Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մերուժան Տէր-Գուլանեանը եւ Դաւիթ Ջամալեանը՝ 168.am-ի հետ զրոյցում. «Նոյնիսկ KGB-ն ռիսկ չէր անում խոչընդոտել մեր աշխատանքը… Այս անձանց մօտ բարոյական տաբուներ չկան, եւ սա ամենավտանգաւոր տեսակն է»

«ԱԼԻՔ» – ՀՀ Իշխանութիւնը Գրողների եւ Նկարիչների Միութիւնների շէնքերը պետականացնելու գործընթացը մեկնարկելուց գրեթէ մէկ տարի անց որոշել է պետականացնել նաեւ Ժուռնալիստների միութեան գոյքը։

Վերջերս ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր, նախկին լրագրող Սիսակ Գաբրիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրել էր. «Ժուռնալիստների միութեան գոյքը պէտք է վերադարձւի ՀՀ սեփականութեանը. հայցն արդէն մուտքագրւել է դատարան, յարուցւել է նաեւ քրէական գործ»:

«Գլխաւոր դատախազութիւնից տեղեկացայ, որ կառոյցն ընթացք է տւել ամիսներ առաջ իմ եւ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի ուղարկած նամակին։

Սա միայն մէկն է այն հազարաւոր գոյքերից, որոնք մեր կարծիքով անկախացումից յետոյ դարձել են ՀՀ սեփականութիւն եւ ոչ իրաւաչափ եղանակներով փոխանցւել տարբեր անհատների կամ կազմակերպութիւնների»,- գրել էր նախկին լրագրող Սիսակ Գաբրիէլեանը։

Գրող, հրապարակախօս Մերուժան Տէր-Գուլանեանի խօսքով՝ ՀՀ իշխանութիւնների կողմից այս ամէնը թիրախաւորւած բնոյթ է կրում։

«Ժուռնալիստների միութիւնը բոլոր լրագրողների տունն է, որը հիմա իշխանութիւնն ուզում է խլել, որպէսզի լռեցնի նրանց խօսքը։

Անհասկանալի օրէնքներ են յօրինում, որպէսզի հասնեն իրենց ուզածին։ Ես նաեւ ցաւում եմ, որ այս իշխանութիւնը դատի տւեց «Հրապարակ» թերթին։ Նոյնիսկ Խորհրդային Միութեան KGB-ի ժամանակ ես կարողացայ ազատ խմբագիր լինել, «Գարունը» դարձրեցի 131 հազար տպաքանակով։ Նոյնիսկ ԿԳԲ-ն ռիսկ չէր անում խոչընդոտել մեր աշխատանքը։ Այս ամսագիրը մտնում էր իւրաքանչիւրի տուն, այնտեղ տպագրւողը դառնում էր յայտնի մարդ։ Սա ասում եմ նրա համար, որ կարողանում էինք աշխատել ազատ, նոյնիսկ Սոլժենիցին էի տպագրել, մեծ աղմուկ էր հանել։ Այն ժամանակ Կենտկոմի քարտուղարը Կարէն Դեմիճեանն էր, գնացի իր մօտ, ասացի՝ հեռացրէք ինձ, ձեր վրայ խօսակցութիւններ չգան, նա չհեռացրեց ինձ, ու ես շարունակեցի հանգիստ աշխատել։ Բա հիմա ի՞նչ է նշանակում՝ յօդւածի համար մարդուն դատի տալ, խօսքի համար՝ բանտարկել»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Մերուժան Տէր-Գուլանեանը։

Նա յիշեցրել է Աստւածաշնչեան խօսքը՝ «Սկզբից էր բանը», այսինքն՝ խօսքը սկզբից էր։ Հիմա ՀՀ իշխանութիւնը դէմ է գնում ոչ միայն Աստծուն, այլեւ Աստւածաշնչի խօսքին։

«Ուղղակի դատապարտելի է իշխանութիւնների քայլը, ամբողջ կեանքս խմբագիր եմ աշխատել, լրագրող եմ եղել, հետեւում եմ՝ այսօր ինչ է կատարւում, ինչպէս են ճնշում լրատւամիջոցների խօսքը։ Թոյլ տւէք մարդիկ խօսեն, գոնէ խօսքին մի կպէք»,- յաւելել է Մերուժան Տէր Գուլանեանը։

Ռազմական փորձագէտ Դաւիթ Ջամալեանը, ով սոցիալական ցանցերում չկայ, սակայն մշտապէս յետեւում է Ժուռնալիստների միութեան նախագահ Սաթիկ Սէյրանեանի հաղորդումներին, վստահ է՝ իշխանութիւնը ցանկանում է պարզապէս ազատ խօսքը լռեցնել։

«Եթէ նախկին լրագրողները, ովքեր այսօր դարձել են իշխանաւորներ եւ իրենց նախկին կոլեգաներին փորձում են հալածել, սա նշանակում է, որ այդ մարդկանց մօտ բարոյականութեան նշոյլ չկայ։ Երկրի ղեկավար կոչեցեալը նախկին լրագրող է, ով միաժամանակ եղել է նաեւ խմբագիր, խմբագիրներ են նաեւ Սաթիկ Սէյրանեանը, Արմինէ Օհանեանը, նրանք նախկինում գործընկերներ են եղել, բայց գալով իշխանութեան՝ այդ անձը նախ դատի է տւել իր նախկին գործընկերոջը՝ Արմինէ Օհանեանին, իսկ Սաթիկ Սէյրանեանի նախագահութեամբ գործող միութեան շէնքն ուզում է խլել, կարծում է՝ այդ ճանապարհով կը կարողանայ լռեցնել Սաթիկ Սէյրանեանին։ Ինձ համար այս մարդու պահւածքն արդէն զարմանալի չէ»,- 168.am-ի հետ զրոյցում նշել է Դաւիթ Ջամալեանը։

Ըստ նրա՝ եթէ այս իշխանութիւնը կարող է հետապնդել ու դաւաճանել իր հետ նախկինում ճանապարհ անցած մարդկանց, ուրեմն՝ չպէտք է զարմանալ, որ այդքան հեշտութեամբ Արցախին դաւաճանեց ու յանձնեց։

«Այս անձանց մօտ բարոյական տաբուներ չկան, եւ սա ամենավտանգաւոր տեսակն է։

Սաթիկ Սէյրանեանը մեր ամենասկզբունքային լրագրողներից է, ում ղեկավարութեամբ գործող լրատւամիջոցը մեր երկրում շատ յայտնի է։ Նա մեծ գործ է կատարում, թոյլ չի տալիս, որպէսզի նիկոլական մանիպուլացնող ու մոլորեցնող քարոզչութիւնը մթագնի հանրութեան գիտակցութիւնը։ Հանրութեանը սթափեցնող առաքելութիւնը կրողներից մէկն է նա։ Սա ամենամեծ վախն է այս իշխանութիւնների համար, քանի որ նրանք կարողանում են միայն էժանագին մանիպուլիացիաներով մոլորեցնել հանրութեանը։

Իմ զօրակցութիւնս եմ յայտնում Սաթիկ Սէյրանեանին, Արմինէ Օհանեանին։ Եթէ լրատւական դաշտը չկոնսոլիդացւի, ապա հերթով հասնելու են նաեւ միւս լրատւամիջոցներին։ Ազատ խօսքը չպէտք է լռեցւի, ու հանրութիւնը չդառնայ նիկոլական մանիպուլիացիաների գերին»,- ընդգծել է Դաւիթ Ջամալեանը։

Զրոյցը՝ ԶՒԱՐԹ ԽԱՉԱՏՐԵԱՆԻ

Related Articles

Back to top button