Յովհաննէս Իշխանեան. «Համագործակցութիւնը մեր նպատակներին հասնելու առանցքային մասն է»
Հարցազրոյց ռեժիսոր, հասարակական գործիչ Յովհաննէս Իշխանեանի հետ:
– Ինչպէ՞ս չհամակերպւել Արցախի կորստի հետ, ե՞րբ է ժամանակը խօսել Արցախը վերադարձնելու մասին, որովհետեւ համակերպւել կը նշանակի մասնակիցը լինել թշնամու ծրագրերի իրագործմանը:
– Մեր կեանքով չի աւարտւում հայերի ու Հայաստանի պատմութիւնը։ Մենք ժառանգութիւն էինք ստացել այժմ էլ ժառանգութիւն փոխանցելու ենք։ Ուզենք, թէ չուզենք ինքնութեան փոխանցման հետ՝ երեխաներ ունենալու հետ փոխանցւելու է նաեւ այս պատմութիւնն ու իրավիճակը, դա մեզնից անկախ է գործում եւ վերարտադրութեան բնութեան կանոններով է։ Այնպէս, որ համակերպւել ու չհամակերպւելու հարց չկայ, ինքնութիւնը շարունակելու է իրեն յուզող հարցերով առաջնորդւել, այսօրւայ մէկ տարեկան երեխաները 20-25 տարի անց քննարկելու են այն, ինչ մենք ենք քննարկում եւ դրա մէջ լինելու է նաեւ Արցախը վերադարձնելու հարցը, եւ այսօրւայ մէկ տարեկան երեխաների մէջ 20-25 տարի անց լինելու են նրանք, ովքեր Արցախը, Նախիջեւանը, մեր սեփականութիւնը վերադարձնելը համարելու են ուտոպիա, ծաղրելու են, ու զզւեն իրենց ինքնութիւնից՝ վնաս հասցնելով բոլորիս։
Որն աւելի գիտակ, ուժեղ, հնարամիտ, ներառական, խորամանկ ու գրաւիչ լինի, նա էլ յաղթելու է։ Յոյսով եմ ապագայում ազգային մտածողութիւնն է այդպիսին լինելու, որպէսզի հնարաւոր լինի վերադարձնել Արցախը։ Թէ՛ Արցախի, թէ՛ մեր միւս սեփականութիւնների վերադարձի մասին մտորումները անընդհատ են, սակայն բոլորս հասկանում ենք, որ դաւաճանների իշխանութեան մնալու պարագայում սեփականութեան վերադարձ կարող է նշանակել նորից երկիր ստեղծել, այսինքն, դաւաճան իշխանութեան մնալու պարագայում մենք կորցնելու ենք պետութիւնն ու Հայաստանի անձնագիրը եւս։
Արցախը վերադարձնելուց զատ մեր միտքը պէտք է ուղղւի մեր բախտակից ժողովուրդներին ազատագրելու վրայ՝ եզդիներին, քրդերին, ասորիներին, լեզգիներին, եւ անգամ կովկասեան թաթարներին՝ խեղճ ադրբեջանցիներին պէտք է ազատագրել իրենց բարբարոս իշխանութիւններից։
– Յովհաննէս, վերջերս արժանացել ես միջազգային հեղինակաւոր մրցանակի, Լայպցիգի փառատօնի լաւագոյն ֆիլմի «Արծաթէ աղաւն»-ին նւիրեցիր Արցախի Հանրապետութեան ուժեղ ժողովրդին, ինչպիսի՞ն եղան այդ հարթակից ստացած արձագանգները: Նման քայլերը շատ կարեւոր են, որովհետեւ միջազգային, տարբեր մակարդակներում հարկաւոր է փաստել, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, ցեղասպանութիւն, որը դու կատարեցիր:
– Մեր անձնական յաջողութիւնների հանրագումարի միջոցով է լինելու մեր նպատակներն իրականացնելը։ Ազգային մտածողութիւնից պէտք է ի սպառ բացառւի միմեանց մերժողականութիւնը, զտումը, մէկ ուրիշի նախաձեռնութեան նսեմացումը։ Լուսանցքից դուրս պիտի յայտնւեն, բանի տեղ չդրւեն փնթփնթանները եւ քաջալերւեն նրանք, ովքեր համագործակցել գիտեն։ Հայաստանը խելքի պակաս չունի, բոլորը գիտակ են։ Հայաստանը համագործակցութեան ունակութիւնների պակաս ունի։ Սա անձնական յաջողութեան մասով։
Իսկ Լայպցիգի փառատօնը համընկաւ իսրայէլա-պաղեստինեան բախման հետ։ Դահլիճներում, բեմերում յիշատակւում էր Ուկրաինան ու Իսրայէլն ու Պաղեստինը, բայց բացակայում էր Արցախը։ Կարծես Եւրոխորհրդի երկրի հետ այդպիսի բան չի եղել, էթնիկ զտում, 150 հազար հոգի իր տնից չի քշւել բռնապետի կողմից։ Հասկանալի է, որ այդպէս պէտք է լինէր։
