Մշակութային

Մարտի 14-ը հայ մեծանուն բանաստեղծ Յովհաննէս Շիրազի (1914-1984) յիշատակի օրն է

ԻՆՔՆԵՐԳՈՒԹԻՒՆ

Ինձ ասում են բախտաւոր ես, ով անբախտ,
Իրաւ, կեանքս եւ դժոխք էր, եւ դրախտ…
Մանուկ էի, բայց մանկութիւն չտեսայ,
Հայր էլ եղայ, որդու կարօտ մնացի,
Ծով ծարաւով ոչ մի աղբիւր չհասայ,
Զուլալ եղայ պղտորւելով գնացի:
Դեռ էն գլխից հազար տեղով խոցւեցի,
Ձեան վրայ էլ ոտաբոբիկ ման եկայ,
Թէ յոյսերի բաց դուռ էի, գոցւեցի,
Կարօտ մնաց սէրս մի սուրբ աղջկայ…
Դեռ ասում են բախտաւոր ես ու մէկ-մէկ
Անուններն են տալիս լացող երգերիս,
Երնէկ տալիս, մինչ բուրւառը սրտիս հէգ
Մոխրամանն է դեռ մխացող վէրքերիս…
Ու մինչ օրս ոտաբոբիկ եմ կարծես,
Թւում է, թէ նորեն ձիւն կայ ոտիս տակ,
Միշտ ման եկայ մօրը կորցրած գառի պէս,
Թէ բախտը կար ինչո՞ւ թողեց ինձ մենակ:
Բայց վէրքերս կարմիր վարդեր թւացին,
Բոժոժի պէս մեռայ, որ ձեզ մետաքս տամ,
Ջահել սրտիս տակից փախաւ սիրուն ձին,
Հազար փախած ունիմ, որի՞ն ես ման գամ:
Էլ ո՞ւմ գրկում երջանիկ եմ, էլ ինչո՞վ,
Երբ վիրաւոր մի առիւծի մռնչով
Ձագս կորցրած դեղ կփնտրեմ, բայց խաբում,
Անբալասան բախտը վերքս չի կապում:
Չէ, ասում են, բախտաւոր ես, ով անբախտ,
Իրաւ, կեանքս եւ դժոխք էր, եւ դրախտ,
Ա՜խ, չգիտեմ ո՞ւմն է մեղքը, որ լացի,
Զուլալ եկայ պղտորւելով գնացի…
Աւա՜ղ, ձեր մէջ ես ո՞նց զուլալ մնայի,
Ես անգին քար, գոհար ու լալ մնայի,
Գոհարին վար, քարերին վեր տարաք դուք,
Քար սրտերում ո՞նց մնայի ես մանուկ:

Մարտի 14-ը Հայրենիքի, հայոց վշտի ու կարօտի անզուգական քնարերգու, հայ մեծանուն բանաստեղծ Յովհաննէս Շիրազի (1914-1984) յիշատակի օրն է:

Related Articles

Back to top button