Ո՞վ է մնացել Ամասիայի եւ Գիւմիւշհաջըքեոյի հայերից

Մուրադ Էզեր
Լուսանկարիչ եւ վաւերագրական ֆիլմերի պրոդիւսեր Մուրադ Էզերը կրկին ճամփայ է ընկել։ Այս անգամ նա հանդիպել է Ամասիայում եւ Գիւմիւշհաջըքեոյում մնացած վերջին հայերի հետ։ Նա վերադարձել է տխուր, բայց եւ այնպէս մարդուն ուժ տւող պատմութիւններով ու իր տպաւորութիւնները գրել «Ակօս»-ի համար:
Երեքշաբթի, 24 դեկտեմբեր 2024, 20 կիլոգրամանոց պայուսակս առայ ուսիս։ Չորեքշաբթի առաւօտեան ժամը 7։00-ին ոտք դրեցի Ամասիա՝ իշխանազունների քաղաք։
Այս ճամփորդութիւնը չնախատեսւած էր եւ անհրաժեշտ։ Եօզղատում բնակւող ընկերոջից լուր ստացայ, որ Ամասիայում ապրող վերջին հայ կօշկակարը` Ռաֆայէլը, վերջերս է վիրահատւել, նրա կինը բազմաթիւ հիւանդութիւններ ունի, եւ որ իրենք ապրում են միյարկանի տանը` փայտի վառարանով ջեռուցելով այն: 19 բարեսիրտ մարդիկ աջակցել են իմ ֆէյսբուքեան յայտարարութեանը. ճամփայ ընկայ հագուստներով ու կօշիկներով, որոնք հաւաքել էինք ես ու կինս՝ Ժանեթը։
Աշխատասէր, հպարտ, համեստ 73-ամեայ Ռաֆայէլն ժամանելուս օրն ինձ վերցրեց հրապարակից, եւ հիւրընկալւեցի նրա տանը։ Մեր նախաճաշը պատրաստեցինք տեղական մթերքով՝ վառարանի ջերմութեան մէջ, որն այլ տեղ չէի տեսել։ Նրան եւ կնոջը յանձնեցի հաւաքւած իրերը: Շատ յուզւած էին եւ ուրախ։ Շնորհակալութիւն յայտնեցին եւ աղօթեցին բոլոր բարեսիրտ մարդկանց համար։ Աչքները լցւեցին։
Ասացին. «Տե՛ս, տղայ ջան, վերջին ածուխներն են մնացել, ճիշտ ժամանակին ես եկել, մի գիշեր հիւր ես մնալու, քեզ չենք թողնի»։ Վերին յարկի սենեակը պատմութիւն էր բուրում։ Սենեակի ներսում կային մարմարէ բաղնիք (յատակին հարթ մարմար քար), խոհանոց, ննջասենեակ, մառան, պահարաններ… Առաստաղն ամբողջութեամբ ծառերի կոճղերից էր, յատակը, պատուհանների շրջանակները փայտեայ էին, մէկ մետրանոց մալուխից մի լամպ էր կախւած։
Ամասիայի հայկական գերեզմանատունը
Երբ գլուխս դրեցի բարձին, կենտրոնացայ առաստաղի վրայ, տեսայ Ամասիայի հայ ժողովրդի կեանքը 1850-ականներին, հասկացայ, թէ որքան հմուտ էին նրանք փայտամշակման եւ արհեստագործութեան մէջ։
Նախաճաշը պատրաստել էին նախքան արթնանալս: Ե՛ւ տխուր, ե՛ւ ուրախ հրաժեշտ տւեցի Ռաֆայէլ հօրեղբօրն եւ նրա կնոջը։
