Յայտնի է՝ որտեղ կը տեղադրւի եւ ինչ տեսք կունենայ Երւանդ Մանարեանի արձանը
Հաշւի առնելով, որ Երւանդ Մանարեանի ստեղծագործական գործունէութիւնը անմիջականօրէն կապւած է եղել Յ. Թումանեանի անւան ազգային տիկնիկային թատրոնի հետ, ինչպէս նաեւ հետագայում թատրոնում իրականացւելու են Ե. Մանարեանին նւիրւած յոբելեանական միջոցառումներ՝ արձանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների ձեռքբերումը կը կատարւի «Յ. Թումանեանի անւան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
Այս մասին յայտնում են Հայաստանի Հանրապետութեան կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնից, նշելով, որ 2024 թւականի օգոստոսի 10-ին, լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երւանդ Մանարեանի ծննդեան 100-ամեակը։ Այդ կապակցութեամբ նախաձեռնւել է մեծանուն արտիստի արձանի պատրաստման գործընթացը։ 2.8 մետր բարձրութեամբ արձանը կը տեղադրւի Երեւանի Սայեաթ-Նովա պողոտայ 4 հասցէին յարող տարածքում՝ Յ. Թումանեանի անւան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց, սալահատակւած մայթին: Բրոնզաձոյլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միութեան անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանեանն է։
Արձանի տեղադրման վայրը համաձայնեցւել է արտիստի ժառանգների հետ եւ հաստատւել է Երեւանի աւագանու 14.05.2024 թ.-ի N 151-Ա որոշմամբ։
Արձանի մտայղացման հիմքում ընկած է Երւանդ Մանարտանին մեծ ճանաչում բերած «Հարսնացուն հիւսիսից» ֆիլմի մի հատւածը: Ֆիլմի հերոսը, երեւակայական մոտոցիկլի վրայ նստած, սլանում է առաջ՝ ձեռքում պահած իր ներկայացումների կերպարներից «Անյաղթ աքլորը»:
Երւանդ Մանարեանն անգնահատելի ժառանգութիւն է թողել սերունդներին. նկարահանել է վաւերագրական եւ գեղարւեստական մի շարք ֆիլմեր, հեղինակել բազմաթիւ ֆիլմերի սցենարներ, նկարահանւել ֆիլմերում, հրատարակել պատմւածքներ եւ յօդւածներ։ 1957-59 թթ. նա եղել է Յ. Թումանեանի անւան տիկնիկային թատրոնի գլխաւոր ռեժիսորը:
Աւելի վաղ ՀՀ կառավարութեան որոշմամբ աւելի քան 137 մլն դրամ գումար է յատկացւել Սօս Սարգսեանի անւան համազգային թատրոնի նոր շէնքի յարդարման, ՀՀ ժողովրդական արտիստ Երւանդ Մանարեանի արձանի պատրաստման եւ տեղադրման աշխատանքների իրականացման համար: Միջոցները տրամադրւել են ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեանը՝ 2024 թւականի պետական բիւջէի յատկացումների վերաբաշխմամբ:
«Սօս Սարգսեանի անւան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի համար Անրի Վերնոյ 3 հասցէում բարեգործական ծրագրի շրջանակում կառուցւել է նոր շէնք, սակայն ներքին յարդարման որոշակի աշխատանքներ չեն կատարւել։ Թատրոնի բնականոն գործունէութեան համար անհրաժեշտ շէնքային եւ ենթակառուցւածքային բարենպաստ պայմանների ապահովման, ինչպէս նաեւ բարերարի գործն աւարտին հասցնելու, ամբողջականացնելու նպատակով կատարւած յատկացումը կը կազմի 69.7 մլն. դրամ։