Աղասի Ենոքեան. «Ռուս-ուկրաինական պատերազմի աւարտով Նիկոլի նշանակութիւնն աւարտւում է»
Մոսկւան Հայաստանում իշխանափոխութի՞ւն կանի
«ԱԼԻՔ» – Միջազգային ու տարածաշրջանային վերջին զարգացումների եւ Հայաստանի վրայ դրանց հնարաւոր ազդեցութեան մասին «Առաւօտ» օրաթերթը զրուցել է քաղաքագէտ Աղասի Ենոքեանի հետ:
–Ամերիկեան ընտրութիւնների ֆոնին, ի՞նչ աշխարհաքաղաքական փոփոխութիւնների սպասել, այդ թւում նաեւ Հարաւային Կովկասում. բոլորը փոփոխութիւնների ակնկալիքներով են։
-Թրամփը հանրապետական է եւ առաջ է քաշելու Հանրապետական կուսակցութեան արտաքին քաղաքականութեան հիմնական ռազմավարութիւնը, ինչը նախատեսում է աւելի քիչ ներգրաււածութիւն աշխարհում եւ աւելի շատ ուշադրութիւն ներամերիկեան խնդիրներին։ Սակայն զարմանալի չէ, որ նման մօտեցումներն այսօրւայ աշխարհում բերելու են ԱՄՆ դերի աւելի մեծացմանը։
Ուկրաինան եւ Ռուսաստանն արդէն կոնկրետ քայլերով պատրաստւում են յունւարի 20-ին, երբ Թրամփը ստանձնելու է նախագահութիւնը, նախապատրաստական աշխատանքների մասին է խօսում Իրանը: Թրամփը խոստացել է աւարտել բոլոր պատերազմները, որ Ամերիկան աւելի հանգիստ շնչի, սակայն, բնականաբար, դա նշանակում է, որ գոնէ խաղաղութիւններ հաստատելու գործընթացում Թրամփն աւելի շատ (շատերը կարծում են, որ աւելի կոշտ) կազդի այդ գործընթացների վրայ։ Կոնկրետութիւնների մասին դեռ վաղ է խօսելը, շատ են ներկայացւած նախագծերը, սակայն պարզ է, որ Իրանի հանդէպ ճնշումներ են աւելանալու, ռուս-ուկրաինական պատերազմը գնալու է հանգուցալուծման, Մերձաւոր Արեւելքում դադարելու են կրակել։ Այս բոլորը բնական գործընթացներ են, այս կոնֆլիկտներն արդէն մաշւել են, մարդիկ յոգնել են դրանցից, եւ ԱՄՆ նոր քաղաքականութիւն մշակելը յարմար առիթ է դրանք աւարտելու համար։
Քանի որ այս ամէնը հէնց մեր հարեւանութեամբ են, ապա Հարաւային Կովկասի եւ Հայաստանի համար սրանք եւս ինչպէս նոր խնդիրներ կառաջացնեն, այնպէս էլ նոր հնարաւորութիւններ կը բացեն։ Սպասենք առաջիկայ քայլերին։
–Վրաստանի եւ Մոլդովայի ընտրութիւններն ինչի՞ մասին են խօսում։
-Վրաստանում եւ Մոլդովայում գնացին հակադարձ գործընթացներ՝ եթէ Վրաստանում յաղթեց Ռուսաստանը, ապա Մոլդովայում կարողացան գտնել ձեւեր, որոնց շնորհիւ Ռուսաստանն այստեղ պարտւեց։ Վրաստանում եւս պրոռուսական ուժերը յաղթեցին փոքր առաւելութեամբ եւ շատ մեծ ջանքերի, ըստ բազմաթիւ պնդումների՝ մեծ խախտումների շնորհիւ։ Միանշանակ եզրակացութիւնն այն է, Մոսկւան չի կարողանում յստակ իրեն ենթարկել ողջ յետխորհրդային տարածքը, Ռուսաստանի ցանկութիւնները միշտ չէ, որ համընկնում են այս երկրների քաղաքացիների եւ էլիտաների ցանկութիւնների հետ, նաեւ՝ ազդեցութեան եւ մանիպուլիացիաների ռուսական մեթոդներն արդէն շատ արդիւնաւէտ չեն։
