Սեպտեմբերի 23-ը, Իրանում դպրոցական վերամուտն էր:
Թեհրանի հայոց թեմում դպրոցական տարեմուտի առիթով սեպտեմբերի 22-ի առաւօտեան ժամը 8-ին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանն այցելեց «Շանթ-Մարիամեան» տղայոց տարրկան ու միջնակարգ ազգային դպրոցը,որը ունի նորանշանակ տեսուչ :
«Շանթ-Մարիամեան» դպրոցում ուսումնական տարեմուտը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ Իրանի պետական հիմնով, որի ընթացքում սկաուտները, որոնք նաեւ նոյն դպրոցի աշակերտներ էին ծածանեցին Իրանի պետական դրօշը: Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի տարեմուտի պատգամը ընթերցեց Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը եւ փոխանցեց իր ողջոյնի խօսքը:
Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ուղերձը ընթերցեց Անիթա Սարգսեանը, տարեմուտի առիթով արտայայտւեց դպրոցի նորանշանակ տնօրէն Մեհրալի Արջմանդը,բարի գալուստ մաղթելով աշակերտներին եւ տարեմուտը շնորհաւորելով դպրոցի անձնակազմին: Եզրափակիչ ելոյթով հանդէս եկաւ պատգամաւոր Արա Շահվերդեանը: Նա կարեւորութեամբ անդրադարձաւ հայոց դպրոցներում ուսումնառութեան անհրաժեշտութեանը եւ նշեց, որ շաբաթը համընկնում է Իրանում Սրբազան պաշտպանութեան շաբաթւան եւ իր երախտագիտութիւնը յայտնեց նահատակների յիշատակին, որոնք իրենց արիւնն են նւիրաբերել յանուն Իրանի:
Ծրագրին ներկայ էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչ Անի Միրզախանեանը եւ ծնողական խորհրդի անդամներ եւ ծնողներ: Դպրոցների փոխտեսուչներն են Քարմէն Չհարմահալին եւ Արբի Ալլահվերդեանը:
Միջոցառմանը աշակերտական խօսքը եւ ասմունքները հնչեցրին աշակերտներ՝ Ժերոմ Օհանեանը,Լէոնարդօ Վարդանեանը, Առնօ Սէյֆեանը, Թէօ Գորջեանը եւ Էդգար Բախշին: Հետաքրքրական էր որ դպրոցի տարրական բաժինը աւարտած աշակերտ Ադէն Առաքելեանը խորհրդանշական ձեւով դպրոցի բանալին յանձնեց առաջին դասարանցի Էրիկ Պետրոսեանին:
Աւելի ուշ պատգամաւորը այցելեց «Նայիրի» տղայոց տարրական ազգային դպրոցը: Դպրոցում առաւօտեան աւելի վաղ հնչել էր Տէրունական աղօթքը եւ Իրանի պետական հիմնը, որից յետոյ Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը ընթերցել էր Սրբազան Հօր վերամուտի ուղերձը:
Պարսկերէնով աշակերտական խօսքը փոխանցեց վեցերորդ դասարանի աշակերտ Դաւիթ Շահնազարեանը, հայերէնով աշակերտական խօսքը ընթերցեցին վեցերորդ դասաանի աշակերտներ Էրւին Բարխորդարեանը եւ Էջմին Սոլէյմանեանը: Արտայայտւեց դպրոցի նախկին տեսչուհի Սալիմէ Բահրէյնին եւ նորանշանակ տեսչուհի Աշրաֆ Ալի Մոհամմադին: Դպրոցի փոխտեսչուհին է Ալենուշ Յովսէփեանը:
Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի խօսքը փոխանցեց Խաչատուր Խաչատրեանը, իսկ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի կողմից ներկայ էր Դաւիթ Աբուլեանը: Եզրափակիչ խօսքը փոխանցեց պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր խօսքի ընթացքում պատգամաւորը ողջունելով աշակերտներին, նրանց խրախուսեց լաւապէս սովերեն իրենց դասերը եւ դառնան գիտակից հայեր ու մասնագէտներ եւ ծառայեն իրենց հայրենիքին:
Տարեմուտի միջոցառմանը ներկայ էին դպրոցի Ծնողական խորհրդի անդամները եւ ծնողներ: