Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Մտավախութիւն ունեմ, որ խաղաղութեան պայմանագրում վտանգաւոր կէտերն աւելանալու են»

«ԱԼԻՔ» – «Բազմիցս ասել ենք, որ պատրաստւում ենք դատի տալ, նաեւ յայտարարել էինք որ դատի ենք տւել. մի անգամ յետ էր վերադարձրել դատարանը երկրորդ անգամ որոշակի փոփոխութիւնից յետոյ ընդունել է վարոյթ»: Այս մասին երէկ՝ դեկտեմբերի 2-ին, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը, պատգամաւորներ Քրիստինէ Վարդանեանը, Աննա Գրիգորեանը, Գեղամ Մանուկեանը համատեղ դատական հայց են ներկայացրել ընդդէմ կառավարութեան եւ ԱԳՆ-ի՝ պահանջելով ոչ իրաւաչափ համարել ՀՀ ԱԳ նախարարի 2024 թ. մարտի 14-ի գրութիւնը, որով իրենց արգելւել էր ծանօթանալ Ադրբեջանի հետ քննարկւող պայմանագրի փոխանակւող նախագծերին։

«Այն պահից երբ ադրբեջանական մամուլը ադրբեջանական քաղաքական գործիչները սկսեցին կաղկանձել որ ռեւանշիստները, այսինքն մենք հասանելիութիւն ունենք գաղտնի փաստաթղթերին, դրանից մի քանի օր յետոյ Նիկոլ Փաշինեանը ԱԺ ամբիոնից ասաց՝ ես արգելելու եմ, որ դուք այդ փաստաթղթերին տեղեկանաք։ Հիմնաւորումը զաւեշտ էր, ասաց՝ մի բան տեսնում էք, ուրիշ բան տեղեկացնում ենք:

Հիմա, եթէ այս իշխանութիւնները նման մեղադրանք են ներկայացնում, դա կարելի է վճռել ընդամէնը մի ձեւով, թող հրապարակեն այն, ինչը, ըստ իրենց, մենք սխալ ենք ներկայացրել։ Մենք գործել ենք օրէնքի շրջանակներում, այլապէս հիմա ես առնւազն քրէական հետապնդման ենթարկւելիս կը լինէի, ոչ մի բան չենք խախտել, որեւէ արտահոսք չենք արել: Տւել են քաղաքական գնահատական, որ այն թուղթը, որ աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ, կապիտուլեացիայի պայմանագիր է Հայաստանի ստրկացման, Հայաստանին անկախութիւնից, ազատութիւնից զրկելուն եւ սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականութեանը»,- ասել է նա:

Խաչատրեանի խօսքով՝ երկրորդ պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինեանը ուզում է ցոյց տալ, որ մեր երկրում միակ ասողը ինքն է:

Պատգամաւորը մտավախութիւն է յայտնել, որ խաղաղութեան պայմանագրում վտանգաւոր կէտերի թիւը գնալով աւելանալու է: Խաչատրեանը յիշեցրեց Ադրբեջանից հնչող պահանջները՝ Սահմանադրութիւնը հանրաքւէով փոխելու, Հայաստանի ապառազմականացման, ԵՄ դիտորդներին Հայաստանից հանելու մասին:

Related Articles

Back to top button