–Եթէ փորձենք դիտարկել հայաստանեան զարգացումները՝ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականութեան համատեքստում, հայ–ամերիկեան յարաբերութիւններն ի՞նչ տրանսֆորմացիաներ կունենան։
-ԱՄՆ Հանրապետական կուսակցութիւնը յաղթեց ոչ միայն նախագահական ընտրութիւններում, այլեւ Կոնգրեսի երկու պալատն էլ այլեւս Հանրապետական են։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Հայաստանի իշխանութիւնները ընտրութիւններին նախորդած շրջանում աշխատել են բացառապէս ԱՄՆ Դեմոկրատական կուսակցութեան հետ, ինչը նշանակում է, որ սկզբնական շրջանում նրանք կունենան հաղորդակցութիւն հաստատելու եւ տեսակէտներ ներկայացնելու որոշակի դժւարութիւն։ Իհարկէ, այստեղից չի հետեւում, որ ԱՄՆ նոր ադմինիստրացիան նեղացած կեցւածք կը ցուցաբերի փաշինեանական ռեժիմի նկատմամբ (ի դէպ, խորհրդանշական էր նախընտրական շրջանում Թրամփի եւ Արամ կաթողիկոսի հեռախօսազրոյցը), այլ կառաջնորդւի ԱՄՆ շահերի համար իրենց տեսլականով։
Իրանի հանդէպ Թրամփի կոշտ մօտեցումը նշանակում է, որ մեզ կարող են առաջարկւել մասնակցել այդ կոշտութեանը, ինչը, հաշւի առնելով Իրանի լուրջ դիմադրութեանը՝ Մեղրիի միջանցքը ռուսներին յանձնելուն, կարող է այստեղ որոշ խնդիրների հանգեցնել։
Հայաստանի համար առաւել էական ազդեցութիւն կարող է ունենալ ռուս-ուկրաինական պատերազմի նախատեսւող աւարտը։ Այժմ արդէն ակնյայտ է, որ Նիկոլը Ռուսաստանի կողմից Հայաստանում նշանակւել է Ուկրաինայի դէմ պատերազմին նախապատրաստւելու ժամանակ որպէս «տւող» ղեկավար, որի ձեռքով պէտք էր Թուրքիային տարածքներ տալ, որպէսզի այդ պատերազմի ժամանակ ապահովւէր Թուրքիայի խիստ արժէքաւոր դարձող պրոռուսական կեցւածքն ու քայլերը։
Չնայած վարչախմբի հակառուսական խօսւածքին, Նիկոլի քայլերը միշտ եղել են այնպիսին, որպիսին նրանից պահանջել են, կամ ակնկալել են ռուսները։ Իսկ հակառուսական բառերն, իհարկէ, նրա համար են, որ Հայաստանի պրոբլեմներում Ռուսաստանը յետոյ կարողանայ մեղադրել ոչ թէ հայ ժողովրդին, այլ Նիկոլին։ Պատերազմի աւարտով Նիկոլի այդ նշանակութիւնն աւարտւում է, եւ Մոսկւան բաւականին արագ նոր ղեկավար կը նշանակի Հայաստանում, ով կը սկսի մեծարել Ռուսաստանին, մաքրելով այդ «սորոսական» դաւաճանութիւնը, եւ կը վերադառնայ մեծ եղբօր հետ դարաւոր բարեկամութեան նարատիւին։
–Հայաստանում որոշակի սպասելիքներ են ձեւաւորւում, որ արտաքին դերակատարների նոր մօտեցումները նաեւ մեր ներքաղաքական կեանք կը մտնեն եւ հիմնական խաղացողների վերադիրքաւորումները բարենպաստ իրավիճակ կը ստեղծեն մեր երկրում իշխանափոխութեան համար։ Տեսնո՞ւմ էք նման հնարաւորութիւններ։
