Հայաստան - Արցախ

Վահրամ Բալայեան. «Ցաւում ենք. Ալէն Սիմոնեանն առաջ է մղում ադրբեջանական թէզեր, Արցախի ԱԺ-ն ընտրւել է ժողովրդի մանդատով»

«ԱԼԻՔ» – ՀՀ ԱԺ-ում մեկնարկել է աշնանային նստաշրջանը, որի առաջին նիստն աչքի ընկաւ իշխանական խմբակցութեան, մասնաւորապէս՝ ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանի հակաարցախեան մի շարք յայտարարութիւններով։

Ըստ Ալէն Սիմոնեանի, պէտք է լուծարել Արցախի Ազգային ժողովը, քանի որ իր համար արցախցի պաշտօնեայ գոյութիւն չունի։

«Արցախի Հանրապետութիւնն ինքն իրեն լուծարել է, իրենց պաշտօնեաների որոշմամբ եւ իրաւայարաբերութիւնները հնարաւոր են, եթէ կայ երկու կողմ։ Ես չեմ կարող ինչ-որ մարդկանց հետ նիստ հրաւիրել, կարող եմ ՀՀ որոշ քաղաքացիների համար ընդունելութիւն կազմակերպել ու հարմար օր հանդիպել»,- իր խօսքում նշեց Ալէն Սիմոնեանը։

ԱԺ նախագահը համարում է, որ 2022 թւականի հոկտեմբերի 6-ին, երբ Նիկոլ Փաշինեանն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեց ու փաստաթուղթ ստորագրեց, դա Հայաստանի յաղթանակն է եղել։

Պրահայի համաձայնագիրը դա ՀՀ-ի ինքնիշխանութիւնն ու անվտանգութիւնն ապահովող ամենավերջին ու ամենայստակ փաստաթղթերից մէկն է։

Հայաստանի իշխանութիւնը կը ստորագրի իւրաքանչիւր փաստաթուղթ, որտեղ ՀՀ ինքնիշխանութիւնը, սահմանները ֆիքսւում են»,- լրագրողների հետ ճեպազրոյցում ասաց ԱԺ նախագահը։

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանի խօսքով՝ ՀՀ օրւայ իշխանութիւնը մշտապէս դէմ է եղել, որպէսզի գործի Արցախի իշխանութիւնը, առհասարակ Արցախ գոյութիւն ունենայ, եւ սա նորութիւն չէ։

«Փաստն այն է, որ Արցախի ԱԺ-ն ընտրւել է ժողովրդի մանդատով, առհասարակ Արցախի իշխանութիւնը ժողովրդից ստացած մանդատով է գործում։ Մինչեւ 2025 թւականի մայիս ամիս Արցախի ԱԺ-ն ունի այդ մանդատն օգտագործելու բոլոր լիազօրութիւնները»,- 168.am-ի հետ զրոյցում նշեց Վահրամ Բալայեանը։

Նա նաեւ ընդգծեց՝ գաղտնիք չէ, որ ՀՀ իշխանութիւնը գրեթէ նոյնութեամբ կրկնում է այն թէզերը, որոնց մասին խօսում է Ալիեւը։

«Ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀ իշխանութիւնները կարծում են, թէ ՀՀ-ում Արցախի իշխանութիւնների գոյութեամբ իրենց իշխանութիւնը վտանգւում է։ Նաեւ մտածում են, թէ Արցախի իշխանութիւնները փորձում են կանխել խաղաղութեան գործընթացը։ Իրականութեան մէջ, իհարկէ, նման որեւէ բան չկայ, պարզապէս վտարանդութեան մէջ գործող Արցախի իշխանութիւնների հիմնական նպատակն է՝ պաշտպանել արցախահայութեան ազատ ապրելու իրաւունքը՝ վերադառնալ հայրենիք ու ապրել իր բնօրրանում։ Սա որեւէ բանով չի վնասում Հայաստանին, աւելին՝ խելացի իշխանութիւն ունենալու դէպքում Հայաստանը կարող էր սա օգտագործել արտաքին քաղաքականութիւնում։ Ադրբեջանը մշտապէս խօսում է «Արեւմտեան Ադրբեջանի» մասին, ցուցադրում են քարտէզներ, որտեղ ամբողջ Սիւնիքը, Սեւանայ լճի աւազանը, Վայոց Ձորը ներկայացւում են՝ որպէս ադրբեջանական։ Նոյնիսկ, եթէ նման քարտէզ նրանք չցուցադրեն, մենք հասկանում ենք, թէ նրանց գլխաւոր նպատակը որն է։

Արցախի ԱԺ-ն փակելու փոխարէն, ՀՀ իշխանութիւնը կարող է արցախահայերի վերադարձի հարցը դարձնել օրակարգային, յատկապէս, որ միջնորդ երկրների կողմից ցանկութիւն կայ օժանդակելու արցախահայերի վերադարձին»,- շեշտեց Վահրամ Բալայեանը։

Նա նաեւ ընդգծեց՝ չպէտք է ՀՀ-ում իշխանութեան մակարդակով կրկնւեն այն թէզերը, որոնք առաջ է մղում Ադրբեջանը։

«Այդ թէզերի բարձրաձայնումը ՀՀ իշխանութիւնների կողմից օգուտ է միայն Ադրբեջանին։ Իհարկէ, Ալէն Սիմոնեանի որդեգրած մօտեցումը նոր բան չէ, առաջին օրւանից այդ մօտեցումը եղել է, մենք պարզապէս դրա համար ցաւում ենք»,- եզրափակեց Վահրամ Բալայեանը։

Related Articles

Back to top button