Գնացի քաղաքից 3 կմ հեռաւորութեան վրայ գտնւող Ամասիայի հայկական գերեզմանատուն, որի ճանապարհն անցնում է իմամ Հաթիփի դպրոցով։ Մօտ 300 մ տարածք էր, ուր կային մօտ 150 գերեզմանաքարեր, որոնցից մի քանիսը փլւած գերեզմաններից էին, կտրւած ծառերը դէս ու դէն էին նետւած, անտեսւած, դուռը բաց էր, յետեւը անտառ էր, շրջապատւած էր լարերով։ Լուսանկարել եմ եւ տեսանկարել։ Դասամիջոցին իմամ Հաթիփ դպրոցի աշակերտներին հարցրի, թէ ումն է այս գերեզմանատունը, եւ 20-ից աւելի աշակերտներ միաձայն պատասխանեցին. «Ուսուցիչս ինձ ասել է, որ դա հայկական գերեզմանոց է կամ նման բան»: Երբ հարցրի՝ «Երբեւէ հայ տեսե՞լ ես», մահացու լռութիւնը ծածկեց ամբողջ գերեզմանոցն ու անտառը։ Հօրեղբայր Ռաֆայէլի խօսքով՝ դպրոցի հողատարածքին աւելացրել են գերեզմանոցի կրկնակի տարածքը, ինչպէս գիտէք՝ նոյն եղանակով, որը կիրառւել է հանրապետական ժամանակաշրջանում։
Գիւմիւշհաջըքեոյ եւ Շահան Մինասեր
Չկարողացայ շրջայց կատարել իշխանազունների քաղաքում:
Ժամանակը քիչ էր ամրոցը դիտելու համար, քարանձաւները, թանգարանները, ժամացոյցի աշտարակի յետեւի հատւածը, որը հայկական թաղամասն է, եւ սելջուկեան ու օսմանեան բազմաթիւ պատմական նմուշներ։ Երբ Ամասիայից հասայ Գիւմիւշհաջըքեոյի շրջան, ժամը 17:00-ն էր, ու մութն ընկել էր։ Երկու անգամ եկել եմ այստեղ՝ 2018 թ. եւ 2019 թ.՝ գրքի եւ վաւերագրական աշխատանքների համար։ Առաջին բանը, որ մտքովս անցաւ, “Շահան Գիյիմ Մանիֆատուրա” կամ Շահան Մինասեր ախպարիկին այցելելն էր՝ պատմական շուկայի սրտում՝ ժամացոյցի աշտարակի յետեւում։ Սկզբում չէի ուզում հաւատալ տեսածիս, յետոյ ինքս ինձ ասացի. «Օհ, ո՜չ, նա պէտք է որ նոր խանութ տեղափոխւած լինի»: Ներսում դատարկ էր։ Երբ 2018 թ. եկայ, այն բանուկ էր եւ լի էր գունաւոր գործւածքներով, սրբիչներով, անկողնային սպիտակեղէնով եւ այլ ապրանքներով: Խանութից, ուր կանայք կուտակւում էին ներսում, երբեմն էլ հերթեր էին գոյանում դռան մօտ. ոչ մի հետք չի մնացել։ Եղանակը չոր ու ցուրտ էր, կողքին գիւղական սրճարան կար, նստեցի տաքանալու, խանութից նորութիւններ իմանալու։
«Ուստա Շահանը եթէ գնայ, այստեղ բարաքեաթ չի մնայ»
Բացատրեցի իրավիճակը ուստա Սաթըլմիշին՝ խիտ բեղերով մի կարճահասակ մարդու, եւ նրան հարցեր տւեցի։ Ցածր ու դողդոջուն ձայնով ասաց՝ խանութը փակում է, տէրը եռապատիկ վարձ է ուզել։ Եթէ Շահան ուստան հեռանայ, այստեղի առեւտրականները չեն կարողանայ բիզնես անել, եւ այս շրջանի բարիքն ու ճաշակը կը վերանան։ Նա շատ ջենտլմէն, ազնիւ ու համեստ մարդ է։ «Ուստա Շահանը պարտքով ապրանք է տալիս, երբեք ոչ մէկին չի վշտացնում, օգտակար եւ կատարեալ մարդ է, թէյ եւ սուրճ է հիւրսիրում բոլոր եկողներին»,- ասում էր նա։ Նա արագ մի յուշ է պատմում. «ասացի գնում եմ Ստամբուլ, ասաց եթէ փող չունես, կարող եմ տալ քեզ, Սաթըլմիշ եղբայր, երբ կինի, կարող տալ։ Այս օրերին եղբայրներն իրար նման բան չեն ասում»:
