Գուրգէն Մելիքեան. «Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է»
«ԱԼԻՔ» – «Տաւուշն յանուն Հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Այս մասին երէկ՝ մայիսի 26-ին, Երեւանի Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահաւաքի ժամանակ յայտարարել է ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգէն Մելիքեանը:
«Մենք մի ամիս եղել ենք հանդիպումների եւ խորհրդակցութիւնների մէջ: Հանդիպումներ ենք անցկացրել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցութիւններից մինչեւ հասարակական միաւորներ, բուհական, գիտական, մշակութային, տնտեսագիտական շրջանակներ, անվտանգութեան մասնագէտներ, դիւանագէտներ, գործարարներ, իրաւաբաններ, տարբեր սոցիալական խմբերի, եւ շատ ու շատ այլոց հետ։
Բոլոր հանդիպումների եւ քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնութիւնը եղել է միակարծիք՝ որ այդ մարդը, իհարկէ, Բագրատ Սրբազանն է:
Կայ յստակ համախոհութիւն մեր քաղաքական ուժերի եւ ժողովրդի մօտ, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը պէտք է լինի նաեւ վարչապետ: Մենք հասկանում ենք, որ սա արքեպիսկոպոսի համար ծանր որոշում է, քանի որ փոխում է նրա կեանքի ամբողջ ընթացքը։ Սա ծանր որոշում է, սակայն սա ծառայութեան մի մասն է։ Սա հոգեւոր ծառայութեան ամենակարեւոր մասն է, որ իր երկրին, իր հողին, իր ժողովրդին ծառայող մարդը կարող է իրականացնել»,- ասել է Գուրգէն Մելիքեանը: