Ինչպէս Ակսել Բակունցի կինը փրկեց գրողի «Կարմրաքար» վէպը՝ այն թաքցնելով հալւայի ամանի մէջ

Ակսել Բակունցը հայ նոր գրականութեան ամենավառ եւ դրամատիկ կերպարներից է։ Իր գրական ճանապարհը նա սկսեց որպէս հրապարակախօս ու պատմւածքագիր, սակայն շուտով դարձաւ 1920–30-ականների Հայաստանի մշակութային, հասարակական կեանքի կենտրոնական դէմքերից մէկը։ Բակունցի ստեղծագործութիւններն աչքի են ընկնում նրբազգաց բնանկարներով, խոր հոգեբանական դիտարկումներով ու ազգային ինքնութեան խնդրի շեշտադրումներով։
Նա կարողացաւ գրականութիւն ներմուծել գիւղական կեանքի անկեղծ պատկերները։ Իր անկախ մտայնութեան ու բովանդակային խորութեան պատճառով Բակունցը դարձաւ խորհրդային ռեժիմի զոհերից մէկը։ Նրա կեանքն ընդհատւեց ստալինեան բռնաճնշումների տարիներին, սակայն նրա ժառանգութիւնը մինչ օրս ուղենիշ է, ճշմարիտ գրողի ճակատագրի խորհրդանիշ։
1936 թւականի մայիսից մինչեւ յուլիս Ակսել Բակունցը Համօ Բեկնազարեանի հետ գտնւում էր Մոսկւայում: Նրանք այնտեղ էին «Զանգեզուր» ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքների համար: Օգոստոս ամսին Բակունցին Մոսկւայից կանչեցին Երեւան, մեղադրանք առաջադրեցին եւ ձերբակալեցին: Բակունցի մեղադրական եզրակացութիւնն այսպիսին էր.
«1…հակայեղափոխական, տրոցկիստական, նացիոնալիստական կազմակերպութեան անդամ, որը, 1934 թւականի դեկտեմբերի 1-ին սպանել է Կիրովին եւ հետագայում նախատեսում էր այդպիսի տեռոր ընդդէմ ՀամԿ(բ)Կ եւ խորհրդային իշխանութեան դէմ։ 2. 1930 թ., Եղիշէ Չարենցի հետ կազմակերպել է հակայեղափոխական գրողների կազմակերպութիւն: 1933 թւականից գլխաւորել է կենտրոնը, որը նպատակ ունէր սպանելու Ստալինին, նախապատրաստում էր մահափորձ Բերիայի դէմ։ 3. Կազմակերպութիւնը կապւած էր Մոսկւայի կենտրոնի հետ (Վաղարշակ Տէր-Վահանեան եւ ուրիշներ)»: (Գասպարեան Դ., «Փակ դռների գաղտնիքը: Չարենցը, Բակունցը եւ միւսները», Երեւան, 1994, էջ 55):
Բնականաբար, նմանատիպ շինծու մեղադրանքն իրենից ենթադրում էր, որ Բակունցը կենթարկւի մահապատժի: Նմանատիպ շինծու մեղադրանքներով էին 1936 եւ յատկապէս 1937 թւականին մեղադրւում հայ գրողներն ու մտաւորականները եւ սպանւում: Հարկ է նշել, որ Բակունցի դէպքում նրան ապօրինի մեղադրելու եւ մահապատժի ենթարկելու պատճառները չէին սահմանափակւում միայն նրա գրական գործունէութեամբ: Բակունցը 1920-ականներից սկսած մեծ ներդրում էր ունեցել եւ մեծ գործունէութիւն էր ծաւալում մի շարք ոլորտներում, որոնք նպաստում էին Խորհրդային Հայաստանի զարգացման, ինչպէս նաեւ ազգային դիմագծի պահպանմանը: Բակունցը նաեւ 1918 թւականի Սարդարապատի ճակատամարտի մասնակից էր, ինչպէս նաեւ նրա անմիջական գործունէութեան արդիւնքում էր, որ 1925 թւականին Հայաստանի եւ Կարմիր Քուրդիստանի միջեւ տեղի ունեցած սահմանազատման արդիւնքում մօտ երկու տասնեակ հայկական գիւղեր մնացին Խորհրդային Հայաստանի տարածքում: Այդ ամէնի հանրագումարն էր նաեւ, որ Բակունցին տրւեց շինծու եւ ապօրինի մեղադրանք:
1936 թւականի օգոստոսի 9-ին՝ Բակունցի ձերբակալութեան օրը, խուզարկութիւն է իրականացւում նաեւ գրողի տանը: Խուզարկութեան ժամանակ ոստիկանները բռնագրաւում են Բակունցի մեծ թւով ձեռագրեր եւ ինքնագրեր: Նրանք վերցնում են Բակունցի «Խաչատուր Աբովեան» եւ «Որդի որոտման» վէպի ձեռագրերը եւ ոչնչացնում դրանք: Այդ ժամանակ Ակսել Բակունցի կինը՝ Վարվառա Չիւիջեանը, կարողանում է հրաշքով փրկել Բակունցի «Կարմրաքար» վէպի ձեռագիրը: Այդ ամէնի մասին հետագայում պատմել է Բակունցի կինը.
