Իրանում ՀԱՅՖԵՍՏ-ի ներկայացուցիչը տեղեկացնում է. Հայաստանը երկու առանձին թատրոններով կը մասնակցի 42-րդ «Ֆաջր» թատերական միջազգային փառատօնին
«ԱԼԻՔ» – Հայաստանի Աբովեանի դրամատիկական թատրոնը գլխաւորութեամբ Արմէն Սարգսեանի եւ «Ֆորմա» թատրոնը Հայկ Իսրայէլեանի գլխաւորութեամբ կը մասնակցեն Իրանի 42-րդ «Ֆաջր» միջազգային փառատօնին:
Ալբերտ Բեգիջանեանը «Ալիք»-ի հետ զրոյցում նշելով այս մասին յաւելեց, որ Հայաստանն այսպիսով համարւելու է այն երկրներից մէկը, որն իր ներկայացրած թատրոններով (խմբերով) համարւում է ամենաակտիւ մասնակիցներից մէկը:
Իրանում ՀԱՅՖԵՍՏ փառատօնի պաշտօնական ներկայացուցիչը յաւելեց, որ Աբովեանի դրամատիկական թատրոնն այսօր՝ կիրակի, յունւարի 21-ին, «Արարատ»-ի կենտրոնատեղիի «Կոմիտաս»-ում բեմականացնելու է Յովհաննէս Թումանեանի «Պոչատ աղւէսը»-ի հիման վրայ պատրաստւած ներկայացումը: Աղբիւրի համաձայն՝ ներկայացումը կրկնւելու է նաեւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում:
Յատկանշական է, որ Աբովեանի դրամատիկական թատրոնը «Ֆաջր» փառատօնում ներկայ է Չեխովի «Հիւանդասենեակ համար 6» ստեղծագործութեան հիման վրայ պատրաստւած «Համար 6» ներկայացմամբ:
Յաւելենք, որ «Ֆորմա» թատրոնը իրանահայ հանդիսատեսին յայտնի էր նաեւ «Միմ» թատրոնի ներկայացումներով, որի կազմում Իրան էր ժամանել նաեւ Յովհաննէս Հաջինեանը, ով հերոսացաւ Արցախեան երկրորդ պատերազմում: «Ֆորմա»-ն «Ֆաջր»-ին կը ներկայանայ «Համլետ» ներկայացմամբ, որը չորս անգամ բեմ է դուրս գալու «Չարսու» եւ «Թեաթրէ շահր»-ի կենտրոնական դահլիճներում: