ԹեհրանՀամայնք

Էլին Բաբայեանի անմոռաց յիշատակին

Մահւան 40-օրեակի առթիւ

Անց են կենում սէր ու խնդում,

Գեղեցկութիւն, գանձ ու գահ,

Մահը մերն է, մենք մահինը,

Մարդու գործն է միշտ անմահ:

Յ. ԹՈՒՄԱՆԵԱՆ

 

Թւականիս մարտի 16-ին Թեհրանում, կարճատեւ սակայն հոգեմաշ հիւանդութեան հետեւանքով, իր մահկանացուն կնքեց ազգային ու հոգեւոր արժէքներով ապրող, մշակոյթ եւ արւեստասէր Էլին Բաբայեանը: Նա մեզանից հեռացաւ անժամանակ եւ խորը կսկիծ պատճառեց հարազատներին ու իրեն ճանաչողներին:

Անցան 40 օրեր, որ մեր երկրային կեանքից հեռացաւ լուսահոգի Էլին Բաբայեանը, անցել են օրեր, բայց նրա հոգու ներկայութիւնը միշտ զգում ենք մեր շուրջ, մեր կողքին: Նա միայն ապրեց 21 փառաւոր եւ վեհաշուք տարիներ:

Ծնւել է 25 օգոստոսի 2003 թւականին Թեհրանի Զէյթուն քաղաքամասում, Ժորժիկ եւ Արսինէ Բաբայեանների բարեպաշտ ընտանիքում, ուր տիրում էր պաշտամունք եւ ակնածանք՝ կրօնի ու մշակոյթի նկատմամբ: Նա ընտանիքի միակ զաւակ դուստրն էր:

Էլինը մանկապարտէզ է յաճախել «Ա. Ա. Ահարոնեան» ազգային մանկապարտէզ: Տարրական ուսումը ստացել է «Արարատ» ազգային աղջ. դպրոցում՝ իսկ միջնակարգը Հայ կոյսերի «Մարիամ» համալիրում, գրաֆիկ ճիւղում: Էլինը մանուկ հասակից մասնակցել է համալսարանի դասախօս Արմենուհի Նահապետեանի նկարչութեան դասընթացներին: Բարձրագոյն կրթութիւն ստանալու նպատակով ընդունւել է Թեհրանի Իսլամական ազատ համալսարանի նկարչութեան ֆակուլտետը սակայն ցաւօք չյաջողեց աւարտել նա:

Դասաւանդել է Զէյթուն քաղաքամասի «Ռոժան» ուսումնարանում՝ որպէս անգլերէն լեզւի դասատու:

Էլինը հինգ տարեկանից մասնակցել է Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան պարարւեստի դպրոցին՝ եւ մասնակցել է տարբեր ելոյթներին Թեհրանում: Պատանի տարիքից մասնակցել է «Արարատ» կազմակերպութեան հանրային կապի աշխատանքներին եւ նկարահանել է մեծ թւով նկարներ, Համադպրոցական եւ Համահայկական խաղերից:

Հայրենասէր էր, թէեւ շատ չէր արտայայտւում սակայն հայրենասիրութիւնը բխում էր իր էութիւնից եւ վարակիչ էր ընտանիքի բոլոր անդամների համար:

Էլինը կենսուրախ, ընկերասէր, բարեկիրթ եւ սիրւած մի երիտասարդ էր եւ հասցրեց իր կարճատեւ կեանքում ձեռք բերել բազմաթիւ ընկերներ եւ հարազատներ:

Ունէր հզօր կամքի ուժ եւ հոգու կորով: Չկար գործ, որի դիմաց թերանար կամ չկարողանար կատարել, հարց չկար, որ անլուծելի թողնէր, ամէն ինչ հեշտութեամբ յաղթահարում էր: Սիրում էր կեանքը, բնութիւնը, մասնաւորապէս արեւածաղիկը՝ անչափ կենդանասէր էր:

Դեռ երկար տարիներ կը վայելէինք Էլինի կարողականութիւնները ու բարեհամբոյր բնաւորութիւնը, եթէ չարաբաստիկ մահը նրան չբաժանէր մեզանից:

Յարգանք իր վաստակին ու բարի յիշատակին:

Թող այս հակիրճ տողերը մի ծաղկեփունջ լինի եւ որպէս մի պտղունց խունկ՝ մխայ նրա թարմ շիրիմին:

Յիշատակն արդարոց, օրհնեալն եղիցի:

ՅՈՎԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ

Related Articles

Back to top button