Գառնիկ Դանիէլեան. «Սա խելագարութիւն է. Ալիեւի հերթական պահանջն է կատարւում»
«Ադրբեջանի սահմանապահները զինւած են ամէն ինչով, եւ այդ տարածքներում հիմա ակտիւ շինարարական աշխատանքներ են գնում. հայկական տարածքները, որ ասել էին կիրանցեցիներին, թէ ցորենը կը թողնենք, որ դուք հաւաքէք, ադրբեջանցիներն են հաւաքում հայկական գիւղերի ցորենը: Այս իրավիճակում էլ ինչպէ՞ս հաւատաս այս իշխանութիւններին, ո՞ր մի ասածին հաւատաս»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիէլեանը:
«Ըստ այս իշխանութիւնների՝ չունենք կադաստրի վկայական, եւ իրենք ակտիւ ջանքեր են գործադրում, որպէսզի ՀՀ-ն ճանաչւի աշխարհում. խելագարութիւն է սա: ՀՀ-ն ճանաչւած պետութիւն է»,- շեշտել է նա:
Դանիէլեանն ընդգծել է. «Տարածաշրջանը եռում է, հնարաւոր են լայնամասշտաբ պատերազմներ, իսկ ՀՀ իշխանութիւններն անհոգ զբաղւած են ուրախ եւ երջանիկ օրեր անցկացնելով: Ես յիշեցնեմ, որ Հայաստանի պարտքը 12 մլրդ. դոլարն անցել է, նրանց իշխանութեան ժամանակ ՀՀ պետական պարտքը կրկնապատկւել է: Սա նոյնն է, երբ մարդը վերցնում է գիւղատնտեսական վարկ, բայց իր տան համար խոլ ու հեռուստացոյց է առնում, չի կարողանում պարտքը սպասարկել, եւ գալիս-ասում են՝ այդ տունն արդէն մերն է: Այսպէս շարունակւելու դէպքում չենք կարողանալու պետական պարտքը սպասարկել»:
Պատգամաւորի դիտարկմամբ՝ այսպէս շարունակւելու դէպքում Հայաստանը ոչ մի շանս չի ունենայ. «Փաստացի, Ալիեւի հերթական պահանջն է կատարւում՝ սահմանապահները պէտք է հսկեն ՀՀ սահմանները, բանակի թիւը պէտք է կրճատւի: Ադրբեջանցիները պահանջ են դնում, որ ադրբեջանցիները պէտք է գան՝ այստեղ բնակեցւեն: Այս ամենի արդիւնքում ինչպէ՞ս է Հայաստանը շարունակելու գոյատեւել: Հայաստանի իշխանութիւնները գնում են մի ճանապարհով, որն անխուսափելիօրէն բերելու է մեր պետութեան կազմաքանդմանը»: