ԻրանՀայաստան - ԱրցախՄշակութային

Իրանագիտութիւնը՝ ԵՊՀ-ն եւ Քեմբրիջի համալսարանը կապող օղակ․ մեկնարկել է պարսից լեզւի եւ գրականութեան ուսուցմանը նւիրւած միջազգային գիտաժողովը

«ԱԼԻՔ» – ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի նախաձեռնութեամբ տեղի է ունեցել Պարսից լեզւի եւ գրականութեան ուսուցման միջազգային 5-րդ գիտաժողովը, որն անցկացւել է Քեմբրիջի համալսարանի Միջին Արեւելքի ուսումնասիրութիւնների ֆակուլտետի հետ համագործակցութեամբ։ Գիտաժողովի հիմնական նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ կը ներկայացւեն նորարարական մեթոդներ պարսից լեզւի եւ գրականութեան ուսուցման ոլորտում՝ խթանելով դասախօսների եւ փորձագէտների միջեւ համագործակցութիւնը, հաղորդում է Երեւանի պետական համալսարանը:

Միջազգային երկօրեայ գիտաժողովի ուշադրութեան առանցքում է կրթական գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների, յատկապէս արհեստական բանականութեան կիրառումը։ Բացի դրանից՝ անցկացւում են պանելային քննարկումներ՝ հնարաւորութիւն ընձեռելով մասնակիցներին վերլուծելու ուսուցման մեթոդիկաներում առկայ մարտահրաւէրները, տեխնոլոգիաների դրական եւ բացասական ազդեցութիւնները։

ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբէն Մելքոնեանը, կարեւորելով իրանագիտութեան դերը հայագիտութեան մէջ, նշեց․ «Հայաստանը արեւելագիտութեան ուսումնասիրման կենտրոն է եղել դեռեւս իր դէիւրէ ձեւաւորումից առաջ։ Մենք, գտնւելով արեւելքում, մշտապէս ուսումնասիրել ենք այս ոլորտը։ Կան երկրներ, որոնք հզօր են ռազմական կամ քաղաքական ոլորտում, իսկ Հայաստանը հզօր է նաեւ արեւելագիտութեան ուսումնասիրութեան ուղղութեամբ։ Այս հզօրութիւնը ձեւաւորւել է մեր մասնագէտների շնորհիւ, որոնք սերնդէսերունդ շարունակում են դարերի խորքից եկող աւանդոյթները։ Իրանագիտութիւնը արեւելագիտութեան կարեւորագոյն ճիւղերից է եւ այսօր էլ մեր գործընկերների շնորհիւ գտնւում է զարգացման բարձր մակարդակի վրայ։ Ուրախ եմ, որ մեր ամբիոնը, պրոֆեսոր Վարդան Ոսկանեանի ղեկավարութեամբ, առաջ է շարժւում համաշխարհային գիտութեան հետ համաքայլ»։

Արեւելագիտութեան ֆակուլտետի իրանագիտութեան ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Ոսկանեանն ընդգծել է եւ մեծապէս արժեւորել ԵՊՀ-ի եւ Քեմբրիջի համալսարանի երկարամեայ համագործակցութիւնը։

«Արդէն մի քանի տարի է, ինչ մեր ֆակուլտետը սերտօրէն համագործակցում է Քեմբրիջի համալսարանի հետ պարսից լեզւի եւ իրանագիտութեան դասաւանդման ոլորտում։ Այդ համագործակցութեան շրջանակում ծնւեց գաղափարը՝ սոյն գիտաժողովի 5-րդ նստաշրջանը (որը մինչ այժմ անցկացւում էր բացառապէս Քեմբրիջում) կազմակերպել ԵՊՀ-ում։ Սա շատ լաւ հնարաւորութիւն է մեր ուսանողների համար՝ ծանօթանալու միջազգային իրանագիտական դպրոցներին եւ հասկանալու ոլորտի նորագոյն ուղղութիւնները»,- մատնանշեց նա։

Քեմբրիջի համալսարանի դոցենտ Մահբոդ Գաֆարը, կարեւորելով ոչ միայն գործակցային, այլեւ ընկերական նոր կապերի հաստատման հնարաւորութիւնը, ասաց․ «Մենք չէինք կարող կազմակերպել այս միջոցառումը՝ առանց բազմաթիւ մարդկանց տեսլականի, նւիրումի եւ նրանց հետ գործակցութեան։ Այս գիտաժողովը ոչ միայն զեկուցումների ու քննարկումների, այլեւ միջանցքներում ծաւալւող զրոյցների, նոր գաղափարների, հաճելի անակնկալների ու ծանօթութիւնների մասին է։ Եկէ՛ք այս երկու օրը դարձնենք ոչ միայն արդիւնաւէտ, այլեւ ոգեշնչող ու յիշարժան»։

Նշենք, որ գիտաժողովին մասնակցում են գիտնականներ եւ մասնագէտներ ոչ միայն ԵՊՀ արեւելագիտութեան ֆակուլտետից, այլեւ Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Սերբիայից, Կանադայից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից եւ մի շարք այլ երկրներից։ 

Գիտաժողովը շարունակւելու է նաեւ այսօր սեպտեմբերի 21-ին:

Related Articles

Back to top button