«Վերցնում էին Ակսելի ձեռքով գրւած ամէն մի թուղթ: Հաւաքեցին բոլոր ձեռագրերը: Դրանց մէջ էին չհրապարակւած շատ պատմւածքներ, «Աբովեան» վէպը եւ այլն: Բոլորը խցկում էին մեծ պայուսակի մէջ: Ես կարողացայ թաքցնել միայն «Կարմրաքարի» ձեռագիրը: Տանը կար հալւայի թիթեղեայ մեծ, կլոր աման: Դատարկ: «Կարմրաքարի» տեղը գիտէի: Հալւայի ամանի կափարիչը հանեցի: Մինչեւ անծանօթները զբաղւած էին, ես արագ ամբողջ ձեռագիրը վերցրի, ոլորեցի այնպէս, որ կիսաշրջան դառնայ ու անմիջապէս տեղաւորեցի հալւայի ամանի մէջ: Կափարիչը դրեցի: Անծանօթները հալւայի ամանին չմօտեցան: Ու այդպէս «Կարմրաքարը» մնաց թիթեղեայ ամանի մէջ: Մէկ թէ երկու օր անց ձեռագիրը յանձնեցի Վահանին: Նա իր կնոջ միջոցով պէտք է ուղարկէր Թիֆլիս, կնոջ ազգականների մօտ, որ այնտեղ պահէին: Յետոյ ես երկար ժամանակ այստեղ չէի ու այդպէս էլ չիմացայ, թէ ինչ եղաւ «Կարմրաքարի» ձեռագիրը»: (Ն. Յովսէփեան, Ջ., Թունեան, Ք., Միքայէլեան, «Ակսել Բակունցը ժամանակակիցների յուշերում», Երեւան, 1999, էջ 155):
«Կարմրաքար» վէպի հետ կապւած կան տեսակէտներ, որ այն անավարտ վէպ է: Ակսել Բակունցն իր 1932 թւականի ինքնակենսագրականում նշում է, որ վէպն անաւարտ տպագրւած էր, քանի որ գրական մամուլում վէպի հատւածները շարունակաբար տպագրւել էին: Բակունցի կնոջ՝ Վարվառա Չիւիջեանի այս բացառիկ յուշը փաստում է, որ 1936-1937 թւականների դաժան շրջանում, ֆիզիկապէս վերացւում էին ո՛չ միայն հայ գրողները, այլ նաեւ նրանց գրական ժառանգութիւնը: Արդիւնքում անձնազոհութիւն պահանջող խիզախութեամբ մի շարք անհատներ կարողացան պահպանել եւ մեզ հասցնել հայ գրողների բացառիկ ձեռագրերի մի մասը, իսկ նրանց գրական ժառանգութեան մէկ այլ մաս մինչ օրս ննջում է անյայտութեան մոխիրներում:
Զ. ՇՈՒՇԵՑԻ