Հայաստան - ԱրցախՔաղաքական

1990 թ. օգոստոսի 23 – ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՆՈՐ ՍԿԻԶԲԸ

ԱՐՄէՆ ՄԱՐՏԻՐՈՍեԱՆ

ՀՀ Գերագոյն Խորհրդի պատգամաւոր (1990-95 թթ.)

ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր (1995-99 թթ.)

Արտակարգ եւ լիազօր դեսպան

Հայաստանի Անկախութեան Հռչակագրի կապակցութեամբ երկրի գլխաւոր բանակցողի հերթական ձանձրալի բողոքի ակցիան զուրկ էր որեւէ հիմնաւորումից։ Սակայն նա դա արեց, քանի որ պարտադրւած էր անել եւ անել հենց նման ցնորամիտ մատուցմամբ։ Անկասկած, նրա վախի աղբիւրը Հռչակագրի հանդէպ Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների վերաբերմունքն է։ Ձգտելով ընթացող բանակցութիւններում գոհացնել վերջիններիս՝ այս անգամ նա դիմեց մերձքաղաքական ստրիպտիզի գայթակղիչ ժանրին, ուստի կարիք է առաջացել հմայաթափ անել մեր հայրենակիցների բանից անտեղեակ կամ դիւրահաւատ հատւածին։ Առաւելեւս, որ դա իմ պարտքն է՝ որպէս 1990 թւականին Հռչակագրի նախագծերի քննարկման եւ վերջնական տեքստի քւէարկութեան մասնակցի։

ՔՊ-ի առաջնորդի ստի ու ճամարտակութեան նպատակը Հռչակագրի ընդունման համազգային եւ միջազգային մթնոլորտն անտեսելու նենգ դիտաւորութիւնն է։ Իրականութիւնն այն է, որ 34 տարի առաջ ընդունւած այդ պատմական փաստաթղթի բովանդակութիւնը թելադրւած էր հայ ժողովրդի գերակայ ցանկութեամբ: Այդ ժամանակաշրջանի հասարակական գիտակցութիւնը ձեւաւորողները Ցեղասպանութեան յիշողութեան կենդանի կրողներ էին, որոնց համար Մեծ Եղեռնի մոռացումը հաւասարազօր էր ազգուրացութեան։

Հռչակագիրն ընդունւեց այն ժամանակ, երբ դրանից ընդամէնը 2 տարի առաջ ադրբեջանական ծայրայեղականները Սումգայիթում որսում ու խողխողում էին իրենց խաղաղ համաքաղաքացիներին միայն այն պատճառով, որ նրանք հայ էին։ Աւելին, ադրբեջանցիներն արդէն սկսել էին ռազմական գործողութիւններ՝ ինչպէս բուն Արցախում, այնպէս էլ՝ Հայաստանի սահմաններին։ Խղճի մտոք դիտարկողը Հռչակագրում կը նկատի Ադրբեջանի հայկական բնակավայրերից ու Բաքւի ջարդերից փրկւած տնաւէր փախստականների տառապանքի կնիքը, ԼՂԻՄ-ի օրինական իշխանութիւնների օրաւուր սաստկացող տագնապներն իրենց հայրենակիցների վաղւայ օրւայ նկատմամբ։

Քննարկւող նախագծերում կային արմատական դրոյթներ, եւ կարող էր ընդունւել համազգային երազանքին առաւել համահունչ բանաձեւ, մանաւանդ որ, աշխարհի համակրանքն ինքնորոշման ձգտող Արցախի եւ ժողովրդավարական Հայաստանի կողմն էր։ Սակայն Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն Խորհրդում տիրապետողը հաւասարակշիռ եւ շրջահայեաց գործելու ոգին էր։