Թէեւ իմ ֆիլմը որեւէ կապ չունի Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնների հետ, բայց ցուցադրութիւններից յետոյ հարց ու պատասխան փորձում էի շեղէի Հայաստանի իրականութեան վրայ։ Արհեստական էր ստացւում հիմնականում։ Մրցանակն ինձ պէտք էր բեմ դուրս գալու համար, որ վաւերագրական ֆիլմերի աշխարհի ամենահեղինակաւոր փառատօներից մէկից խօսք ուղղեմ արցախցիներին։ Ստացւեց, մրցանակ տւեցին։ Ու շրջանը համընկաւ Վագիֆ Խաչատրեանի շինծու դատական նիստի հետ, պարտքս էր նրա անունը տալը, յատկապէս որ հէնց Կարմիր Խաչի մեքենայից են նրան առեւանգել։
Խորհուրդ եմ տալիս բոլորին իրենց ընձեռած հնարաւորութիւնները գործածել մեր նպատակների համար լինի խօսք, գործ, միտք, կապ չունի, ամէն արարք իր բաժին կաթիլն է նպատակի համար։ Որեւէ մէկին պէտք չի մեղադրել որ մեր հարցը չի բարձրաձայնւում, կրկին, մենք մեր անձնական յաջողութիւններով ինքներս կը բարձրաձայնենք։
Բեմից իջայ, մի ռուս տղայ մօտեցաւ, ասաց՝ շնորհակալ եմ, որ խօսք ուղղեցիր Արցախին, ես այնտեղ եմ եղել 2016-ին ու շատ ծանր է ինձ համար, թէ ինչ է կատարւում։ Այսպէս կամաց-կամաց համախոհներ ձեռք բերելով առաջ կը շարժւենք։
– Ինչպէ՞ս ես գնահատում արցախահայութեան քաղաքական, սոցիալական, աշխատանքային եւ մնացած բոլոր իրաւունքների պաշտպանւածութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում ինչպէ՞ս է անհրաժեշտ նպաստել ՀՀ–ում դրանց պաշտպանւածութեանը:
– Հայաստանի իշխանութիւնը դաւաճան է, որը եկել է Արցախը յանձնելու եւ նրան մէկ է, թէ ինչ կը լինի թէ՛ արցախցիների, թէ՛ հայերի հետ։ Նրանք քաղաքացու վրայ թքող, հինգ հազար հոգի սպանող եսասէր, անիմաստ մահկանացուներ են։ Իսկ թէ՛ արցախցիների, թէ՛ մեր պաշտպանութիւնը զրոյից կառուցում ենք մենք բոլորս միասին պետական ինստիտուտներից զատ, մինչեւ հէնց այդ ներուժն էլ կը դառնայ պետութիւն։ Իսկ այժմ, ինչքան շատ է բարեգործութիւնը, այնքան չկայ պետութիւնը։
– Արցախի անկումից յետոյ նոյնիսկ հնարաւոր չդարձաւ համախմբել այդ կրիտիկական զանգւածը, որն անհրաժեշտ էր իշխանափոխութեան պարագային, մի անգամ ասել ես, որ նոր սերունդը անհրաժեշտ է իր վրայ վերցնի բոլոր պատասխանատւութիւնը: Միթէ նոր սերունդը պատրաստ չէ՞, միթէ նա կենտրոնում չէ՞, ինձ թւում է նոր սերունդը պատրաստ է, այդուհանդերձ այն արդիւնքը, որը ակնկալում է չի ստանում, որոնք են անյաջողութեան պատճառները:
– Արցախը կորսւած չի, օկուպացւած է։ Այո նոր սերունդը պատրաստ չէ, բայց պատրաստւում է։ Այս երեք-հինգ տարիներին բաւականին փորձ ու գիտելիք է կուտակել, որը աւագ սերնդի հետ համագործակցութեամբ կարող է ընտիր արդիւնքներ տալ։ Իսկ նախկին հայկական համակարգը, որտեղ անձնական, խմբային շահը գերադասւում էր ընդհանուրի շահից, եւ ոչ թէ միմեանց քաջալերելն էլ իշխում, այլ միմեանց հետ մրցակցելը, ուրիշի անյաջողութեան հաշւին կայանալը, պիտի գոյութիւն չունենայ հայերի գլուխներում։
– Հայաստանի Հանրապետութիւնում ապրող քաղաքացու եւ սփիւռքահայի եւ, ընդհանրապէս, հայը՝ հայի հետ շփման մէջ կարելի է նկատել հեռաւորութիւն, որը բացի առարկայական տարածութիւնից, նաեւ հոգե–մտաւոր տարածութեան մասին է փաստում, ինչպէ՞ս ես պատկերացնում այդ հեռաւորութեան վերացումը:
– Համագործակցութեամբ։ Առանց մէկը միւսի խառնւածքից նեղանալու։ Անգամ վիրաւորւելը պէտք է բացառւի մեր նպատակների իրականացման ճանապարհին, քանի որ համագործակցութիւնը մեր նպատակներին հասնելու առանցքային մասն է։
Զրոյցը՝ ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆԻