ՄիջազգայինՔաղաքական

Շոլցը յայտնել է Թրամփի հետ հեռախօսազրոյցի մասին. համատեղ մօտեցում Ուկրաինայի հարցում հնարաւոր է

«ԱԼԻՔ» – Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Եւրոպայի երկրները կարող են պայմանաւորւել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ուկրաինայի վերաբերեալ քաղաքականութեան համատեղ մօտեցման հարցում։

«Ես համոզւած եմ, որ մենք կը կարողանանք մշակել համատեղ ռազմավարութիւն Ուկրաինայի հարցում: Ես արդէն մանրամասն խօսել եմ ԱՄՆ ապագայ նախագահի հետ հեռախօսով, եւ մենք ուղիղ երկխօսութիւն ենք վարում նրա թիմի հետ անվտանգութեան քաղաքականութեան հարցերի վերաբերեալ»,- ասել է Գերմանիայի կանցլերը Deutschlandfunk ռադիոկայանի հետ զրոյցում:

Նա երկխօսութեան որեւէ մանրամասն չի նշել, միայն ընդգծել է, որ կարեւոր է, «որպէսզի սպանութիւնները շուտ աւարտւեն եւ որպէսզի Ուկրաինայի անկախութիւնը եւ ինքնիշխանութիւնը մնան երաշխաւորւած»։

Շոլցը կրկին հերքել է խօսակցութիւններն Ուկրաինա գերմանական խաղաղարար զօրքեր մտցնելու մասին։

«Քանի դեռ պատերազմն ընթանում է, չեն լինի ոչ զինւորներ Գերմանիայից, ոչ գերմանական ցամաքային զօրքեր։ Հետագայում պէտք է քննարկւեն անվտանգութեան երաշխիքները, որպէսզի Ուկրաինան համոզւած լինի, որ Ռուսաստանը չի ներխուժի երկիր երրորդ անգամ 2014 եւ 2022 թւականներից յետոյ»,- ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թէ արդեօք Ուկրաինան տարածք կը զիջի այդ ռազմավարութեան իրականացման համար, Շոլցը ընդգծել է, որ ոչինչ, ներառեալ անվտանգութեան երաշխիքները, չպէտք է լուծւեն «ուկրաինացիների գլխի վրայով», եւ որ Գերմանիան կը մնայ Ուկրաինայի «ամենաուժեղ կողմնակիցը» Եւրոպայում։

Related Articles

Back to top button