-Եթէ ի նկատի ունէք Արեւմուտքի ակտիւացումը, ապա նման բան չի նախատեսւում հէնց այն պատճառով, որ Հայաստանում չկայ որեւէ լուրջ արեւմտամէտ ուժ, որի միջոցով Արեւմուտքը Հայաստանի քաղաքացիներին կը կարողանայ ներկայացնել իր մօտեցումները։ «Սորոսականները» կամ տեռորիստ «Սասնայ Ծռերը» լաւ են Նիկոլի պրոռուսական օրակարգը քողարկելու համար, սակայն նրանք այնպիսի դերակատարներ չեն, որի միջոցով Արեւմուտքը կարող է քաղաքականութիւն կառուցել։ Ի դէպ, այն, որ իր մանր-մունր քաղաքական քայլերը Արեւմուտքն անում է Նիկոլի հետ, չի նշանակում, որ այնտեղ չեն հասկանում վարչախմբի պրոռուսականութիւնը, պարզապէս Հայաստանում այլ քաղաքական դերակատար չկայ, ո՞ւմ հետ նրանք կարող են զրուցել։
Միաժամանակ, թէեւ նոր արտաքին դերակատարները չեն ակտիւանայ, ինչպէս ասացի, պատերազմի աւարտով կը փոխւի Ռուսաստանի մօտեցումը Նիկոլի նկատմամբ, եւ նրան նոր ղեկավարով փոխարինելը շատ հաւանական է։
-Ադրբեջանում COP 29 –ի միջոցառումները մեկնարկեցին այդ երկրի ղեկավարների կողմից ՀՀ–ին ուղղւած մեղադրանքներով, պահանջներով. նոյնիսկ սպառնալիք կարելի է որակել այն յայտարարութիւնը, որ չմասնակցելով այդ միջոցառմանը, ՀՀ իշխանութիւնը հնարաւորութիւն կորցեց։ Զուգահեռաբար, ՀՀ իշխանութիւնը տապալեց ՀՀ խորհրդարանում հայ գերիներին ազատ արձակելու յայտարարութեան ընդունումը։ Ի՞նչ կասէք այս մասին։
-Խորհրդանշական է, որ կլիմայի փոփոխութեանը նւիրւած COP բարձր մակարդակի հանդիպումներն անց են կացւում նաւթային երկրներում, այսինքն՝ այն երկրներում, ովքեր ամենամեծ ներդրումն են ունենում էկոլոգիայի փոփոխութեան մէջ եւ ովքեր անխնայ նաւթ ու գազ վառելու հիմնական լոբբիստներն են։ Սա խօսում է այն մասին, որ կլիմայական բաղադրիչն այս ժողովերում նենգափոխւել է, եւ փոխարինւել երկրների պրիստիժների ներկայացման խնդիրներով։
Ադրբեջանցի ընդդիմադիրները հետաքրքիր բացայայտում արեցին այն մասին, որ Արաբական Էմիրաթներում կայացած նախորդ՝ COP28 հանդիպման ժամանակ Ադրբեջանը եւ ֆինանսապէս, եւ քաղաքականապէս կաշառել է Հայաստանի պատւիրակութեանը, որպէսզի վերջինս վետոյով հանդէս չգայ։ Որպէս քաղաքական բաղադրիչ Բաքուն այդ ժամանակ ազատ արձակեց 32 ռազմագերու։ Ինչ վերաբերում է միւս 23 ռազմագերիներին, որոնց մէջ է նաեւ Արցախի նախկին քաղաքական ղեկավարութիւնը, ապա Հայաստանի կողմից նման պահանջ Բաքւին չի դրւել, քանի որ Երեւանում շատ լաւ են հասկանում, որ Արցախի նախկին ղեկավարներն ի վիճակի են մոբիլիզացնել բռնագաղթւած արցախցիներին, ինչը կարող է բողոքի այնպիսի ալիք բարձրացնել Երեւանում, որը կը հանգեցնի իշխանափոխութեան։
Հիմա, քանի որ արդէն վճարել են, Ադրբեջանի ղեկավարութիւնը կարող է հանդէս գալ պրիստիժային մեղադրանքներով ու սպառնալիքներով, եւ քանի որ արդէն վճարւել են, Հայաստանի ղեկավարութիւնը պարտաւոր է լռել մնացած գերիներին ազատ արձակելու մասին։
Զրոյցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐԵԱՆԻ