Արցախահայութեան հետ, արցախահայութեան կողքին
Թեհրանի հայոց թեմի օժանդակութիւնը՝ Արցախի մեր հայրենակիցներին արդէն փոխադրւել է
«ԱԼԻՔ», Կ. Դ. – Արցախից տեղահանւած մեր հայրենակիցներին օգնելու նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի, նաեւ Իրանի Իսլամական խորհրդարանում իրանահայ պատգամաւորների ջանքերով եւ հայրենակիցների դրամական նւիրատւութիւնների շնորհիւ, օգնութիւնների առաջին բեռնւածքները՝ հինգշաբթի՝ հոկտեմբերի 19-ին փոխադրւեց Հայաստան:
Մի քանի տոննա կշռւող օգնութիւնը ներառում էր 2200 ադիալ, 10 տոննա մակարոն եւ 1200 կապոց եփ ու թուխի սարքեր: Բեռները հինգշաբթի առաւօտեան իրանահայ գործարար եւ օգնութեան յանձնախմբի անդամ Մատթէոս Մատթէոսեանի տնօրինմամբ, «Թոյուրան Աբզար» գործարանի տարածքից տեղափոխւեցին Հայաստան: Բեռնւածքի մասին բացատրութիւն փոխանցելով յանձնախմբի անդամ Էդւին Միրզայեանը ընդգծեց, որ սա սիրելի հայրենակիցների նւիրատւութիւններով եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անվերապահ աջակցութեամբ առաջին օգնութիւնն է, եւ ապագայում նմանօրինակ օգնութեան 2-րդ բաժինը եւս փոխադրւելու է:
Նա ընդգծեց, որ նշւած բեռնւածքից բացի, գործարարներ Ռազմիկ Խուդաբախշեանի եւ Վահիկ Մանսուրեանի կողմից եւս նւիրւել են համապատասխան օգնութիւններ, որոնք նաեւ կապոցաւորւել եւ փոխադրւելու են նոյն բեռնւածքով: Բեռնափոխադրման ընթացքին տեղում նաեւ հետեւում էր յանձնախմբի անդամ գործարար Յակոբ Յակոբեանը: