեռի հեռացումը մեր երկրից։
Յունիսի 12-ին դադար տւեցինք զուտ նրա համար, որ լիովին պատկերացրեցինք, թէ մեր դիմաց ովքեր են կանգնած։ Յստակ էր, որ մեր դիմաց կանգնած են արեան ծարաւ, արիւնատենչ իշխանութիւններ։
Շատ յստակ է պատկերը. հիմա մարդկանց մտքերում ու հոգիներում է կռիւը։ Այդ մարդիկ միայն տեղեկատւական դաշտում մէկ ամսում մօտ 50 մլն դոլար են ծախսել, որպէսզի սեւացնեն, փորձեն պախարակել թէ՛ ինձ, թէ՛ շարժումը։
Սա նշանակում է, որ սրանք միջոցների միջեւ խտրութիւն չեն դնելու:
Երկրի կարիքները թողած անխնայ կերպով գումարներ են վատնւում մեր միտքը, հոգին ու մտածումները աղաւաղելու համար:
-Այս պայքարն ի բնէ ճշմատութեան եւ ճշմարիտ մարդկանց պայքարն է։ Չկայ մի վայր, որտեղ խաբէութիւն չլինի: Ամէն ինչով ստում են՝ պատկերներով, տեսանիւթերով, հագուկապով եւ յատկապէս անվտանգութեան խնդիրների վերաբերեալ։ Մենք գտնւում ենք թմրանիւթով պարուրւած աղէտի մէջ։
Տեսէք ուր ենք հասել, որ Եռաբլուրում հերոսների շիրիմներն են օգտագործում՝ թմրանիւթ տարածելու համար։ Ու որ ասում եմ թմրանիւթ են լցրել, դա ոչ միայն հոգեւոր,այլեւ ֆիզիկական իմաստով է այդպէս։ Մեր բոլորի կեանքը անվտանգային առումով սպառնալիքի տակ է։
-«Հայ եկեղեցու պատմութիւն» առարկան նեռն ու իր որդիները սպանեցին: Առաջին հերթին յարձակւեցին հայ եկեղեցու եւ կրթական համակարգի վրայ։ Նրանց քաղաքականութիւնն է՝ մեծ մասով նւազեցնել, հանել այն ամէնն, ինչ մեր ինքնութեան հետ է կապւած։ Դա արդէն իսկ ցուցիչ է, թէ ինչ ուղղութեամբ է գնալու երկիրը։
-Սրբազան պայքարի հիմնական ուղերձը յարմարւողականութիւնը քանդելն ու ցոյց տալն է, որ ժողովուրդը ոչ թէ անտարբեր է, այլ ահաբեկչութեան տակ է:
-Սեպտեմբերին վերսկսելու ենք ակտիւ գործողութիւնները։ Այս ընթացքում թէ՛ մասնագիտական խմբեր են հաւաքւում, թէ՛ քաղաքական դաշտն է զտւում։
Մեզ պէտք է շղթան կազմել՝ գործողութիւնների, խմբերի իմաստով, եւ երկրորդ՝ կարգապահութեանը խստօրէն հետեւել։ Մենք նաեւ գործելու մեթոդներն ենք փոխելու։ Երեւի կարիք չի լինելու, որ տարբեր մարզերից մարդիկ գան Երեւան, այլ ճանապարհով կը փորձենք թիրախային գործողութիւններ անել, որոնք այս մարդկանց ծնկի կը բերեն ու կը ստիպեն հեռանալ։