Համայնք

Մարգար Գրիգորեանի ցաւալի մահւան առիթով

Դոկտոր-պրոֆեսոր Մարգար Գրիգորեանը ծնւել է 1940 թ. Թեհրանում եւ մահացել 2024 թ. Երեւանում։ Նախնական կրթութիւնը ստացել է Թեհրանի «Քուշեշ Դաւթեան» դպրոցում, կրթութիւնը շարունակել է Անգլիայում եւ լիսանսն ու գերլիսանսը ստացել Անգլիայի «Մանչեստեր» համալսարանից իսկ դոկտորականը եւ գերդոկտորականը Անգլիայի «Օքսֆորդ» համալսարանից: Նա «Structural engineering» «Սազէ» կառուցողական ճարտարագիտութեան ոլորտի մասնագէտ է։

Դոկտ. Մարգարը Իրան վերադարձաւ դոկտ. Մոհամմադ Ալի Մոջթահեդիի հրաւէրով, ով հիմնադիրն էր «Շարիֆ» համալսարանի: Դոկտ. Գրիգորեանը երկու տարի պաշտօնավարելուց յետոյ հիմնեց իր մասնագիտական ճիւղը «Շարիֆ» համալսարանում եւ 8 տարի տնօրինեց այդ համալսարանը։

Դոկտ. Մարգար (ՄԱՐՔ) Գրիգորեանը 2023 թւականին ստացել է «Ֆրէդրիխ Պալմերի» մրցանակը Քաղաքացիական Ճարտարագէտների ինստիտուտից. աշխարհի առաջին պրոֆեսիոնալ ինժիներական կառոյցից, «Բարձր արդիւնաէտութեան դիմացկուն, երկրաշարժի դիմադրող պահերի շրջանակներ» յօդւածի համար, որը հրապարակւել է (Structure and Buildings ) ամսագրում։

Նրա յօդւածները բազմիցս են տպագրւել մասնագիտական հրատարակչութիւններում: Նա ոչ միայն գիտական ոլորտի մասնագէտ էր, այլ ունէր իւրայատուկ սէր հայերէնի եւ պարսկերէնի նկատմամբ: Թէեւ խիստ բազմազբաղ էր, սակայն նրա համար մարզանքը իւրայատուկ տեղ էր զբաղեցում:

Նա անդամակցել է Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Մարզական միութեանը եւ երիտասարդ տարիքից զբաղւել  ատլետիկա եւ կարատէ մարզաձեւերով, նւաճել է 7-րդ աստիճանի Սեւ գօտի. եղել է հովանաւոր պատասխանատու եւ մարզիչ «Արարատ»-ի թեթեւ ատլետի, եղել է Հայաստանի Ատլետիկայի ֆեդերացիայի պատւոյ անդամ եւ  կարատէի ֆեդրացիայի եւ մարզիկների հովանաւոր։ Դասաւանդել է Կարատէի միջազգային ասոցիայի կենտրոնում, Գլենդէլ  Կալիֆորնիա։ Այս ոլորտում նա հրատարակել է «Կարատէ-դօ կեանքի ուղի» վերնագրւած եւ «Մտքի որոնումներում» գրքերը։

Մարք Գրիգորեանը 2003-ին իր տարիքային եւ քաշային կարգում Կանադայում հանդիսացել է աշխարհի ախոյեան եւ ստացել է «Շիհան»-ի կոչում։

Դոկտ. պրոֆեսոր Մարք Գրիգորեանն մեծ ներդրում է ունեցել Իրանոմ Ճարտարագիտութեան ոլորտում, Սպահան քաղաքի երկաթաձուլարանում եւ աւելի քան 50 նման կառոյցներում։ Նա Կալիֆորնիայի Գլենդէլ քաղաքում ունենալով  արտօնւած գրասենեակ եւ լինելով Իրանի «Սազէ»-ի (երկրաշարժին դիմակայող գիտութեան հիմնադիրը) կապն է եղել երկու երկրների գիտական ոլորտի զարգացմանը։

Դոկտ. Մարգար Գրիգորեանը սիրում եւ գնահատում էր բոլոր նրանց ովքեր ցանկութիւն ունէին սովորելու եւ նրանցից չէր խնայում իր գիտելիքները։

Դոկտ. Մարգար Գրիգորեանը լի գիտելիքներով գնաց եւ իր յիշատակն էլ հէնց իր կեաքն էր:

ԱԼՖՐԷԴ ՀԱՒԱՆ

Related Articles

Back to top button