«Շահան Գիյիմը» 60 տարւայ պատմութիւն ունի, որից 40 տարին եղել է ներքին շուկայում, իսկ 20 տարին` ներկայիս խանութում։ Պատմութեան էջերում իր տեղն էր գրաւում հայ վերջին վաճառականը՝ Շահան Մինասեր ախպարիկը։ Նրա հայրը վարագոյրների առեւտրական էր, իսկ պապը ոսկերիչ էր՝ երեք սերունդ, 140 տարի, որպէս արհեստաւորներ, ծառայել են Գիւմիւշհաջըքեոյի բնակչութեանը: Ձեռքերս թափահարելով՝ զանգահարեցի Շահան ախպարիկին եւ բացատրեցի իրավիճակը, նա ասաց՝ «Վաղը ժամը 09:30-ին խանութում կը լինեմ, արի»։ «Անօթի կը գաս, քեզ կը հիւրասիրեմ այստեղի յայտնի սըրըք քեաբաբը»,- ասաց նա։ Երբ ես գնացի խանութ հէնց նրա ասած ժամին, ինձ շրջապատեց տխրութեան, ցաւի եւ մի փոքր երջանկութեան պարոյրը։ Մտածում էի՝ 76-ամեայ Շահան ախպարիկը նոյնպէս պէտք է ժամանակ յատկացնի հանգստանալու՝ իր եւ իր մօր՝ 96-ամեայ պայծառ դէմքով, պատմական յուշարձան Զաբէլ թանթիի (մօրաքրոջ-Ակունքի խմբագրութիւն) հետ։ Տխրութեան ու ցաւի պարոյրն այն էր, որ այլեւս չկային հայ առեւտրականներ, եւ վարձի պատճառով փակւեց 140-ամեայ պատմական դարաշրջանը։
Դատարկ խանութում ձայներ են արձագանգում
Թէյն ու սուրճը անընդհատ թարմանում էին, իսկ դատարկ խանութում ձայներ էին արձագանգում։ Եկան Շահան ախպարիկի մանկութեան ընկերները՝ Ալին, Հուսէյնը, Օսմանը, Սաթըլմիշը եւ նրա ընկերները, որոնց անունները ես մոռացել էի։ Թէյի եւ սուրճի հիւրասիրութիւն, ջերմ զրոյց, կատակներ։ Արժէ յիշել Հուսէյն ապիի հետեւեալ խօսքերը. «Թէեւ ոչ բոլորն էին կարողանում իրենց գումարով ապրանք գնել, իմ ուստա Շահանը միայն մէկ հեռախօսազանգով ապրանքներ էր հաւաքում իր խանութի համար»: Ժամը 12:30-ին Շահան ախպարիկը ինձ տարաւ Գիւմիւշհաջըքեոյի շուկայի կենտրոնում գտնւող մի յայտնի ռեստորան։ Քանի դեռ քեաբաբի համը բերանումս թարմ էր, մենք թէյ էինք խմում եւ շարունակում զրոյցը Շահան ախպարիկի ու նրա մանկութեան ընկերների հետ այն խանութում, որը որբի տեսք ունէր, որը պարտութիւն էր կրել պատմութիւնից եւ ունէր ընդամէնը երեք աթոռ, սեղան, POS սարք եւ սուրճի սեղան, որի պատուհանին գրւած էր «Շահան Գիյիմ»։ Միեւնոյն ժամանակ, ես հանդիպեցի պարտքերի հաշւառման տետրի՝ իր իսկ ձեռագրով գրւած (ինչպէս բժշկի դեղատոմսը): Ես ակամայ հարցրի նրան, թէ որքան գումար ունի այս մատեանում։ Բազմանշանակալից ժպիտով նա պատասխանեց. «Եղբայր, 100 հազար լիրա պարտք ունեմ, էսօր չորս հոգի են եկել, ամսի 26-ը չի՞։ Մինչեւ յունւարի 1-2-ը այստեղ կը լինեմ, կը գան, կը գան։ Գիւմիւշհաջըքեոյում բոլորն իրար լաւ են ճանաչում, մեր քաղաքն ընդամէնը 16 հազար բնակչութիւն ունի։ Վատ համբաւովի մօտից վերցրու, թէկուզ մուրհակ ու ստորագրութիւն ստանաս, ի՞նչ է գրելու։ Բիզնեսում միշտ 10 տոկոս կորուստ կայ, 10 տոկոսը կը մոռանաս, ի սկզբանէ պիտի տանես, այնուամենայնիւ։ Ա՛յ, իմիջիայլոց, ասեմ, Զաբէլ մամային ասացի, որ եկել ես, քեզ է սպասում»։
