Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հայոց եկեղեցու պահպանութեան համահայկական խորհուրդ. «Այս մարդիկ վախից վայր դրեցին իրենց ձեռնադրութիւնը, եւ այսօր նրանք ծառայում են ոչ թէ Աստծուն, այլ դաւաճանական իշխանական օրակարգին»

«ԱԼԻՔ» – «Այն արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, որոնք այս օրերին ճկւեցին ապազգային իշխանութիւնների ճնշումների եւ սեփական մաշկը կոմպրոմատներից փրկելու վախի ներքոյ, կատարեցին հոգեւոր կապիտուլիացիա։ Եւ մենք անւանում ենք դա մէկ անունով՝ դաւաճանութիւն։ Այո՛, սա դաւաճանութիւն է: Դաւաճանութիւն՝ ոչ միայն եկեղեցուն, այլեւ հաւատացեալ ժողովրդին, ով տարիներով մտնում էր այդ հոգեւորականների ծառայութեան հովանիի տակ ու կարծում, որ նրանց ձեռքում պահւած է ոչ միայն խունկը, այլ նաեւ խիղճը»: Ինչպէս հաղորդում է Panorama.am-ը՝ նման յայտարարութիւն է տարածել Հայոց Եկեղեցու պահպանութեան համահայկական խորհուրդը։

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւած է.

«Այս մարդիկ վախից վայր դրեցին իրենց ձեռնադրութիւնը, եւ այսօր նրանք ծառայում են ոչ թէ Աստծուն, այլ դաւաճանական իշխանական օրակարգին, որը երկար տարիներ զբաղւած է ամէն ազգայինի դէմ պայքարով։ Եւ այդ ծրագիրը հիմա փորձում է արմատաւորւել եկեղեցու ներսում։

Թող ոչ մէկը չփորձի մեզ վստահեցնել, թէ սա «բարեփոխում» է։ Երբ իշխանութիւնը, որ տարիներ շարունակ հարւածել է ամէն ազգային արժէքին, յանկարծ ձեւացնում է, թէ հոգ է տանում եկեղեցու մասին, դա պարզապէս ծիծաղելի է եւ պարզ, որ իրական նպատակը եկեղեցին կոտրելն ու այն իրենց վերահսկւող, գրպանային մարմնի վերածելն է, ինչպէս արեցին պետականութեան բոլոր կառոյցների հետ՝ ռազմական, իրաւական, դատական, մշակութային, կրթական:

Եկեղեցու դէմ ուղղւած հարւածը ազգային արժէքների համակարգւած քանդման վերջին ու ամենավտանգաւոր գործընթացն է. դա ոչ միայն հոգեւոր կառոյցի, այլ ամբողջ ազգի ինքնութեան հիմքերի խախտումն է, քանզի Եկեղեցին դարերով եղել է մեր ազգային ոգու եւ պայքարի ողնաշարը։

Հայաստանի իշխանութիւններից այլեւս որեւէ ազգային կամ դրական քայլի սպասել պէտք չէ․դա արդէն բացարձակապէս անիմաստ է։ Մեր մտահոգութիւնը հիմա այն եկեղեցականներն են, ովքեր իրենց վարքով կորցրին ամենաթանկը՝ ժողովրդի վստահութիւնն ու հաւատը՝ ծախելով հոգին ազգային դաւաճաններին։ Հայ ժողովուրդը կարող է ներել թոյլին, բայց երբեք չի ների սրբութեան դէմ ուղղւած դաւաճանութիւնը։

Մենք՝ որպէս Հայոց եկեղեցու պահպանութեան համահայկական խորհուրդ, յայտարարում ենք, որ այս սրբազանները փաստացի հրաժարւել են իրենց հոգեւոր արժէքներից։ Նրանք թողել են եկեղեցու նաւը հէնց այն պահին, երբ այն փոթորիկի ժամանակ ամենաշատն էր կարիք զգում նրանց պաշտպանութեան։ Եւ այդ քայլից յետոյ նրանք այլեւս չեն կարող ներկայացնել ո՛չ եկեղեցին, ո՛չ հաւատացեալ ժողովրդին, եւ առաւել եւս՝ Աստծուն։

Եթէ վաղը պատմութիւնը գրի այս օրերի մասին, նշելու է մի բան՝ որ եկեղեցու ներսում յայտնւեցին մարդիկ, ովքեր սրբապղծօրէն դարձան դաւաճանական իշխանութեան գործիքը եւ ուրացան Աստծոյ տունը։

Եւ նրանց անունները յիշւելու են որպէս հերթական դաւաճաններ, մեր օրերի վասակսիւնիներ եւ մելիքֆրանգիւլներ, ովքեր որսում են ամենաթոյլ կարասին, որ սողոսկեն նրա մէջ ու ներսից պայթեցնեն պատերը։

Յորդորում ենք հաւատացեալներին՝ խուսափել շփումներից այս սրբազանների հետ եւ չմասնակցել նրանց առաջնորդած արարողութիւններին, քանի որ նրանք փաստացի դիրքաւորւել են որպէս եկեղեցու ներսից վնասող դաւաճանական ուժ։

Հայոց Եկեղեցին իր 1724 տարւայ գոյութեամբ դիմագրաւել է թշնամական պետութիւնների ու իշխանութիւնների մի մեծ շքախմբի. նրանք բարձրացել են, յոխորտացել, մարել ու անհետացել պատմութեան փոշում, իսկ Եկեղեցին մնացել է՝ ինչպէս լեռ, որին հարւածող քամիները միայն յիշեցնում են նրա բարձրութեան մասին եւ յատկապէս ընդգծում նրա անսասանութիւնը:

Եկեղեցու պաշտպանութիւնն այսօր պահանջում է վճռական դիրքորոշում՝ հրապարակային, անկեղծ ու ուղիղ արձագանքով, թոյլ չտալով, որ որեւէ անձ կամ խումբ փորձի ներսից թուլացնել Մայր Աթոռի միասնականութիւնն ու հոգեւոր կառոյցի ամրութիւնը։

Կոչ ենք անում ամբողջ հաւատացեալ ժողովրդին՝ չտրւել որեւէ սադրանքի, չխաբւել կեղծիքների ու ճնշումների աղմուկին եւ ամէն դժւարութեան միջով անցնել վստահ ու անսասան՝ հաւատարիմ մնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին»։

Related Articles

Back to top button