Ադրբեջանցի վանդալները Ստեփանակերտում ապամոնտաժել են Շառլ Ազնաւուրի յուշարձանը
Ադրբեջանի վարչախումբն ապամոնտաժել է Ստեփանակերտի Պոլ Էլիւար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարեւանութեամբ գտնւող Շառլ Ազնաւուրի յուշարձանը, որը կանգնեցւել է անւանի երգչի 100-ամեակի կապակցութեամբ 2022 թւականին։ Այս մասին յայտնում է Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան պետական խորհուրդը։
«Ստորեւ լուսանկարներում՝ Շառլ Ազնաւուրի յուշարձանը եւ այդ նոյն վայրը այս տարւայ յունւար ամսին: Աւելի վաղ ապամոնտաժւել են գրող Յակոբ Յակոբեանի, ազգային բարերար Ալէք Մանուկեանի, ռուսական համայնավար առաջնորդ Ալեքսանդր Միասնիկեանի, սովետական զինւորականներ Ադմիրալ Իսակովի, Անատոլի Զինեւիչի, Քրիստաֆոր Իւանեանի եւ այլոց յուշարձանները: Ապամոնտաժւել է նաեւ Արցախի հերոս Աշոտ Ղուլեանի յուշարձանը՝ Ստեփանակերտի նոյնանուն պուրակում: Համացանցում հրապարակւող նիւթերից տեղեկանում ենք նաեւ, որ վանդալիզմի են ենթարկւում արցախեան ազատամարտում զոհւածների գերեզմանները»,- նշւած է խորհրդի տարածած յայտարարութիւնում:
News.am