Հանդիպում Զաբէլ թանթիի հետ
2018 թ. ամռանը կրկին այցելեցի իմ ծանօթ Զաբէլին նրա տանը։ Վաւերագրական ֆիլմի համար լուսանկարել եմ եւ տեսագրել պայծառ դէմքով, համեստ, աշխատասէր եւ անկեղծ ծանօթիս: Շահան ախպարիկը ներողութիւն խնդրեց, որ չի կարող ինձ ուղեկցել, ստիպւած էր խանութում առաւօտեան ժամը 09:30-ից մինչեւ երեկոյեան 17:30 սպասել իր պարտատէրերին։
Յուզւած էի, երբ մօտեցայ շէնքին։ Շէնքի վերանորոգումը անմիջապէս աչքի զարնեց։ Տեսայ, որ այգին ու բակը բարեկարգւած են, տեղադրւած են կոմբինատային կաթսայ, ռադիատոր, խոհանոցն ամբողջութեամբ նորոգւած է, բազկաթոռների ու պատերի գոյնը փոխւած է, իսկ պատերի սեւ ու սպիտակ լուսանկարներն այլեւս չկան։ Զաբէլ թանթին ինձ ընդունեց ժպտադէմ ու հոգեզմայլ ժպիտով։ Երբ հանեցի կօշիկներս, ասաց. «Բարի՜ գալուստ, կարօտել էի քեզ, անակնալ եղաւ։ Արի տաքացիր, կը մրսես»։ Ես համբուրեցի նրա տաք, բամբակեայ ձեռքերը եւ նստեցի նրա դիմաց։ Նա մի հայեացք գցեց իրեն նայող հարեւան կնոջը, ով կամացուկ դուրս եկաւ տնից։ «Չեմ կարող քեզ թէյ կամ սուրճ պատրաստել, ներիր ինձ, ուժ չունեմ, հազիւ եմ ոտքի վրայ մնում, ծեր եմ, ճամփիս վերջն է արդէն։ Բայց, փա՜ռք Աստծոյ, միտքս պարզ է, հարցերին պատասխանում եմ ու իրավիճակը բացատրում։ Ամռանը ես դուրս եմ գալիս այգի, դռան դիմաց, այն ձեռնափայտով, որ տեսնում ես այստեղ, բայց ձմռանը ցուրտ է, եւ չեմ կարող դուրս գալ»,- ասաց նա։
Տեսանիւթեր եւ լուսանկարներ եմ արել: Նա պատմեց 1915 թ. Կայսերիում (Կեսարիա-Ակունքի խմբագրութիւն) իր ընտանիքի ապրած ցաւերը, կորուստները, դժւարութիւններն ու զրկանքները, խորհուրդներ տւեց այսօրւայ երիտասարդութեանը (որոնք անվճար կարող էք դիտել իմ իւթուբեան ալիքում)։ Ես ներողութիւն խնդրեցի դուրս գալու համար, թերեւս նա հանգստի կարիք ունենար։ Եթէ իմ իմացած Զաբէլը լինէր, ճաշի էլ կը մնայի։ Չգիտես ինչու, մեր հրաժեշտն աւելի տխուր էր, քան 2018 թ.։ 2018-ին ես տեսայ Գիւմիւշհաջըքեոյում գտնւող հայկական գերեզմանատունը, հայկական փակ բաղնիքը եւ հայկական թաղամասի ոլորւած այգիներն ու տները։ Խօսակցութիւններ կային, որ այրւել են Գաբրիէլ Օզբալի թերթն ու Հայկանուշ Օզբալ քոյրիկի տները, ովքեր այսօր չկարողացան լինել մեզ հետ։ Ստիպւած էի հեռանալ՝ հնարաւորութիւն չունենալով ճշտել այս լուրերը, չկարողանալով մի աման ջուր լցնել իմ նախնիների կառուցած հայկական բաղնիքում։