Անկախութեան Հռչակագրում միախառնւած էին անկախ պետականութեան ամենազօրութեան նկատմամբ վստահութիւնը, Հայրենիքի ամէն թիզ հողի համար անձնազոհութեան պատրաստակամութիւնը, ազգային համերաշխութեան ու միասնութեան հաստատման հրամայականը եւ պատմական արդարութեան վերականգնման խեղդող ակնկալութիւնը։ Սա՛ էր ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ոգին, ուստի անհնար էր անգամ պատկերացնել Գերագոյն Խորհրդում Հայոց պատմութեան մերժմանը մոլագար խանդավառութեամբ տրւած որեւէ ուժի ներկայութիւն, ինչպիսին ՔՊ-ն է։ Հռչակագիրը սահմանել էր յաղթանակող ժողովրդի համար ուղենիշներ եւ նախատեսւած չէր նրանց համար, ովքեր կը ստիպեն սեփական ժողովրդին ենթարկւել թշնամու կամքին եւ զոհաբերել ազգային արժանապատւութիւնը յանուն կուշտ կեանքի։

Հռչակագիրը մեր ժողովրդի վերածնութեան պահանջի արձագանգն էր, եւ մենք չընկրկեցինք. յաղթեցինք մարտի դաշտում, ազատագրեցինք Արցախը, ներգրաււեցինք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգաւորման գործընթացին, ձեռնամուխ եղանք Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը, հիմք դրեցինք աննախադէպ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների։ Խոստովանում եմ. թոյլ տւեցինք բազմաթիւ եւ կոպիտ սխալներ, բայց երբեք չգնացինք դաւաճանութեան։

Մթնոլորտն ամբողջութեամբ հասկանալու համար հարկ է նկատի առնել ոչ միայն Հայաստանում, այլեւ նախկին միութենական հանրապետութիւններում տիրող համազգային զարթօնքը եւ բոլոր 15 հանրապետութիւններում (Ռուսաստանից սկսած եւ աւարտւած Թուրքմենստանով) բորբոքւած ազգայնականութիւնը, որի զգացմունքային դրդիչը հարեւանների եւ կայսրութեան հետ փոխյարաբերութիւնների պատմութիւնը կտրուկ վերանայելու փորձերն էին։ Այս կամ այն սրութեամբ իւրաքանչիւրն ունէր իր «Ղարաբաղը»։ Բալթեան երկրների համար դա Ռիբենտրոպ-Մոլոտով պակտն էր, Ուկրաինայի համար՝ «Գոլոդոմորը», Ռուսաստանի համար՝ այլ հանրապետութիւններում բնակւող միլիոնաւոր ռուսների ճակատագիրը… Նման պայմաններում վերածնւող հայկական պետականութիւնը չէր կարող լիովին անզգայունակ լինել ազգայնականութեան նկատմամբ։ Ազգայնականութեան ցունամին, ի վերջոյ, կազմալուծեց Խորհրդային Միութիւնը։ Սակայն Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր հայրերի քաղաքական սթափ եւ պատասխանատու դիրքաւորումը ստիպեց Գերագոյն Խորհրդի տարաբնոյթ մեծամասնութեանը Հռչակագրի փոխզիջումային բանաձեւումներ գտնել ծայրայեղ ազգայնական առաջարկներով հանդէս եկած մեր գործընկերների հետ. բոլոր կողմերն էին հասկանում՝ Անկախութեան Հռչակագիրը չէր կարող հաստատւել ձայների պարզ մեծամասնութեամբ։ Անկախ պետականութեան հաստատման իրաւական եւ քաղաքական հիմքը պէտք է դրւէր միայն ընդհանուր համաձայնութեամբ եւ դառնար միաւորող գործօն ապագայ փորձութիւնների դէմ հանդիման։

Ամփոփեմ միտքս. անիմաստ է ցանկացած փորձ՝ միանշանակ գնահատել որեւէ երկրի Անկախութեան հռչակագիրը։ Լաւագոյնը, ինչ կարող է անել իմաստուն քննադատը, դա ուսումնասիրել այն որպէս հարուստ գեղարւեստական կտաւ՝ յիշելով, որ մէկ ուրիշը նոյն կտաւի վրայ կը բացայայտի այլ երանգներ եւ նախշեր:

Related Articles

Back to top button