Մերզիֆոնը եւ հնաոճ իրեր վաճառող Մեհմեդ ուստան
Նոր տարւան երեք օր էր մնացել։ Ստիպւած էի վերադառնալ։ 2024 թ. դեկտեմբերի 29-ի առաւօտեան, ժամը 10:00-ին, կէս ժամում Գիւմիւշհաջըքեոյ-Մերզիֆոն (Մարզվան–Ակունքի խմբ.) միկրոաւտոբուսով հասայ Մերզիֆոն աւտոբուսի տերմինալ։ Մեհմեդ ուստան՝ հնավաճառը, ում հետ ծանօթացել էի ֆէյսբուքում եւ որին առաջին անգամ էի տեսնում, ողջունեց ինձ եւ ամբողջ օրը պտտեցրեց: Նա ամէն օր կեր է բաժանում իր տարածքում գտնւող իւրաքանչիւր կատւի, շան եւ թռչունի: Այդ օրը մենք միասին ճաշակեցինք այս աննկարագրելի հաճոյքն ու երանութիւնը։ «Մինչեւ կեանքիս վերջին շունչը մենակ չեմ թողնի այս ընկերներին»,- ասում էր Մեհմեդ ուստան։
Ես գովազդային կադրեր եմ նկարել Մեհմեդ ուստայի տան տակ գտնւող հնաոճ խանութում։ 30 տարի գիւղեր, շրջաններ ու քաղաքներ ճամփորդելուց յետոյ նրա հաւաքած հնաոճ իրերը ձեզ կուղեկցեն պատմութեան ոլորաններում եւ մտքերի մէջ կը գցեն:
Պղնձէ իրեր, որոնք թողել են հայերը, փայտէ օրօրոցներ, ածուխի արդուկներ, ձեռքով աշխատող կարի մեքենաներ, ճախարակներ, ամաններ, ծաղկամաններ, զարդեր, շատ իրեր, որոնք առաջին անգամ էի տեսնում։
Դրանցից մի քանիսի վրայ գրւած են արհեստաւորի հայերէն անունը եւ տարեթիւը։ Նա ինձ տւեց մի պղնձէ գդալ՝ փայտէ բռնակով եւ զարդարւած ծայրով, որը հայ վարպետն էր պատրաստել։ Ժամը 16:30-ին հասանք, նա ասաց՝ տիկինս ճաշ է պատրաստել ու ձեզ է սպասում, ասացի՝ ընթրելու տեղ չունեմ, կուշտ եմ, բայց շատ կուզենայի հանդիպել ձեր մօրը։ Անգամ 2024 թ. Անատոլիայի ժողովրդի ջերմութիւնն ու հիւրընկալութիւնը ուրախացնում է մարդկանց։ Լուսադէմ, սիրալիր, բանիմաց մայր Ֆաթման 96 տարեկան է։ Մենք զրուցեցինք, լուսանկարեցի նրան, եւ աւտոբուսի ժամը մօտեցաւ։ Հրաժեշտ տւեցի Մեհմեդ ուստային եւ նրա ընտանիքին եւ պայուսակս առայ մէջքիս։
Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել հնավաճառ Մեհմեդ ուստային եւ մերզիֆոնցի նրա ընտանիքին, ով ամբողջ օրը հոգ էր տանում ինձ, Շահան Մինասեր ախպարիկին եւ նրա մօրը՝ Զաբէլ թանթիին, ով հոգ էր տանում ինձ Գիւմիւշհաջըքեոյում, շուկայի խանութպաններին, Ռաֆայէլ պապիկին եւ նրա կնոջը, որոնց հիւրն էի Ամասիայում։ Շա՜տ շնորհակալ եմ։
https://www.agos.com.tr/tr/yazi/31967/amasya-ve-gumushacikoyde-ermenilerden-kim-kaldi
Թարգմանեց ՏԻԳՐԱՆ ՉԱՆԴՈՅԵԱՆԸ
www.akunq.net